Գրեթե երկու տարի է անցել, երբ Կրեմլը սկսեց լայնածավալ ագրեսիան, կամ ինչպես ռուսաստանցիներն են ասում՝ «հատուկ ռազմական գործողությունն» Ուկրաինայի դեմ, և Ռուսաստանի բնակչության մեծամասնությունը, կարծես, հարմարվել է պատերազմական ժամանակաշրջանի սթրեսներին՝ ձգտելով մտովի հեռու մնալ ռազմաճակատից։
Բայց զուգահեռաբար՝ Ռուսաստանի քաղաքացիների շրջանում պտտվող խոսակցությունները՝ խաղաղության հաստատման անհրաժեշտության, կամ գոնե Ուկրաինայի հետ բանակցությունների մեկնարկի մասին, ավելի հաճախակի են դարձել:
«Այլընտրանքային իրականություն. ինչպե՞ս ռուսաստանյան հասարակությունը սովորեց չմտահոգվել պատերազմի պատճառով» հոդվածի համահեղինակները՝ Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Անդրեյ Կոլեսնիկովը և «Լևադա» կենտրոնի տնօրեն Դենիս Վոլկովը քննարկել են ժամանակակից ռուսաստանյան հասարակությունում տիրող մթնոլորտը:
Հրապարակմամբ նրանք փորձել են նկարագրել Ռուսաստանում ստեղծված այն իրավիճակը, որը ձևավորվել է նախորդ երկու տարիներին՝ Կրեմլի պարտադրած գաղափարների ու խոսույթների ներքո։
Այսօր ի՞նչ է կատարվում ռուսաստանցիների մեծամասնության գիտակցությունում
Մեկ տարի առաջ ռուսաստանյան հասարակության մի ստվար զանգված նախընտրում էր «թաքնվել լուրերից»։ Այսօր այդ մարդիկ ապրում են այլընտրանքային «իրականությունում», ուր ռուս ժողովուրդը իբր «մեսիայի դեր է տանում՝ պաշտպանվելով Արևմուտքից, որը ձգտում է ոչնչացնել նրան»։
Անդրեյ Կոլեսնիկովը սկիզբ առնող պատերազմի երրորդ տարին բնութագրեց որպես մի շրջան, երբ ռուսաստանցիների մեծամասնությունը հարկադրաբար հարմարվելու է իրականությանը․ «Մարդիկ հասկացան, որ պատերազմը երկար է շարունակվելու, և, հետևաբար, միացրեցին իրենց ներքին պաշտպանությունը։ Նրանք «հասկանում» են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հիմնավորումները, որոնք գալիս են հենց վերևից՝ նախագահից, տարբեր պաշտոնյաներից, հեռուստատեսությամբ և սոցցանցերով՝ կրեմլամետ հանրության միջոցով»։
Կոլեսնիկովի գնահատմամբ, մարդիկ «կենտրոնացել են իրենց անձնական կյանքի վրա, և այդ երևույթը լավ են հասկանում Կրեմլում»․ «Մինչև այս՝ [ընթացիկ] նախագահական քարոզարշավի ավարտը, Կրեմլը չի կենտրոնանալու, և չեմ կարծում, որ Կրեմլը գիտի, թե ապագայում քաղաքական ինչ գիծ է վարելու։ Այս պահին սոցիալական պայմանագիրը մնում է ուժի մեջ՝ հանգիստ կյանք՝ առաջնորդին և ռեժիմին աջակցելու դիմաց»:
Ինչպե՞ս է պատերազմի ժամանակ Կրեմլին հաջողվում կայունություն պահպանել հանրության շրջանում
Դենիս Վոլկովի խոսքով, գլխավոր պատճառը «տնտեսական կայունությունն է, որի պահպանմանն ուղղվել են մեծ ռեսուրսներ, հատկապես՝ լայնամասշտաբ ներխուժման առաջին ամիսներին [տնտեսվարողների մոտ] ծագած խուճապից հետո»։
Սոցիոլոգը նշեց, պուտինյան ռեժիմի հիմնական խնդիրը պետական մարմինների ու ռազմա-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատակիցներին, և ամենակարևորը, այսպես կոչված, «հառուկ ռազմական գործողության» մասնակիցներին գումար բաժանելն է։
Վոլկովի խոսքով, քանի որ այդ մարդիկ հիմնականում Ռուսաստանի աղքատ գյուղերից և փոքր քաղաքներից են, նրանց եկամուտները աճել են՝ համեմատած մինչպատերազմական ժամանակաշրջանի հետ․ «Չնայած գնաճին, առաջին անգամ՝ իր կյանքի ընթացքում բնակչության մի զգալի մասն իրեն ավելի լավ է զգում։ Բացի այդ, ի սկզբանե, համարվել է, որ պատերազմը հրահրել, նախաձեռնել են Արևմուտքն ու ԱՄՆ-ն, ոչ թե Ռուսաստանը: Այս սխեմայում Ռուսաստանը «պաշտպանական և արդար պատերազմ է վարում», իսկ Պուտինը դիտվում է որպես «Ռուսաստանի ու Դոնբասի ռուսների պաշտպան»»:
Անդրեյ Կոլեսնիկովը շարունակեց․ «Ռուսաստանյան այսօրվա տնտեսության կախվածությունը պետությունից ավելի մեծացավ պատերազմի ժամանակ, բայց դա խնդիրներ է ստեղծում պետբյուջեի համար, որն էլ բնակչության հավատարմության երաշխիքն է»։
«Մինչ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը տարբեր հնարքներ է կիրառում բյուջեի դեֆիցիտը փոքրացնելու համար՝ նրանք ստեղծում են, մի տեսակ, նոր միջին խավ։ Դրանք մարդիկ են՝ Անվտանգության դաշնային ծառայությունից, բանակից, ազգային գվարդիայից, դատախազությունից, որոնք պատրաստ են աջակցել այս ռեժիմին՝ իրենց պաշտպանելու համար։ Միլիոնավոր մարդիկ աշխատում են պետության համար: Դրանք բյուջեից կախված մարդիկ են՝ ուսուցիչներ, բժիշկներ, պետական աշխատողներ։ Նրանք կարող են լայն աջակցություն ապահովել նախագահական ընտրությունների ժամանակ։ Իհարկե, ռազմաճակատում կորուստները կարող են սասանել վստահությունը իշխանությունների նկատմամբ, բայց ոչ ոք չգիտի այդ կորուստների իրական թիվը։ Մարզերում ասում են՝ մեզ վրա հարձակվել են, մենք կռվում ենք, մենք պետք է պաշտպանենք մեր երկիրը, մեր գործը երկիրը պաշտպանելն է, դա մեր տղաների, ամուսինների պարտքն է։ Թեև այստեղ էլ իրականության ըմբռնման որոշակի դրսևրումներ երևան եկան, օրինակ՝ զորակոչվածների ընտանիքների փոքրիկ շարժումը։ Նրանք բացահայտ դժգոհություն են արտահայտում։ Բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև ազգային հանրապետություններում՝ Յակուտիայում և Բաշկորտոստանում։ Բողոքավոր շարժումն այժմ փխրուն է, բայց չգիտենք, թե ինչ նորություններ, ինչ գործոններ կարող են փոխել իրավիճակը երկրում և ռուսաստանցիների մեծամասնության առջև բացել դաժան իրականությունը»,- ասում է Կոլեսնիկովը:
Դենիս Վոլկովի կարծիքով, «առաջնագծին [հարող] շրջաններում և քաղաքներում մարդիկ ավելի «զայրացած են Ուկրաինայի վրա», և արդյունքում՝ աջակցում են Ռուսաստանի կառավարությանը»:
«Լևադա» կենտրոնի տնօրենի խոսքով, իր ղեկավարած խմբի հետազոտությունները ցույց են տալիս, որ «երբ սկսվեցին ռուսաստանյան քաղաքների ռմբակոծությունները, անօդաչուների հարձակումները, բանակցություններին կողմ արտահայտվողների թիվը նվազեց, թեև մինչ այդ՝ [առաջին] վեց ամսվա ընթացքում այն աճել էր մինչև 55%»։
«Հասարակությունում նկատվում է հոգնածություն»,- նշեց Վոլկովը՝ միաժամանակ ընդգծելով, որ մարզերում իրավիճակը փոքր ինչ այլ է, և այնտեղի մարդիկ իշխանությունենրի մասին մտածում են՝ «նրանք գիտեն, թե ինչ են անում այնտեղ»։
Ո՞վ է Բորիս Նադեժդինը
Անդրեյ Կոլեսնիկովը «հետաքրքիր և անսպասելի» համարեց Նադեժդինի հրապարակ իջնելը․ «Նա այնքան էլ ճանաչված չէր Ռուսաստանում, չնայած այն հանգամանքին, որ մասնակցում էր հեռուստատեսային թոք շոուներին ու երկար տարիների քաղաքական գործիչ է եղել։ Ազատական հայացքների տեր մարդ է ու հիմա թեկնածու է դարձել։ Նա դարձել է այն հնարավորությունը, որի միջոցով մարդիկ կարող են իրենց դժոգոհությունն արտահայտել ռեժիմից՝ [ընտրելով Նադեժդինին]»։
Ըստ Կոլեսնիկովի, «Նադեժդինին աջակցելը՝ ազատական, հակապատերազմական և հակապուտինյան հայացքների բացահայտ ցուցադրություն է»։
Դենիս Վոլկովը, սակայն, Կրեմլի համար անվնաս է համարում Նադեժդինի առաջադրվելը․ «Նրա առաջադրումը կմեծացնի մասնակցայնությունն ընտրություններին։ Պատերազմը հանգեցրել է Պուտինի շուրջ, պետության շուրջ հանրության համախմբմանը։ Մեկուկես ամսում, իհարկե, դեռ շատ բան կարող է փոխվել, սակայն այն, ինչ մենք տեսնում ենք, ռուսական աճող ազգայնականությունն է»։
«Լևադա» կենտրոնի հարցումները վկայում են հակասական պատկերի մասին, այն ռուսաստանցիները, ովքեր կարծում են, թե «հատուկ ռազմական գործողությունն» ավելի շատ վնաս է տվել, քան օգուտ», միաժամանակ կողմ են կառավարության որոշումներին և նախաձեռնություններին։
Անդրեյ Կոլեսնիկովը նման իրավիճակը «ռուսաստանցիներին բնորոշ» է համարում․ «Մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչու են հայտնվել նման իրավիճակում։ Նրանք ասում են՝ «մեր տղաները այնտեղ են, չենք կարող նրանց դեմ լինել»: Բացի այդ հնարավոր չէ չափել կամ հաշվարկել, թե որքան ուժեղ է վախը միջին վիճակագրական ռուսաստանցու մոտ։ Ընդ որում, ոչ բոլորն են կարծում, թե գտնվում են համակենտրոնացման ճամբարում։ Մեծամասնությունը դեռ կարծում է, որ ապրում է քիչ թե շատ ժողովրդավարական պետությունում, և որ հնարավորություն ունի չվախենալ իշխանություններից, իսկ իշխանությունները «բանտարկում են» այլ մարդկանց, «օտարերկրյա գործակալներին, վատ մարդկանց, ովքեր փորձում են պառակտել մեզ»։
Վոլկովը հիշեցրեց․ «Ռուսաստանցիների միայն 20%-ն է հետաքրքրված քաղաքականությամբ և փորձում է հետևել նորություններին»․ «Նրանցից շատերը քաղաքական իրադարձությունների վերաբերյալ սեփական տեսակետ չունեն և մեծապես հիմնվում են այն ամենի վրա, ինչ գրում են կրեմլամետ լրատվամիջոցները: Մեծամասնությունը հակված է աջակցել ռեպրեսիվ օրենքների ընդունմանը, բայց դրանք ռեպրեսիվ չեն համարվում, քանզի ընդունված են, այդ մարդկանց կարծիքով, պետությունն ու շարքային քաղաքացիներին պաշտպանելու համար»։
«Ռուսաստանում մարդկանց մեծ մասը դեռ հակված է հավատալ պետական հեռուստատեսությանը, անգամ՝ պետության կողմից աջակցվող բլոգերներին, որոնք այժմ ակտիվ են համացանցում, «YouTube»-ում, «ВКонтакте»-ում: Վերջինս Ռուսաստանում ամենահայտնի սոցցանցն է, պետությունը մեծ գումարներ է հատկացնում դրան՝ օգտատերերին վերահսկելու համար»,- ասում է Դենիս Վոլկովը։
Ի՞նչ է սպասում ռուսաստանցիների մեծամասնությունը
Անդրեյ Կոլեսնիկովի կարծիքով, «բազմաթիվ ռուսաստանցիների համար գլխավոր հարցն այն է, թե ինչ կլինի ընտրություններից հետո»։
Միաժամանակ, ըստ Կոլեսնիկովի, ռուսաստանցիների մեծամասնությունը չի ընդունում, որ Մոսկվան կարող է պարտվել պատերազմում, և անգամ բանակցությունների մասին շատերը մտածում են՝ «պատկերացնելով դրանք ռուսական հաղթանակի ֆոնին», և որ «Ուկրաինայի որոշ տարածքներ կանցնեն Ռուսաստանին»։
Անդրեյ Կոլեսնիկովի խոսքով, իշխանություններն էլ «վստահ են, որ ունեն ռեսուրսներ՝ պատերազմը շարունակելու համար»։
Սակայն այսքանով հանդերձ, օրինակ, Դենիս Վոլկովը պնդում է, թե ռուսաստանցիների մեծամասնությունը չի ցանկանում «շատ բան զոհաբերել», և կցանկանար խուսափել պատերազմին անձնապես մասնակցելուց: