Գազայում իսրայելական բանակի ցամաքային սպասվող գործունեությանն ընդառաջ` միայն խորանում են հակամարտության ընդլայնման վերաբերյալ մտահոգությունները։
Զուգահեռաբար` Միացյալ Նահանգները հայտարարել է Մերձավոր Արևելքում հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգերի տեղակայման մասին։
«ABC»-ի եթերում Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մանրամասնել է. «Իրաքում և Սիրիայում մեր զորքերի տեղակայման վայրի ուղղությամբ վերջերս նկատվել են անօդաչուների գրոհներ։ Իրավունք ունենք պաշտպանել ինքներս մեզ և չենք վարանի համապատասխան քայլեր ձեռնարկել»:
Իր հերթին` պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով վերջերս է վերադարձել տարածաշրջանից, «NBC»-ի հետ զրույցում ընդգծել է, որ ԱՄՆ ռազմական ներկայության ուժեղացումը զսպող միջոց է. «Չենք ցանկանում ականատես լինել երկրորդ կամ երրորդ ճակատների բացմանը։ Չենք ցանկանում, որ մեր ուժերը հայտնվեն կրակի ներքո, բայց եթե այդ տեղի ունենա, պատրաստ ենք»:
Անդրադառնալով Գազայում ստեղծված մարդասիրական ճգնաժամին` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի ՄըքՔեյնը «ABC»-ին հայտնել է, որ տեղ է հասել նաև Թուրքիայի ուղարկած օգնությունը, թեև Եգիպտոսից պաղեստինյան անկլավ տանող «Ռաֆահ» անցակետով շարժը դանդաղ է առաջ գնում. «Անցած երեկո` ընթրիքի ժամանակ կարողացանք սնունդ տրամադրել շուրջ 200 հազար մարդու։ Բայց դա բավարար չէ։ Սա մի կաթիլ է... ։ Մարդիկ սովամահ են լինում: Սա նաև անվտանգության խնդիր է տարածաշրջանում բոլորի համար»:
Մերձավոր Արևելքում խաղադրույքները մեծանում են, և ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակի ընտրության հարցը դարձել է հրամայական` «ABC»-ի եթերում հայտարարել է Կոնգրեսի ստորին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Մայքլ ՄըքՔոլը. «Աշխարհը կրակի մեջ է: Մեր վարքագիծը շատ վտանգավոր է և, ամենակարևորը՝ ամոթալի, քանի որ ուժեղացնում և քաջելերում է մեր հակառակորդներին»:
Չնայած խնդրի հրատապությանը, ՄըքՔոլը խոստովանել է` անտեղյակ է, թե արդյոք առաջիկա շաբաթնեին խոսնակ կընտրվի, կամ ինչպես կանցնի այդ գործընթացը: