Մատչելի հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ազգային պաշտպանության ֆինանսավորման 800 միլիարդ դոլարի օրինագիծ


Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի օրն ընդունել է օրինագիծ, որը հաջորդ տարի կբարձրացնի ԱՄՆ պաշտպանության ծախսերը մինչև 800 միլիարդ դոլարը: Դա 37 միլիարդ դոլարով ավելի է քան նախագահ Ջո Բայդենի առաջարկած 773 միլիարդ դոլար բյուջեի ծրագիրը:

Պաշտպանության ազգային լիազորությունների ակտը (NDAA) սահմանում է Պենտագոնի բյուջեի չափը: Որոշման ընդունմանը քվեարկել են 329 կոնգրեսական, որոնցից դեմ են եղել 101-ը։ Այս հարցի շուրջ Սենատի քվեարկությունը դեռ տեղի չի ունեցել, սակայն Սենատի Զինված ծառայությունների կոմիտեն առաջարկել է բյուջեի էլ ավելի՝ 45 միլիարդ դոլարի ավելացում:

Պալատները վերջնական գումարը կորոշեն համատեղ նիստում, իսկ փոխզիջումային օրինագիծը քվեարկության կդրվի տարվա վերջին Ներկայացուցիչների պալատում և Սենատում:

Պաշտպանության ազգային լիազորությունների ակտը Կոնգրեսի կողմից ամեն տարի ընդունվող ամենակարևոր օրենսդրություններից մեկն է: Այն որոշում է ամեն ինչ՝ նավերի և ինքնաթիռների գնումից մինչև զինվորական վարձատրության բարձրացում և աշխարհաքաղաքական խնդիրների լուծում:

Օրինակ այս տարի Ներկայացուցիչների պալատի կողմից ներկայացված օրինագիծը դատապարտել է Բայդենի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ։ Օրենսդիրները հավանություն են տվել ուղղման ծրագրին, որը սահմանափակում է Բայդենի վարչակազմի կողմից Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու հնարավորությունը։

Ըստ «Politico» լրատվականի, օրինածիծը ընդունվել էր 244-179 հարաբերակցությամբ, որին աջակցել էին 184 դեմոկրատ: Դրույթը օրենք դառնալու դեպքում, Բայդենը պետք է ապացուցի, որ վաճառքը չափազանց կարևոր է ԱՄՆ ազգային անվտանգության համար:

Օրենսդիրները նաև հաստատել են Իրաքում պատերազմ սկսելու 2002 թվականի թույլտվությունը չեղյալ համարելու և զինվորականների աշխատավարձերը 4,6%-ով բարձրացնելու դրույթները։ Օրինագիծը նաև ուժի մեջ է դրել Բայդենի գործադիր հրամանը, ըստ որի դաշնային պաշտպանության նախարարության կապալառուներ նվազագույն աշխատավարձը կբարձրանա՝ դառնալով ժամում 15 դոլար:

Ռազմական ծախսերի ավելացմանը դեմ կոնգրեսականները դեմ են նոր օրինագծին:

«Ազգային պաշտպանության ֆինանսավորման ակտը ցույց է տալիս, որ մենք չափազանց շատ ենք ծախսում ռազմական լուծումների վրա՝ դիվանագիտության և մարդկանց կարիքները բավարարելու մասին մտածելու փոխարեն», - ասել է Դեմոկրատական կուսակցության խոսնակ, Կոնգրեսի առաջադիմական խմբի առաջնորդ Էնդի Լևինը, ով դեմ է քվեարկել օրինագծի ներկայիս տեսքով ընդունմանը:

Հոդվածը պատրաստվել է «Reuters» և «Politico» լրատվականների նյութերի հիման վրա:

XS
SM
MD
LG