Կոնգրեսի նոր անդամներն արդեն ժամանում են Վաշինգտոն, երբ որոշ դեպքերում ձայները դեռեւս շարունակում են հաշվել: Ակնկալվում է, որ հանրապետականները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կստանան ձայների միայն չնչինչ առավելություն:
ԱՄՆ-ի այս տարվա միջանկյալ ընտրություններում հետաքրքիրն այն էր, որ դեմոկրատները, մեծ թվով կանխատեսումներին հակառակ, հաղթեցին առանցքային մի քանի մրցավազքում: Դրանով իսկ նրանք կանխեցին հանրապետականների, ինչպես վերջիններս են ասում` «ալիքը»: Հետաքրքրական մյուս փաստն այն է, որ հիմնականում պարտվեցին հանրապետական այն թեկնածուները, որոնց իր աջակցությունն էր հայտնել նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչպես նորընտիր կոնգրեսական, դեմոկրատ Ուիլեյ Նիքելն է ասում, ‘’Ժողովուրդը պարզապես մերժեց աջթեւային ծայրահեղականներին’’:
Ընտրությունների արդյունքում, երբ հաստատվի հանրապետականների մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, այստեղ խոսնակ կդառնա Քեւին ՄաքՔարթին:
Սենատում Միթչ ՄաքՔոնելը, որպես հանրապետական, կմնա փոքրամասնության առաջնորդը, քանի որ Սենատում մեծամասնություն են կազմում դեմոկրատները: Վերջիններիս հաղթանակը Նեւադա եւ Արիզոնա նահանգներում ունեցավ նշանակալի դեր: Իսկ դրա համար մեծ դեր խաղաց արհեստական վիժեցումները պաշտպանելու դեմոկրատների քաղաքականությունը:
Դեմոկրատ սենատոր Մարկ Քելլին հիշեցնում է, որ օրինակ Արիզոնայի կանայք երկար ամիսներ էին պայքարում հանուն աբորտ իրականացնելու իրենց իրավունքի պաշտպանության:
Եթե դեմոկրատ սենատոր Ռաֆայել Ուորնոքը հանրապետական մրցակից Հերշել Ուոքերին հաղթի դեկտեմբերի 6-ին ընտրությունների երկրորդ փուլում, դեմոկրատները ԱՄՆ-ի Սենատում կունենան 51, հանրապետականները`49 ձայն: Եթե Ուորնոքը պարտվի, ապա Սենատում կլինի ձայների հավասար բաշխում` 50-50: Սակայն այս դեպքում եւս դեմոկրատները հաղթանակած են դուրս գալիս, քանի որ ձայների հավասար բաշխման դեպքում վերջնական խոսքը տրվում է երկրի փոխնախագահին` այս դեպքում դեմոկրատ Քամալա Հարիսին: