Հաջորդ տարվա ընտրությունները նախագահ Ջո Բայդենը բնութագրել է որպես պայքար ամերիկյան ազգի «հոգու» համար: Նրա քարոզարշավի կենտրոնում այս թեզն է, ինչպես ևաև ժողովրդավարության, աբորտ կատարելու իրավունքի և իր տնտեսական նվաճումների առջև ծառացած սպառնալիքների դեմն առնելը։
Ընտրությունների օրվան մոտենալուն զուգահեռ՝ նախագահ Ջո Բայդենը փորձում է համոզել ընտրողներին, որ բարելավել է նրանց կյանքը՝ աշխատատեղեր ստեղծող օրենսդրության, աբորտների իրավունքը պաշտպանող, երկրում օրինական զենքի շրջանառության անվտանգությունը բարձրացնող իր ջանքերի և ժողովրդավարությունը սատարելու իր աշխատանքի միջոցով:
Դիտորդների խոսքով, Բայդենն արծարծում է պարզ մարդկանց հուզող խնդիրները՝ նրանց հետ խոսելով հասկանալի լեզվով։
Օրինակ, երբ նա ԱՄՆ Սահմանադրության ծննդավայր Ֆիլադելֆիայում հայտարարեց, թե մի անգամ հրշեջներն ուղղակի փրկեցին իր տունը հրկզիվելուց:
Կամ երբ նա այցելեց իրեն ամենից սուր քննադատող հանրապետականներից մեկի հարազատ շրջան՝ ներկայացնելու իր ջանքերը կլիմայական խնդիրները հաշվի առնող աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ։
«Պատմական ներդրումները, որոնց մասին այսօր խոսում ենք, կոնգրեսական [Լորեն] Բոբերտի շրջանում են: Նա [հանրապետականների] ծայրահեղ «MAGA» («Make America Great Again», «Ամերիկան կրկին դարձնենք հզոր») շարժման առաջնորդներից է, և իր հանրապետական գործընկերների հետ միասին դեմ քվեարկեցին այն օրենքին, որը հնարավոր դարձրեց այս ներդրումները»,- հայտարարել է նախագահ Ջո Բայդենը։
Բայդենին կարելի էր տռեսնել ամենուր՝ անգամ խուլ գյուղական վայրերում, ուր նա խոսում էր աշխատատեղերի աճը խթանող միջոցառումների մասին։
Նստած Սպիտակ տանը՝ նա, կարծես, վստահ է, որ կարող է հաղթել իր ամենահավանական մրցակցին՝ ԱՄՆ նախկին, հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին:
Լրագրողը հարցնում է. «Պարոն նախագահ, ի՞նչ եք կարծում, կա՞ որևէ դեմոկրատ, որը կարող է հաղթել Դոնալդ Թրամփին, բացի ձեզնից»:
Ահա, թե ինչ ասաց Բայդենը․ «Նրանցից հավանաբար 50-ը [կարող են այդ անել]… Միակը չեմ, ով կարող է հաղթել նրան, բայց ես կհաղթեմ նրան»:
ԱՄՆ բազմաթիվ ընտրողների համար այդ ամենը, կարծես, թվերի հարց է: Հարցումների համաձայն, շատերն են անհանգստացած երկրի տնտեսությունում առկա իրավիճակով, իսկ ոմանք կենտրոնացել են մեկ թվի ուղղությամբ, որը Բայդենի վարչակազմը պարզապես չի կարող փոխել՝ նրա տարիքը:
Թրամփից չորս տարով մեծ 81-ամյա Բայդենը ընտրությունների օրը հինգ տարով մեծ կլինի ԱՄՆ նախագահի պաշտոնը երբևէ զբաղեցրած ամենատարեց մարդուց՝ Ռոնալդ Ռեյգանից:
Դեմոկրատների կազմակերպած սոցհարցումների համաձայն, այս մտահոգությունները ծանրացնում են Բայդենի վիճակը, և այս ֆոնին՝ ներկայում է, այսպես կոչված, տատանվող նահանգնրում առաջատարը Թրամփն է։
«Ընտրողներին վանում է մեր թեկնածուներից տարիքը: Սակայն կարծում եմ, տարիքի հետ կապվածը ավելի լայն դժգոհության մի մասն է։ Մարդիկ ասում են՝ «Օ, ոչ, դարձայլ»: Նորի՞ց Թրամփն ընդդեմ Բայդենի՞․․․»,- նշում է Էվան Ռոթ Սմիթը՝ «Blueprint Head Pollster»-ից։
Իր հերթին՝ Թրամփը, որ ներկայում բազմաթիվ դատաքննությունների ներքո է, շարունակում է իր ակտիվ քարոզարշավը։
«Միգուցե տարօրինակ է հնչում, բայց նա խաղում է կարոտախտի վրա․․․ թե երբ ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփն էր, գներն ավելի ցածր էին, Մերձավոր Արևելքում պատերազմ չկար, Ռուսաստանը չէր ներխուժել Ուկրաինա, Չինաստանն այսչափ մկանուտ չէր և այլն»,- ասում է Էվան Ռոթ Սմիթը:
Մյուս կողմից՝ վերջերս Բայդենը ավելի հաճախ է կենտրոնանում նախկին նախագահի ուղղությամբ` օգտագործելով Թրամփի այն խոսքերը, թե ինչ կաներ ինքը՝ Թրամփը, եթե մեկ օրով լիներ բռնապետ։
Ի դեպ, այս մեկնաբանության առնչությամբ Սպիտակ տունը փոխանցել է «Ամերիկայի ձայնին», թե այն սխալ է:
Ահա թե ինչ է ասել Թրամփը։ Հեռուստահաղորդավար Շոն Հանիթին հարցնում է. «Դուք խոստանո՞ւմ եք, որ երբեք չեք չարաշահի իշխանությունը որևէ մեկի դեմ»:
Թրամփն արձագանքում է. «Բացառությամբ առաջին օրը․․․»։
Հանիթին փորձում է հստակեցնել. «Ի՞նչ նկատի ունեք․․․»։
Թրամփ. «Ես ուզում եմ փակել սահմանը և հորատել, հորատել, հորատել»։
Ինչևէ, հստակ է մի բան՝ որևէ մեկի հաղթանակի պարագայում ամերիկացի ընտրողների համար նորություն չի լինի, թե ինչպիսի նախագահ է կառավարելու երկրը։