Մատչելի հղումներ

Ինչպե՞ս է Ուկրաինան պայքարում ռուսական ապատեղեկատվության դեմ


Տևական ժամանակ է, ինչ Կիևը ռուսաստանյան ապատեղեկատվության և քարոզչության դեմ պայքարի առաջնագծում է։
Տևական ժամանակ է, ինչ Կիևը ռուսաստանյան ապատեղեկատվության և քարոզչության դեմ պայքարի առաջնագծում է։

Արևմտյան հետազոտական կենտրոնները զեկույց են ներկայացրել Կրեմլի քարոզչության դեմ պայքարի մեթոդների և փորձի մասին։

Տևական ժամանակ է, ինչ Կիևը ռուսաստանյան ապատեղեկատվության և քարոզչության դեմ պայքարի առաջնագծում է։ Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր, որի սկիզբը ճիշտ կլինի համարել 2014 թվականի գարունը, իր քարոզչամեքենայի զգալի մասը Կրեմլն ուղղեց Ուկրաինայի դեմ, իսկ 2022 թվականի փետրվարից՝ Մոսկվայի լայնածավալ ագրեսիայից ի վեր, տեղեկատվական պայքարը թևակոխեց լիովին նոր փուլ։

Այդուհանդերձ, Ուկրաինան դիմակայեց՝ ինչպես ռազմաճակատում, այնպես էլ՝ Կրեմլի քարոզչական գրոհներին:

2023 թվականի վերջին «Հիբրիդային սպառնալիքներին հակազդելու եվրոպական գերազանցության կենտրոնը» (European Centre of Excellence for Countering Hybrid Threats) և «Ատլանտյան խորհրդի» «Թվային քրեագիտության հետազոտական լաբորատորիան» (Atlantic Council Digital Forensic Research Lab) հարցում են անցկացրել ուկրաինացի պաշտոնյաների և փորձագետների շրջանում, որոնց խնդիրն է հակազդել Ռուսաստանի ապատեղեկատվությանը:

Արդյունքում պատրաստվել է զեկույց, որն ամփոփում է նրանց աշխատանքը, մեթոդները և փորձը, որոնք կարող են արդյունավետ լինել նաև արևմտյան կառավարությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, որոնք նույնպես դիմակայում են ռուսական ապատեղեկատվական արշավներին:

Ինչպե՞ս է Ուկրաինան պայքարում ռուսական ապատեղեկատվության դեմ
please wait

No media source currently available

0:00 0:06:13 0:00

«Ինչպե՞ս է Ուկրաինան պայքարում ռուսական ապատեղեկատվության դեմ. մեղուների պարսն ընդդեմ մամոնտի» վերնագրով զեկույցը ներկայացվել է հունվարի 29-ին՝ Ատլանտյան խորհրդում կայացած քննարկմանը:

Հիբրիդային սպառնալիքներին հակազդելու եվրոպական գերազանցության կենտրոնի ներկայացուցիչ Յակուբ Կալենսկին Ռուսաստանը որակել է «խոշորագույն տեղեկատվական ագրեսոր»՝ ներկայացնելով այն մեթոդները, որոնք արդյունավետ են ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարում:

Նախևառաջ, կարևոր է «արագ հերքել, բացահայտել սուտը, օգտագործելով տեղեկատվության հնարավորինս շատ աղբյուրներ՝ հակազդելու համար», և անհրաժեշտ է առանց հապաղելու գործել ու չփորձելով «անտեսել ապատեղեկատվությունը», ինչպես «հաճախ սովոր են անել արևմտյան լրատվամիջոցները»:

Երկրորդ դասը, որ քաղել են ուկրաինացիները Կրեմլի քարոզչության դեմ պայքարում, «տեղեկատվական առճակատման համար մեծ թվով մասնակիցների անհրաժեշտությունն է»։

«Հակառակորդի մանիպուլյացիաների դեմ գործող մարդկանց թիվը չափազանց կարևոր է, քանի որ քարոզչության հոսքն այնքան մեծ է, որ պահանջում է բազմաթիվ մասնագետների ներգրավում»,- ասել է Կալենսկին։

«Ատլանտյան խորհրդի» «Թվային քրեագիտության հետազոտական լաբորատորիայի» փորձագետ Ռոման Օսադչուկն անդրադարձել է տեղեկատվական դիմակայության երրորդ դասին․ «Չափազանց կարևոր է բոլոր այն ուժերի համակարգումը, որոնք աշխատում են թշնամու քարոզչությունը հակազդելու ուղղությամբ»։

Դրանում մեծ դեր է խաղացել «Ապատեղեկատվության դեմ պայքարի ուկրաինական կենտրոնը», որը գործում է Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից։

«Անհրաժեշտ էր համակարգել մարդկանց, որպեսզի ոմանք, օրինակ, ահազանգեին օդային հարձակումների մասին, մյուսները՝ ճիշտ տեղեկություն տրամադրեին քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների մասին, երրորդները՝ փորձեին նյութեր պատրաստել Ռուսաստանի քաղաքացիների համար»։

Զեկույցի համահեղինակ՝ ՆԱՏՕ-ի «Ռազմավարական հաղորդակցության գերազանցության կենտրոնի» (NATO Strategic Communications Centre of Excellence, NATO StratCom COE) ավագ փորձագետ Մարինա Վորոտինցևան առանձնացրել է քաղաքացիական հասարակության դերը, «որը Ուկրաինայում գործում է հորիզոնական կապերով», և երբ «Կրեմլի քարոզչության դեմ պայքարի ցանցում ներգրավվածներից շատերը հայտնվեցին օկուպացիայի ներքո, նրանք շարունակեցին երկրի համար գրեթե անհնարին բաներ անել՝ վտանգելով իրենց կյանքը»։

Ռոման Օսադչուկը համոզմամբ, նախորդ տարիների ուկրաինական հեղափոխություններն են երկրի քաղաքացիներին տվել ինքնակազմակերպման նման փորձ և օգնել նրանց դիմակայել ռուսաստանյան քարոզչությանը․ «Սա ուկրաինացի ժողովրդի մրցակցային առավելությունն է»։

Յակոբ Կալենսկու ներկայացմամբ, ուսումնասիրության ընթացքում պարզ է դարձել, որ «X» սոցիալական ցանցը (նախկինում՝ «Twitter») «միանշանակ, տակավին կարևոր տեղեկատվական դաշտ է Կրեմլի համար»․ «Վերջերս ականատես եղանք, որ [այդ սոցցանցի գերմանական հատվածում] հայտնաբերվեցին մոտ 50 հազար ռուսամետ օգտահաշիվներ: Կարծում եմ, սա միայն այսբերգի գագաթն է»:

Մեդիա վերլուծաբան Քսենիա Իլյուկը հաստատել է՝ «X»-ը պարունակում է «շատ կրեմլամետ տեղեկատվություն՝ ուղղված տարբեր լսարաններին և ժողովրդավարական երկրներին»։

Յակոբ Կալենսկին շարունակել է՝ անդրադառնալով «կոշտ մեթոդներին»․ «Այն մարդկանցից շատերը, ում հետ զրուցել ենք և ովքեր պատասխանատու են Կրեմլի ապատեղեկատվությանը հակազդելու համար, կարծում են, որ ռուսական ապատեղեկատվության դեմ կոշտ միջոցները ամենաարդյունավետն են: [Օրինակ,] Չեխիայում ռուսական և պրոռուսական հեռուստաալիքներն ու լրատվամիջոցներն արգելված էին մինչև Ուկրաինա լայնածավալ ներխուժումը»:

Ռոման Օսադչուկը հավելել է, թե «ոչ ոք ուկրաինացիների նման չի հասկանում, որ ռուսական լրատվամիջոցները, ինչպիսիք են «RT»-ն և այլք, ինքնին լրատվական կազմակերպություններ չեն», այլ ավելի շուտ «կեղծիքների աղբյուր», ուստի խոսքը ոչ թե խոսքի ազատության մասին է, այլ պետության շահերի պաշտպանության․ «Հարկ է նաև նշել, որ Ուկրաինայում գործում են տարբեր լրատվամիջոցներ։ Կան մարդիկ, ովքեր քննադատում են իշխանությանը։ Պարզապես մտեք ուկրաինական սոցցանցեր կամ որևէ լրատվամիջոց և կարդացեք: Կառավարության անդամները ենթարկվում են քննադատության: Սա կենսունակ, ազատ և ժողովրդավարական երկիր է, և ամեն օր բանավեճեր են լինում»։

Օսադչուկը սակավ արդունավետ է համարել, որ պահանջ ներկայացվի Ուկրաինայի տարածքում լրատվական հաղոդումները հեռարձակել բացառապես ուկրաիներենով, որն իբր կարող է օգնել հակազդել ռուսաստանյան ապատեղեկատվական արշավները։ Համոզված է՝ ռուսաց լեզվի օգտագործումը լսարանին ճշմարտությունը փոխանցելու համար, պակաս կարևոր չէ, նաև այն պատճառով, որ Ուկրաինայում շատերն օգտագործում են ռուսերենը որպես հաղորդակցության հիմնական լեզու: Բացի այդ, ներկայում առցանց դաշտում ռուսերենով ավելի շատ տեղեկատվություն է առկա։

Քսենիա Իլյուկի կարծիքով, «ռուսական քարոզչությունը սովորել է օգտագործել ցանկացած լեզու՝ վնասակար ապատեղեկատվությունը փոխանցելու համար»։ Նա որպես օրինակ բերել է մի շարք պատմություններ՝ ռուսական միջուկային սպառնալիքի մասին, ֆլամանդերենով և որոնք տարածվել են Բելգիայում:

Յակոբ Կալենսկին ուշադրություն է հրավիրել, «թիմերը, որոնք պետք է հակազդեն ապատեղեկատվությանը, հաճախ ռեսուրսներ չունեն նույնիսկ ապատեղեկատվության դեպքերը բացահայտելու համար»․ «Աշխարհն անտեղյակ է, թե, օրինակ, քանի ապատեղեկատվական ալիք են վերահսկում ռուսները, [օրական] որքան հաղորդագրություններ են տարածում, կամ քանի հոգում են թիրախավորում, քանիսին են քաշել իրենց կողմը։ Կարևոր է ունենալ տվյալներ ռուսների գործունեության մասին՝ նախքան նրանք կանցնեն «ակտիվ գործողությունների»»:

Ռոման Օսադչուկը նաև ընդգծել է «հասարակությունում մեդիագրագիտության տարածման կարևորությունը»՝ Կրեմլի ապատեղեկատվական արշավներին արդյունավետ հակազդելու համար։

XS
SM
MD
LG