Մատչելի հղումներ

Ամերիկացի բժիշկներն ու իրավապաշտպանները` աբորտների արգելքի հնարավոր հետևանքների մասին


Դյուքի համալսարանի ուսումնասիրության համաձայն՝ ԱՄՆ-ում առաջիկա տարիներին հղիության արհեստական ընդհատման սահմանադրական իրավունքի վերացումը կհանգեցնի մայրական մահացությունների 21% աճին: Սրա հետևանքով առաջինը կտուժեն աֆրոամերիկացի հղի կանայք, որոնց մահացությունը կարող է աճել 33%-ով։

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ երկրում աբորտների գրեթե 60%-ը արվում է 20-ից 29 տարեկան կանանց կողմից։ Ամենից հաճախ աբորտ կատարում են ցածր եկամուտ ունեցող կանայք, ովքեր չունեն բժշկական ապահովագրություն կամ հակաբեղմնավորիչների համար վճարելու միջոցներ: Ըստ «Gutmacher» համալսարանի հետազոտողների՝ բնակչության այս կատեգորիայի կողմից արվում է ԱՄՆ-ում աբորտների ընդհանուր թվի 75%-ը։

«Կանանց կողմից աբորտ անելու ամենատարածված պատճառներից մեկը երեխային մեծացնելու համար բավարար գումար չունենալն է», - ասել է սոցիալական հոգեբան և Սան Ֆրանցիսկոյի համալսարանի պրոֆեսոր Անտոնիա Բիգսը: «Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք, որոնց մերժում են աբորտի դիմել, բախվում են նոր ֆինանսական դժվարությունների հետ»:

Փորձագետները կարծում են, որ աբորտի արգելքը առաջին հերթին կազդի սևամորթ ամերիկուհիների վրա։ Ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի, նրանք ամենից հաճախ են գնում հղիության արհեստական ընդհատման ճանապարհով։

Ջալեսա Ջեքսոնը աշխատում է աբորտների ֆինանսավորման «ARC-Southeast» ընկերությունում: Նա ասում է, որ իրենց ծառայություններից օգտվող կանանց ավելի քան 80%-ը սևամորթ են։

«Նման իրավիճակի պատճառը ռասիզմն ու սեքսիզմն են, որոնք հանգեցնում են աշխատավարձի անհավասարության խնդրին»,- բացատրել է Ջեքսոնը:

Հունիսին Ջալեսա Ջեքսոնի ընկերությունից օգտվելու պահանջարկը հասել էր ռեկորդային թվերի։ Սակայն, նա ասում է, որ ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից աբորտի համազգային իրավունքը դադարեցնելու որոշումը ոչ միայն աշխատանք է ավելացրել իր թիմի համար, այլ նաև նրանց դրդել է ընդլայնել համայնքում արվող գործողությունները՝ կանանց տրամադրելով վերարտադրողական իրավունքներին առնչվող ուսուցման հնարավորություններ:

Ստեֆանի Միշելը աշխատում է Թեքսասում, որտեղ ներկայումս գործում են աբորտների մասին ամենախիստ օրենքները: Նախկինում նրա կլինիկայում բժիշկները հիմնականում զբաղվում էին աբորտներով։ Այժմ, եթե նա կամ նրա գործընկերները խախտեն աբորտների տեղական արգելքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում:

«Շատ հիվանդներ այժմ իրենց բժիշկներին չեն էլ փորձում հարցնել աբորտի մասին՝ վախենալով քրեական հետապնդումից», - ասել է Ստեֆանին: «Ինձ շատ բժիշկներ են զանգահարում բազում հարցերով: Նրանք վստահ չեն, թե ինչ կարող են անել նույնիսկ, եթե հարցը վերաբերում է օրենքով թույլատրված ընթացակարգերին»:

Ստեֆանին նաև մտավախություն ունի, որ աբորտների արգելքը կազդի բժիշկների հաջորդ սերնդի վրա, քանի որ նրանցից շատերը հնարավորություն չեն ունենա ստանալ բավարար գիտելիքներ և պրակտիկա` վերարտադրողական առողջության ոլորտում:

Հոդվածը պատրաստվել է Կարինա Բաֆրաջյանի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG