USAID հավելյալ միջոցներ է տրամադրում Լեռնային Ղարաբաղում իրադարձություններից տուժած մարդկանց

USAID օգնություն

Դրա մասին այսօր հաղորդել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, որի հաղորդագրության մեջ ասված է.

«Այսօր, Միացյալ Նահանգները՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով հայտարարել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից տուժած մարդկանց կարիքները հոգալու նպատակով ավելի քան 4,1 միլիոն դոլար գումարի չափով լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։

Այս լրացուցիչ ֆինանսավորման հետ միասին, 2020 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի արձագանքմանն ուղղված՝ ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունը կազմել է մոտ 28 միլիոն ԱՄՆ դոլար:

Սեպտեմբերի 19-ից 20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության արդյունքում ավելի քան 100,000 մարդ տեղահանվել է Հայաստան, ինչի հետևանքով ի հայտ են եկել մարդասիրական անհետաձգելի կարիքներ։

Այս լրացուցիչ աջակցության միջոցով, ԱՄՆ ՄԶԳ-ն տեղում աջակցում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում ապաստանած՝ խոցելի վիճակում գտնվող գրեթե 74,000 փախստականների և տեղահանված անձանց հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերին: Այս ֆինանսավորման շնորհիվ կավելանա կենսական նշանակության պարենային օգնության ծավալը, կտրամադրվի մարդասիրական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների համար նախատեսված ժամանակավոր ապաստան:

ԱՄՆ-ն կանգնած է Ադրբեջանի ռազմական գործողությունից տուժած քաղաքացիական անձանց կողքին և աջակցում է Հայաստանի կառավարության՝ կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնելու ջանքերին»: