Ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչը շարունակում է մնալ ճաղերի հետևում

Մոսկվայի դատարանը քննում է WSJ-ի լրագրող Գերշկովիչի բողոքը

Ռուսաստանում ազատազրկված ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչը իր ծննդյան օրն անցկացնում է ճաղերի հետևում։ Ընտանիքի անդամները, գործընկերները քննարկում են` ինչպես հասնել նրա ազատությանը։

Այս մարտից Ռուսաստանում կալանավորված «The Wall Street Journal»-ի լրագրող Էվան Գերշկովիչը իր երեսուներորդ տարեդարձը կանցկացնի Մոսկվայի բանտում:

«Անգամ մեկ օրը չափազանց երկար է»,- ասում է լրագրողի քույրը` Դենիելե Գերշկովիչը։

«Կցանկանայինք, որ նա իր ծննդյան օրը նշեր ընտանիքի` մեզ հետ: Չկարողացանք այդ անել, և բոլորս նրան նամակներ ուղարկեցինք։ Ոգևորված եմ, որ կարող է կարդալ դրանք, և ուղղակի հուսով եմ, որ կարող ենք փոքր-ինչ բարձրացնել նրա տրամադրությունը»,- ասում է Դանիելեն։

Գերշկովիչի ընտանիքը շարունակում է բարձրաձայնել Էվանի գործի մասին` պահանջելով ԱՄՆ կառավարությունից հասնել լրագրողի ազատ արձակմանը։

Your browser doesn’t support HTML5

Հարազատները շարունակում են պայքարը Ռուսաստանում ազատազրկված ամերիկացի լրագրողի ազատության համար

«Սպիտակ տանը` թղթակիցների համար կազմակերպված ընթրիքի ժամանակ հնարավորություն ունեցանք անձամբ հանդիպել նախագահ Բայդենին։ Մոտեցավ [և շփվեց] որպես հայր։ Շատ բան էր նշանակում մեզ համար։ Հանդիպեցինք նաև պետքարտուղար [Էնթոնի] Բլինքենին։ Նա իր գրպանում պահում է արտերկրում կալանավորված բոլոր ամերիկացիների անունները պարունակող քարտը»,- շարունակում է Դենիելե Գերշկովիչը։

Էվան Գերշկովիչի գործընկերները նույնպես աշխատում են նրա ազատ արձակման ուղղությամբ։ «The Wall Street Journal»-ի լրագրող Փոլ Բեքեթին համակարգում է ջանքերը` աշխատելով Գերշկովիչի ընտանիքի, գործընկերների և ԱՄՆ կառավարության հետ։

«Հուսով ենք, որ կարող ենք որոշակի բանակցությունների մղել Վաշինգտոնին ու Մոսկվային, որովհետև նրանք են, ի վերջո, Գերշկովիչին տուն բերողը»,- ասում է Բեքեթը։

Նրա խոսքով, գործի վերաբերյալ հանրային իրազեկվածությունն իրենց ռազմավարության մաս է։

«Չենք ուզում, որ մարդիկ պարզապես սկսեն մտածել, թե ինչ է պատահել Գերշկովիչի հետ: Պետք է անընդհատ պատմենք, թե ինչ է կատարվում նրա հետ»,- նշում է Փոլ Բեքեթը։

Գերշկովիչը` Ռուսաստանում անազատության մեջ գտնվող ամերիկացի երկու լրագրողներից մեկն է։ Օրեր առաջ ձերբակալվեց «Ազատություն» ռադիոկայանի խմբագիր Ալսու Կուրմաշևան` օտարերկրյա գործակալների մասին ռուսաստանյան օրենքին, իբր, չենթարկվոլու համար: «Ազատությունն» ու «Ամերիկայի Ձայնը» ԱՄՆ Գլոբալ մեդիաների գործակալության ներքո գործող անկախ լրատվամիջոցներ են:

«Սարսափելի է գիտակցել, որ նման բան կարող է պատահել ցանկացած լրագրողի հետ: Սա ամրապնդում է իմ համոզմունքը, որ լրագրությունը պետք է պաշտպանված լինի և [լրագրողները] պետք է կարողանան կատարել իրենց գործը»,- հավելում է Դանիելեն։

Ռուսաստանյան դատարանը մերժեց Գերշկովիչի կալանքը փոխելու միջնորդությունը, նա կմնա անազատության մեջ առնվազն մինչև նոյեմբերի 30-ը: