Մատչելի հղումներ

Արդյո՞ք Իրանը առաջ է մղելու իր միջուկային ծրագիրը՝ Իսրայել-«Համաս» հակամարտության ֆոնին 


Մերձավոր Արևելք
Մերձավոր Արևելք

Դիտորդների խոսքով, մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը վերջ է տվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված լարվածությունը թուլացնելու հույսերին, որոնք ծագել էին իրանական բանտից ամերիկացիների ազատ արձակումից հետո։ 

Մերձավոր Արևելքում կտրուկ սրված իրավիճակի՝ Իսրայելի դեմ «Համասի» հարձակման, ի պատասխան՝ իսրայելական ռազմուժի կողմից Գազայի շարունակվող ռմբակծության ֆոնին՝ անորոշություն է առաջացել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Արևմուտքը Թեհրանին դիտարկում է որպես «Համասի» գլխավոր աջակից, և խմբավորման հարձակումը հրեական պետության դեմ հետին պլան է մղել Թեհրանի հետ արևմտյան երկրների հարաբերությունների կարգավորումը։

Արևմուտքում Իրանն ընկալվում է որպես «Համասի» գլխավոր աջակից, թեև Թեհրանին ոչ ոք ուղղակի չի մեղադրում Իսրայելի դեմ իրականացրած հոկտեմբերի 7-ի հարձակմանը մասնակից լինելու մեջ։

Մինչ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրվելը՝ Արևմուտքի և Իրանի հարաբերությունները զգուշավոր բարելավվում էին: Այս սեպտեմբերին Վաշինգտոնն ու Թեհրանը գերիների ազատ արձակման գործարք կնքեցին, ինչի դիմաց ապասառեցվեցին 6 միլիարդ դոլարի հասնող իրանական ակտիվները, թեև նշված միջոցները վերստին սառեցվել են։

«Հոկտեմբերի վերջին հնարավորություն կար Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցություններ վարել Օմանում։ Բայց, կարծում եմ, այժմ այն անհնար է, և քաղաքական որևէ հնարավորություն չկա՝ երկու երկրների անմիջական ներգրավվածության համար»,- ասում է Միջազգային ճգնաժամային խմբի Իրանի գծով վերլուծաբան Ալի Վայեզը:

2015 թվականին Վիեննայում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության՝ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» վերականգնման շուրջ բանակցությունները անցած տարի կանգ առան, չնայած կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հայտարարել, որ բանակցություններն ավարտված են։

Միացյալ Նահանգները դուրս եկավ այդ համաձայնությունից 2018 թվականին, իսկ Իրանը դադարեցրեց իր պարտավորությունների կատարումը:

ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության մարմինը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, այս օգոստոսին հրապարակած իր զեկույցում նշել է, որ Թեհրանը շարունակում է հարստացնել ուրանը՝ հասցնելով այն 60% մաքրության։ Հիշեցնենք՝ միջուկային զենքի համար անհրաժեշտ է ուրանը հարստացնել ընդհուպ մինչև 90% մաքրության: Իրանը ապամոնտաժել է մշտադիտարկման համար նախատեսված Ատոմային էներգիայի միջազգային գործակալության սարքավորումները և արգելել վերջինիս տեսուչների մուտքը երկիր։

«Իրանի ու ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման արդյունքում՝ Թեհրանը դադարեցրեց 60% հարստացված ուրանի կուտակումը։ Հաշվի առնելով կողմերի միջև աճող լարվածությունը՝ այժմ իրավիճակը կարող է փոխվել։ Իրանին մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ է հարկավոր՝ մեկ միջուկային մարտագլխիկի համար անհրժեշտ ուրան հարստացնելու: Դա արդեն ռումբ է, և պետք է որևէ լուծում գտնել՝ զսպելու Իրանի միջուկային ակտիվությունը»,- նշում է Ալի Վայեզը::

Այս անեի ֆոնին՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, թե «որևէ կապ չի տեսնում» Իսրայել-«Համաս» հակամարտության և Իրանի միջուկային ծրագրի միջև:

Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է որպես ահաբեկչական խմբավորում։

«Տակավին որևէ ապացույց չկա, թե Իրանը մտադիր է հրաժարվել միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակում առկա պարտավորությունների կատարումից, որոնք պահանջում են զերծ մնալ միջուկային զենք արտադրելուց»,- ասում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Փիթեր Ջենքինսը:

Արդյո՞ք Թեհրանը ձգտելու է օգտագործել իր միջուկային ծրագիրը որպես լծակ Արևմուտքի դեմ՝ Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին։

«Կարծում եմ, Թեհրանն ուղիներ է փնտրում է նպաստելու Արևմուտքում առկա անհանգստության տարածմանը՝ կապված իրանական միջուկային ծրագրի հետ, սակայն իրականում նրանք չեն հատում սահմանը և [հավատարիմ են] միջուկային զենքի չտարածման պայմանագրին»,- նշում է Ջենքինսը:

Ինչևէ, հիշեցնենք՝ Իսրայելը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել: Ըստ տեղեկությունների հրեական պետությունը միջուկային զենք ունի, թեև արգելում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ստուգումներ անցկացնել իսրայելական միջուկային օբյեկտներում։

XS
SM
MD
LG