Մատչելի հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը նոր խոսնակ է ընտրել Մայք Ջոնսոնին


Ընտրվելուց հետո Ջոնսոնը հայտարարել է Իսրայելին աջակցելու մասին։

Հանրապետական կոնգրեսական, 51-ամյա Մայք Ջոնսոնն ընտրվել է Ներկայացուցիչների տան խոսնակ` ստանալով 220 քվե: Ընտրվելու համար անհրաժեշտ էր առնվազն 217 ձայն:

Ներկայացուցիչների տան նոր խոսնակը պահպանողական է, իրավաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ:

Ընտրվելուց հետո իր առաջին ելույթում` Ջոնսոնն ընդգծել է իր աջակցությունն Իսրայելին` խոսելով նաև ԱՄՆ հարավային սահմանն ամրապնդելու և երկրի պետական պարտքը նվազեցնելու մասին։

Ջոնսոնը ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի անդամ է 2016 թվականից։ Ներկայացնում է Լուիզիանայի 4-րդ ընտրական շրջանը, ուր բնակվում է մոտ 760 հազար մարդ:

Ներկայացուցիչների տան Դատական հանձնաժողովի (նախագահում է Սահմանադրության ենթահանձնաժողովը), Պաշտպանության հանձնաժողովի և վերջերս ստեղծված Դաշնային կառավարության ազդեցությունը սահմանափակող հատուկ հանձնաժողովի անդամ է։

«Վերականգնելու ենք վստահությունն այս մարմնի` [Ներկայացուցիչների տան] նկատմամբ։ Բայդենի վարչակազմի աղետալի քաղաքականության փոխարեն առաջ ենք քաշելու պահպանողական օրակարգով քաղաքականություն։ Կաջակցենք արտերկրի մեր դաշնակիցներին»,- հայտարարել է Ջոնսոնը:

Ջոնսոնը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներից է` իր մասնակցությունն ունենալով 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու փոձում:

221 հանրապետականներից 220-ը կողմ են քվեարկել խոսնակի պաշտոնում Ջոնսոնի ընտրությանը. անհրաժեշտ էր առնվազն 217 ձայն։

Ներկայացուցիչների տան նոր խոսնակը դեմ է արտահայտվել Ուկրաինային օգնություն տրամադրելուն` դեմ քվեարկելով Սպիտակ տան կողմից Կիևին առաջարկվող 40 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթին։

Նոր խոսնակի ընտրությունը հնարավոր դարձավ միայն 22 օր անց, երբ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ Ներկայացուցիչների տունը քվեարկեց խոսնակին պաշտոնանկ անելու օգտին:

XS
SM
MD
LG