Մատչելի հղումներ

Պետդուման ընդունել է «կեղծ լուրերի տարածման համար» գույքի բռնագրավման մասին օրինագիծը


Ռուսաստանի Պետդումա
Ռուսաստանի Պետդումա

Փորձագետներն ուշադրություն են հրավիրում՝ փաստաթղթում ձևակերպումները չափազանց անորոշ են։

Չորեքշաբթի Ռուսաստանի Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ՝ գրեթե միաձայն (395 կողմ, 3 դեմ) վավերացրեց ռուսաստանցիների ունեցվածքի բռնագրավման մասին օրինագիծը։

Օրենքը նախատեսում է մարդկանց գույքը բռնագրավել՝ «ռուսական բանակի մասին կեղծիքներ տարածելու և այն վարկաբեկելու, Ռուսաստանի դեմ ծայրահեղական և պատժամիջոցների կիրառման մասին կոչերի, դասալքության, հրամաններին չկատարման, անցանկալի կազմակերպությանը անդամակցելու» և այլնի համար։

Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով, պատգամավորների առաջարկած փոփոխությունների համաձայն, «օտարման» են ենթակա նաև ֆինանսական միջոցներն ու թանկարժեք իրերը։ Բացի այդ, փաստաթուղթը իրավունք կտա նման մեղադրանքներով դատապարտվածներին զրկել պատվավոր կոչումներից։

Դիտորդները վստահ են, օրենքը կարող է կիրառվել հարյուրավոր մարդկանց նկատմամբ: Ըստ «OVD-Info»-ի, Ռուսաստանում առնվազն 830 մարդու նկատմամբ քրեական գործեր են հարուցվել՝ հակապատերազմական դիրքորոշում արտահայտելու համար։ Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիայի մեկնարկից ի վեր՝ նախորդ մոտ երկու տարվա ընթացքում Ռուսաստանի քննչական կոմիտեն միայն «կեղծիքների» հոդվածով ավելի քան 270 գործ է հարուցել։

Ռուսաստանյան դատարանները երկրի զինված ուժերի «վարկաբեկում» են ճանաչում պատերազմի դեմ ուղղված գրեթե ցանկացած խոսք, ցանկացած կարծիք, որը չի համապատասխանում Կրեմլի պաշտոնական գծին և պաշտպանության նախարարության գնահատականներին։

Պրահայում գործող Չարլզի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի դասախոս Դմիտրի Դուբրովսկու ներկայացմամբ, հապճեպ ընդունելով նման օրենք՝ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են իրականացնել իրենց վաղեի նպատակը՝ ահաբեկել հնարավորինս շատ քաղաքացիների, և պուտինյան ռեժիմը պարզապես փորձում է վերականգնել սեփականության բռնագրավման խորհրդային գործելակերպը․ «Այսինքն, գոյություն ունի բռնաճշումները «մոնետիզացնելու» ցանկություն։ Ահաբեկումից զատ, պետք է լուծել դատարկ գանձարանը լցնելու հարցը։ Աստիճանաբար ավելի քիչ ժամանակ է պահանջվում իշխանությունների առաջարկած օրենքը հաստատելու համար։ Իսկ այս դեպքում նախաձեռնությունը հաստատ վերևից է գալիս: Ռուսաստանի խորհրդարանն դարձել է օրինագծերը արագ և լուռ դակող մի մարմին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կրկնօրինակը»։

Ըստ Դուբրովսկու, իրավական տեսանկյունից գույքի բռնագրավումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ապացուցվի, որ այն ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով կամ հանցագործություն կատարելու գործիք է եղել:

Միաժամանակ, սոցիոլոգը քիչ հավանական է համարում, որ այսօրվա՝ պուտինյան Ռուսաստանում նման բռնաճշումները կարող են համատարած լինել, քանի որ այն կարող է դառնալ բավականին բարդ ու թանկ հաճույք է վարչախմբի համար։ Բայց ցուցադրական բռնագրավումները միանգամայն հնարավոր են, որպեսզի մյուսները «դասեր քաղեն»։

Իրավապաշտպան Օլեգ Էլանչիկի կարծիքով, օրենսդրական փոփոխությունների հրատապ ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանում նախագահական ընտրություններին մնացել է մոտ մեկուկես ամիս․ «Փաստաթուղթը նախատեսված է հիմնականում համառ քաղաքացիներին լռեցնելու համար։ Կարծում եմ, Կրեմլին առաջին հերթին անհանգստացնում է ռուսական նոր էմիգրացիայի ակտիվությունը։ Արտերկրում գտնվող մարդիկ ավելի ազատ են խոսում, բայց նրանցից շատերը դեռ ունեցվածք ունեն Ռուսաստանում, այդ թվում՝ հայտնի մարդիկ։ Նույն՝ Մաքսիմ Կացը, կամ բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք տեղափոխվեցին արտասահման։ [Կարծում եմ,] էական նշանակություն ունեցավ, թե քանիսն իմացան [Բորիս] Նադեժդինի համար ստորագրահավաքի արշավի մասին և ի վերջո եկան նրան աջակցելու՝ ցույց տալով ողջ աշխարհին նրա ու Պուտինի տարբերությունը»:

Էլանչիկն ընդգծում է, բռնագրավման մասին օրենքի ձևակերպումները չափազանց անորոշ են, ինչը նշանակում է, որ այն կարելի է հնարավորինս լայն կիրառել․ «Խոսքը ոչ միայն բանակի մասին «կեղծիքների» կամ «վարկաբեկման», այլ նաև «հակառուսական քարոզչության», «Ռուսաստանի Դաշնության դեմ գործողություններ ձեռնարկելու կոչերի» մասին է։ Իհարկե, սա խորապես հակասահմանադրական գործընթաց է, քանի որ հայտարարված միջոցառումներն ուղղված են մասնավոր սեփականության իրավունքի կամայական սահմանափակմանը, խոսքի ազատության և տեղեկատվության տարածման դեմ, չեն ծառայում իրավունքների և ազատությունների պաշտպանությանը և պայմանավորված չեն սահմանադրական կարգի կամ հասարակական անվտանգության պաշտպանության իրական անհրաժեշտությամբ»:

Սակայն Օլեգ Էլանչիկը վստահ է, օրենքի հիմնական նպատակն է ահաբեկված պահել Ռուսաստանի բնակչությանը։

Օրինագիծը ուժ ստանալու համար դեռ պետք է անցնի երկրի խորհրդարանի վերին պալատով՝ Դաշնության խորհրդով ու ստանա նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությունը։

XS
SM
MD
LG