Այժմ, երբ Միացյալ Նահանգներում գործում են աբորտի մասին տարբեր օրենքներ, շատ կանանց համար աբորտ կատարելու միակ տարբերակն է գնալ այն նահանգներ, որտեղ աբորտը դեռ օրինական է: Նրանցից շատերը հույս ունեն տրանսպորտի համար ֆինանսավորումը ստանալ իրենց գործատուների կողմից:
Գերագույն դատարանի կողմից Ռոն ընդդեմ Ուեյդի որոշման չեղյալ համարելուց հետո, որոշ նահանգներ անհապաղ սկսեցին կիրառել աբորտների արգելքներ: Դա շատ ընկերությունների դրդեց իրենց աշխատակիցներին առաջարկել ճանապարհորդական գումար՝ աբորտները նահանգից դուրս կատարելու համար:
Նույնիսկ որոշման հրապարակումից առաջ,«Starbucks» ընկերությունը հավաստիացրել էր կին աշխատակիցներին, որ իրենց առողջապահական ծրագիրը կներառի «աբորտ ստանալու համար բժշկական ճանապարհորդության փոխհատուցման նպաստ»:
Նույնը օրինակին է հետևել նաև «Procter & Gamble»ը: Առողջապահական արտադրանքի այս ընկերությունն արդեն ֆինանսապես ապահովում է ճանապարհորդությունները օրգանների փոխպատվաստման և այլ առողջական ընթացակարգերի համար և խոստանում է ավելի ընդլայնել ծածկույթը հաջորդ տարի:
Հարկ է նշել, որ հղիության արհեստական ընդհատման համար ճանապարհորդական միջոցներ փնտրող կանանց ինքնությունը պաշտպանված է գործող դաշնային օրենքով:
Թեքսասում աբորտների մեծ մասի օրենքի արգելքի պատճառով, «Salesforce» ընկերության գործադիր տնօրենն առաջարկել էր իր աշխատակիցներին աբորտի անհրաժեշտության դեպքում նրանց օգնել և տեղափոխել մեկ այլ նահանգ: Սակայն, այդ նույն Թեքսասի և այլ նմանատիպ նահանգների օրենքները քրեականացնում են յուրաքանչյուրին, ով «օժանդակում կամ խթանում է» աբորտը:
«Արդեն տեսնում ենք, որ այս քրեական օրենսդրություններից մի քանիսը կիրառման համար չափազանց անորոշ են»,- ասել է «Segal Group»-ի գործատուների առողջության պահպանման նպաստների առաջատար փորձագետ փաստաբան Քեթրին Բակիչը:
Ապահովագրական ընկերությունները ենթակա են իրենց նահանգի օրենքներին, ուստի շատ փորձագետներ ասում են, որ նահանգները կարող են արգելել ճանապարհորդական նպաստներով ապահովագրությունը, ինչը պետք է հաշվի առնել, որ կարող է անդրադառնալ ընկերության խնայողական ծրագրերի վրա:
«Ընկերությունները նույնպես հասկանում են, որ դա տնտեսապես բխում է իրենց շահերից: Ավելի էժան է վճարել 500 դոլար՝ օգնելու գնալ այլ նահանգ և աբորտ անել, քան հոգալ հղիության հետ կապված մյուս բոլոր ծախսերը»,- ասել է «Case Western Reserve» համալսարանից Մաքսվել Մեհլմանը:
Գործատուների կողմից աբորտների ճանապարհորդության քաղաքականության հարցերով հանրությանը դիմելը նույնպես դժվար որոշում է: Այդ քայլը կարող է գրավել պոտենցիալ աշխատակիցների, սակայն միաժամանակ հնարավոր է վիրավորել պահպանողական հաճախորդներին:
Հոդվածը պատրաստվել է Քերոլին Պրեսուտիյի նյութի հիման վրա: