Բարձրաստիճան շփումների ժամանակ Միացյալ Նահանգները բազմիցս ընդգծել է, որ Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը անընդունելի է՝ ԱՄՆ Ներկայացուցիչների տանը կայացած լսումներին հայտարարել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը:
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկամանը հարցերին պատասխանում էին դեսպան Ջեյմս Օ՛Բրայանը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ղեկավարի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին:
Պետքարտուղարի օգնականի փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները հավաստիացրել են Վաշինգտոնին, թե որևէ մտադրություն չունեն ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ։ Բացի այդ, ըստ Օ՛Բրայանի, ԱՄՆ-ն ուշադիր հետևում է տարածաշրջանում զորքերի տեղաշարժին:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հավաստիացրել է կոնգրեսականներին, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական և այլ կարգի օգնության տրամադրումը Բաքվին, չեղարկել է մի քանի բարձրաստիճան այցելություններ Ադրբեջան՝ ընդգծելով, որ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների բարելավում չի կարող լինել, մինչև Բաքվի ու Երևանի միջև ընթացող բանակցություններում առաջընթաց չգրանցվի:
«Նշել ենք, որ տարանցիկ միջանցքի կառուցման հնարավորությունը կախված է խաղաղության համաձայնագրի կնքումից: Օրակարգում են բոլոր այն տարրերը, որոնք կարևոր ենք համարում և որոնք թույլ կտան հասկանալ՝ արդյո՞ք կարող ենք հասնել խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայանը:
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները «համապարփակ և թափանցիկ» զեկույց է պատրաստում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ:
«Վարձել ենք անկախ հետաքննողների, նաև մեր հետաքննողներն են տեղում աշխատում։ [Բացի այդ] տեղեկություններ ունենք միջազգային հասարակական կազմակերպություններից, և երբ [զեկույցը] վերջնականապես ավարտված լինի, արդյունքները հրապարակավ կներկայացնենք։ Ժամկետներ չեմ կարող ասել»,- տեղեկացրել է Օ՛Բրայանը։
Անդրադառնալով Երևանին ցուցաբերվող ԱՄՆ աջակցությանը՝ պետքարտուղարի օգնականը նշել է, թե տպավորված է Հայաստանի կառավարության՝ բարեփոխումների և քաղաքական, էներգետիկ, անվտանգության ոլորտներում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու հանձնառությամբ. «Կարծում եմ, մեր պարտքն է օգնել Հայաստանի ժողովրդին՝ դիմակայել այս դժվար իրավիճակները, որպեսզի այն խիզախ որոշումները, որ նրանք կայացրել են, օգնեն նրանց հասնել ավելի անվտանգ ու բարգավաճ ապագայի»։
«Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումների ժամանակ բանախոսներն անդրադարձել են նաև հայ-ռուսական հարաբերություններին։
«Ինչ վերաբերում է Հայաստանին տրամադրվող աջակցության ընդլայնմանը, [ապա կարող եմ ասել, որ] մի շարք ուղղություններով ներգրավված ենք Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու ամրապնդել երկրի ճկունությունը և առաջարկելու տարբերակներ, որպեսզի նրանք այնքան էլ կախված չլինեն Ռուսաստանի հետ` [դեռ] խորհրդային ժամանակներից եկող հարաբերություններից»,- նշել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ղեկավարի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին: