ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի իր գործընկերոջը՝ Վոլոդիմիր Զելենսկուն հրավիրել է Սպիտակ տուն՝ քննարկելու ռուսական ագրեսիայի դեմ պայքարը և Կիևին ցուցաբերվող ԱՄՆ աջակցության «կենսական անհրաժեշտությունը»։
Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 12-ին։
Սպիտակ տան հայտարարությունից տեղեկանում ենք, որ Բայդենն ու Զելենսկին քննարկելու են Ուկրաինայի «հրատապ կարիքները»:
«Քանի որ Ռուսաստանն ընդլայնում է Ուկրաինայի դեմ հրթիռների և անօդաչուների կիրառումը, առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի հրատապ կարիքները և ԱՄՆ կողմից [ցուցաբերվող] շարունակական աջակցության կենսական անհրաժեշտությունը՝ այս բեկումնային պահին»,- ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերի հայտարարությունում:
ԱՄՆ Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը և հանրապետական փոքրամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելը հրավիրել են Ուկրաինայի նախագահին երեքշաբթի առավոտյան ելույթ ունենալ Կոնգրեսի վերին պալատի առջև: Նախատեսվում է, որ Զելենսկու հետ կհանդիպի նաև Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը։
Ուկրաինայի նախագահի վաշինգտոնյան բանակցությունների առանցքային թեմաներից են լինելու Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև պաշտպանական համագործակցության հարցերը, «մասնավորապես՝ սպառազինության, հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության համատեղ նախագծերը, ինչպես նաև՝ գալիք տարում մեր երկրների միջև ջանքերի համակարգումը»:
Զելենսկու այցը Վաշինգտոն մեկնարկեց Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի և շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Չարլզ Բրաունի հետ հանդիպումից:
«Մենք քննարկել ենք գլոբալ անվտանգության մարտահրավերները, ռազմաճակատի զարգացումները և պաշտպանության ոլորտում ուկրաինա-ամերիկյան հետագա համագործակցությունը։ Երախտապարտ եմ Միացյալ Նահանգներին մեր պայմանավորվածությունների կատարման համար, հատկապես հակաօդային պաշտպանության ամրապնդման հարցում, ինչպես նաև քարտուղար Օսթինին և գեներալ Բրաունին իրենց անձնական առաջնորդության համար»,- գրել է Զելենսկին «Telegram»-յան իր ալիքում։
Reuters գործակալությամբ փոխանցմամբ, Ուկրաինայի նախագահն ու ԱՄՆ պաշտպանության նախարարը ելույթ են ունեցել Վաշինգտոնի Ազգային պաշտպանության համալսարանում: