Ուկրաինական զինուժի հակահարձակման ֆոնին` նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՄԱԿ-ում կոչ արեց համաշխարհային հանրությանը ընդունել խաղաղության իր ծրագիրը։
Կոնգրեսականների հետ հանդիպմանը` Զելենսկին բարձրացրեց 24 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի հարցը։ Պենտագոնում` բարձրաստիճան ներկայացուցիչները վերահաստատեցին իրենց աջակցությունը Կիևին։
Այնուհետև, Ուկրաինայի նախագահն ուղևորվեց Սպիտակ տուն, ուր նրան ընդունեցին արդեն վեցերորդ անգամ։
«Ամերիկայի ժողովուրդը վճռական է` մեր գործընկերների և դաշնակիցների հետ միասին անել ամեն ինչ, որպեսզի աշխարհը կանգնի ձեր կողքին, և դա է մեր հիմնական նպատակը»,- Ուկրաինայի ղեկավարի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ նախագար Ջո Բայդենը։
«Վաշինգտոնում եմ՝ ամրապնդելու մեր դիրքերը, պաշտպանելու Ուկրաինան, մեր երեխաներին, մեր ընտանիքներին և մեր տները, ազատությունն ու ժողովրդավարությունն աշխարհում: Շնորհակալություն եմ հայտնում Կոնգրեսի անդամներին և Ամերիկայի ժողովրդին այդ մեծ, հսկայական աջակցության համար»,- արձագանքել է Զելենսկին։
Դիտորդները կարևորում են Զելենսկու ամերիկյան այս այցը։
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Միջազգային անվտանգության ծրագրի ավագ գիտաշխատող Քեթլին Մաքինիսն ասում է. «Զելենսկուն նման հարթակ տրամադրելով` Բայդենը ցույց է տալիս, թե որքան կարևոր է այս հարցը մեզ համար, ԱՄՆ ազգային շահերի համար, ու մենք պետք է ուշադրություն դարձնենք Զելենսկու խոսքերին և ուկրաինացիների խնդրանքներին»։
Վաշինգտոնյան բանակցությունների ֆոնին` ԱՄՆ նախագահը հայտարարեց Կիևին ցուցաբերվող աջակցության նոր փաթեթի մասին, որը ներառում է հակաօդային պաշտպանության միջոցներ և հրետանի:
«Ամերիկայի ձայնի» հարցին, թե արդյոք Բայդենի վարչակազմը աջակցում է Զելենսկու տասը կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն արձագանքել է. «Խաղաղության ծրագրի առանձին տարրերից յուրաքանչյուրը՝ ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն, պարենային անվտանգություն, էկոլոգիական անվտանգություն, միջուկային անվտանգություն, մեզ համար ընդունելի է: Սրանք միջազգային համակարգի հիմնարար սկզբունքներ են, և ասել ենք, որ նախագահ Զելենսկու՝ արդար խաղաղության տեսլականը լիովին համահունչ է ՄԱԿ-ի կանոնադրությանը»:
Ինչևէ, քանի դեռ խաղաղությունը հաստատված չէ, Վաշինգտոնը շարունակում է իր աջակցությունը Կիևին. Բայդենը Կոնգրեսից լրացուցիչ 24 միլիարդ դոլար է խնդրել` Ուկրաինայի ռազմական կարիքների համար։
Հայտնի է, որ Կոնգրեսի հանրապետականներն ամենևին ոգևորված չեն Ուկրաինայի համար նախատեսված աջակցության նոր փաթեթով։ Սակայն Ներկայացուցիչների տան հանրապետական անդամ Մայքլ ՄըքՔոլն ասում է. «Ուկրաինացիներին հարկավոր է այդ օգնությունը։ Կոնգրեսի մեծամասնությունը սատարում է այդ աջակցությանը: Գիտեմ, որ Կոնգրեսում որոշակի տարաձայնություններ կան, բայց դա այն է, ինչ ցանկանում է Պուտինը։ Նրա նպատակն է կոտրել ամերիկացիների և եվրոպացիների կամքը: Մենք չենք կարող մեզ թույլ տալ կործանիչ պատերազմ: Մեզ հաղթանակի ծրագիր է պետք, և մենք դա կանենք»: