Մատչելի հղումներ

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայում Մաքրոնի Երուսաղեմ այցի ժամանակ


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն. Երուսաղեմ 2023 թվականի հոկտեմբերի 24
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն. Երուսաղեմ 2023 թվականի հոկտեմբերի 24

Իսրայելը երեքշաբթի գիշերը նոր ավիահարվածներ է հասցրել «Համասի» կողմից վերահսկվող Գազայի հատվածում գտնվող թիրախներին: Պաղեստինցի պաշտոնյաները հայտնել են, որ հարյուրավոր մարդիկ են զոհվել, այդ թվում՝ ծովափնյա փախստականների ճամբարում:

Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր օդային հարվածները վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացրել են ավելի քան 400 թիրախներ: Նախորդ օրը այդ թիվը կազմում էր 320:

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը, որը վերահսկվում է «Համասի» կողմից, հայտնել է, որ զոհվել է առնվազն 704 մարդ, թեև այդ տվյալները չեն կարող հաստատվել անկախ աղբյուրից: Պաղեստինի առողջապահության նախարարությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ Գազայի հատվածում ավելի քան երկու շաբաթ շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 5791-ի:

Հարձակումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնն այցելել է Իսրայել: Նա ևս իր համերաշխություն է հայտնել Իսրայելին հոկտեմբերի 7-ի «Համասի» մահացու հարձակումից հետո և կոչ արել պաշտպանել խաղաղ բնակիչներին Գազայի հատվածում: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի առավարությունը «Համաս» խմբավորումը ճանաչել է ահաբեկչական կառույց:

«Համասի» հարձակումը Իսրայելի վրա երբեք չի մոռացվի. Մաքրոն
please wait

No media source currently available

0:00 0:02:21 0:00

Մաքրոնն Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին ասել է, որ «Համասի» հարձակումը հրեական պետության վրա, որի հետևանքով զոհվել է ավելի քան 1400 մարդ, «երբեք չի մոռացվի», և որ գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի «Համասի» կողմից պահվող ավելի քան 200 պատանդների ազատ արձակումը։

«Ես ուզում եմ, որ դուք վստահ լինեք, որ մենակ չեք ահաբեկչության դեմ այս պատերազմում», - ասել է Մաքրոնը։

Ավելի ուշ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողքին լրագրողների հետ զրույցում Մաքրոնն առաջարկել է, որ միջազգային կոալիցիան, որն աշխատում է Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորմանը ջախջախելու համար, նույնպես պայքարի «Համասի» դեմ:

Երեքշաբթի օրը իսրայելական զինվորականները հայտարարել են, որ Գազայի հատվածում շարունակվող ավիահարվածները թիրախավորել են «Համասի» օպերատիվ շտաբը և սպանել խմբավորման մի քանի հրամանատարների:

Այս շաբաթ Իսրայելը հարվածներ է հասցրել նաև Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահ» խմբավորմանը, և նախագահ Հերցոգը երեքշաբթի նախազգուշացրեց, որ եթե «Հեզբոլլահը» ընդլայնի հակամարտությունը, ապա «Լիբանանը կվճարի դրա համար»:

«Ես ուզում եմ հստակ ասել. մենք չենք ձգտում առճակատման մեր հյուսիսային սահմանին կամ որևէ մեկի հետ», - ասել է Հերցոգը: «Մենք կենտրոնացած ենք «Համասի» ենթակառուցվածքները ոչնչացնելու և մեր քաղաքացիներին տուն բերելու վրա»:

Սպիտակ տունը հայտնել է, որ երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Բայդենը և Իսրայելի վարչապետ Նեթանյահուն քննարկել են տարածաշրջանային զսպման շարունակական ջանքերը, ներառյալ ԱՄՆ ռազմական նոր ընդլայնումը Մերձավոր Արևելքում:

XS
SM
MD
LG