«Իմ անձնական, փորձագիտական գնահատականն է, որ քիչ հավանական է, թե Բաքուն կարող է ուժ կիրառել հայաստանյան տարածքում» ադրբեջանցի փորձագետ

2023 թվականի հոկտեմբերի 7-ին արված այս լուսանկարը ցույց է տալիս Հայաստանի Արենի գյուղի տեսարանը

ԱՄՆ Սան Դիեգոյի համալսարանի դոցենտ, «Կովկասյան հրատարակություն․ հակամարտությունների փոխակերպման հանդեսի» խմբագիր, կոնֆլիկտաբան Ֆիլիպ Գամաղելյանի խոսքով, երկար ժամանակ հայ-ադրբեջանական հակամարտությունը հենց Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունն էր: Միջնորդներ, անշուշտ, կային, սակայն «երկու դերակատարների՝ [Հայաստանի ու Ադրբեջանի] ձայնն ու դիրքորոշումը վճռորոշ էր տևական ժամանակ»

Փորձագետի ներկայացմամբ, երկու կողմերի միջև հավասարակշռությունը պահպանվում էր 1990-ական թվականներից՝ մինչև Ռուսաստանում Դիմիտրի Մեդվեդևի նախագահության շրջանը, երբ արտաքին ուժերը փորձեցին հասնել հակամարտության կարգավորմանը, բայց հնարավորությունը բաց թողնվեց»։

«Ամեն ինչ ավելի խճճվեց, երբ Պուտինը 2012 թվականին վերադարձավ [Կրեմլ]: Հակամարտությունն ամողջովին այլ տեսք ստացավ հատկապես 2020 թվականից հետո, երբ, այսպես կոչված, երրորդ կողմը՝ Ռուսաստանն ու Թուրքիան, այլևս սոսկ միջնորդ չէին և ուղղակիորեն սկսեցին մաս կազմել հակամարտության կարգավորմանը՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումներով։ Ակտիվություն նկատվեց Իրանի կողմից»,- նշում է Ֆիլիպ Գամաղելյանը՝ հավելելով, թե աննախադեպ էր նաև Արևմուտքի ակտիվությունը: «Առնվազն Բուշի նախագահություն շրջանից նման ակտիվություն չէր եղել»:

Ըստ «Conciliation Resources»-ի Կովկասի ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոերսի, 2020 թվականից հետո տարածաշրջանի գլխավոր դերակատարները՝ Ռուսաստանն ու Թուրքիան ամբողջովին իրենց ձեռքը վերցրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ղեկը․ «Արևմուտքը նկատելիորեն դուրս մղվեց, բայց ժամանակավորապես։ 2021 թվականի դեկտեմբերից՝ [Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև] բրյուսելյան հանդիպմամբ Արևմուտքը կրկին վերադարձավ տարածաշրջան: Կարելի է ասել, Եվրոպական միությունը բավականին լուրջ ջանքեր գործադրեց՝ միջնորդ հանդիսանալու Հայաստանի ու Ադրբեջանին միջև»:

Քաղաքագետ Արեգ Քոչինյանի խոսքով, մինչ տարածաշրջանի դերկատարները, Արևմուտքը հակամարտության կարգավորման գործում իրենց ջանքերն էին ձևակերպում՝ մոտ կես տարի՝ 2020 նոյեմբերից մինչև 2021 թվականի ապրիլ, Հայաստանի քաղաքական վերնախավն անում էր հնարավորը՝ գոհացնելու Ռուսաստանին. «Մինչև 2021 թվականի ապրիլ Ռուսաստանի դերակատարությունը Հայաստանում ամենից ուժեղն էր: Բայց այն սկսեց փոխվել 2021 թվականի ապրիլից և հատկապես 2022 թվականի սեպտեմբերից հետո, երբ Ադրբեջանն ուղղակի հարձակվեց Հայաստանի վրա: Այդ ընթացքում օգնություն ստանալու նպատակով Հայաստանը դիմել էր, որպեսզի գործի դրվեն ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ ունեցած համաձայնագրերը։ Դիմումը որևէ ուշադրության չարժանացավ»։

Ըստ քաղաքագետի, Ռուսաստանն արդարացրեց նման անտարբերությունը՝ պնդելով, թե իբր պաշտոնական դիմում Հայաստանից չի եղել, հայ-ադրբեջանական սահմանագծի հստակության հարց կա և այլն, ինչն, ըստ Քոչինյանի, անհիմն հիմնավորումներ էին․ «2022 թվականի սեպտեմբերի բախումներն ավելին էին, քան սահմանային միջադեպերը․ հրետակոծվում էր Հայաստանի արևելյան հատվածը: [Ադրբեջանական ուժերը] ավելի քան 11 կիլոմետր ներխուժեցին Հայաստանի տարածք: Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում անլուրջ էր, և 2022 թվականից սկսած Հայաստանը որոշեց Ռուսատանից զատ ներգրավել այլ դերակատարների»։

Սակայն, Արեգ Քոչինյանի կարծիքով, կարծես Բաքուն շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում նոր դերակատարների ներգրավմամբ։ Խոսուն օրինակ է Գրանադայի փոխարեն Թբիլիսի մեկնելու Ալիևի որոշումը, որին հաջորդեց Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպելու ակնարկը․ «Այդ ընթացքում Ալիևը պնդում էր, թե ռուսական միջնորդությունը լավագույնն է, քանզի Ռուսաստանը Ադրբեջանի ու Հայաստանի բարեկամն է, հարևան երկիր է և հազարավոր կիլոմետրեր հեռու չէ։ Ուստի, ավելի տրամաբանական է այդ անել
ռուսական միջնորդությամբ»:

Ադրբեջանցի փորձագետի Զաուր Շիրիև խոսքով, «Ադրբեջանում համոզմունք կա, որ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև երկկողմ հանդիպումները կնվազեցնեն լարումը Արևմուտքի և Ռուսաստանի միջև, և որ Բաքուն ու Երևանը չեն կանգնի այդ երկու ուժերի միջև՝ տարաշրջանը դարձնելով ռազմադաշտ»:

Քոչինյանը հակադարձում է, թե Ադրբեջանի առաջարկած «երկկողմանի հանդիպումների ձևաչափը» լավն է, բայց ժամանակավրեպ է․ «Կարծում եմ, երկկողմ հանդիպման գաղափարը փայլուն էր 2010 թվականին, 2009-ին, ամենաուշը՝ 2011-ին, բայց սկսած 2012 թվականից տեսել ենք ուժերի հավասարակշռության զգալի խախտում։ Երբ առկա է ուժերի անհավասարակշռություն ու չկա երրորդ կողմ, կամ միջնորդ, նման՝ երկկողմ հանդիպումը լավ գաղափար չէ թույլ կողմի համար»:

Շիրիևը քիչ հավանական է համարում սահմանային նոր սրացումը․ «Իմ անձնական, փորձագիտական գնահատականն է, որ քիչ հավանական է, թե Բաքուն կարող է ուժ կիրառել հայաստանյան տարածքում: Արևմուտքում մտահոգություն կա, որ Բաքուն կարող է ուժով վերցնել Սյունիքը և նման կերպ լուծել հաղորդակցության հարցը, բայց դա կհանգեցնի պատժամիջոցների, միջազգային հանրության կողմից դապարտման և մեկուսացում։ Ուստի, անհավանական եմ համարում այդ տարբերակը»։

Այլ կարծիքի է Արեգ Քոչինյանը՝ Ադրբեջանին միևնույն է միջազգային հանրության դատապարտումը. «Չէի կիսի Զաուրի կարծիքն այս հարցում։ Գտնում եմ, որ նման տարբերակը հնարավոր է, և կտեսնենք ուժի կիրառում Հայաստանի տարածքում ու Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Նման քայլը նորություն չի լինի, քանզի որպես քաղաքական գործիք Ադրբեջանն այն օգտագործել է 2021 թվականին և 2022 թվականին։ Ըստ էության, Ռուբիկոնն արդեն անցած է: [Բաքվի նման գործողություններին առնչվող] ամենասաստող հայտարարությունը, որ երբևէ լսել եմ, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Կիմ խոսքն էր, երբ ասաց, որ չեն հանդուրժի էթնիկ զտումները Ղարաբաղում, որ պետք է անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Սակայն մեկ շաբաթ անց եղավ 23-ժամյա պատերազմը, և դրան հաջորդեցին էթնիկ զտումները։ Միացյալ Նահանգները զգուշացրել էր, որ Ղարաբաղի հայերի նկատմամբ ուժի կիրառումը անհետևանք չի մնա, բայց հետևանքներ չեղան։ Դա ամենից մեծ կանաչ լույսն է հետագա սրացման առջև»։

Ադրբեջանցի փորձագետի ներկայացմամբ, անկլավների հարցը, գուցե, լուծվի փոխանակման միջոցով․ Արծվաշենը մնացել է Ադրբեջանի կազմում:

Դեռ մի տարի առաջ Բաքուն հայտարարել էր այդպիսի փոխանակումների մասին , բայց դա պիտի լինի տարածքային առումով համաչափ, հավասարության սկզբունքով:

Զանգեզուրի միջանցքի հարցը իրանական սցենարով լուծելու տարբերակը շրջանառվում է, բայց այս դեպքում ըստ ադրբեջանցի փորձագետի.

«Վտանգ կա, որ իրանյան նախագիծը` այսինքն Իրանի տարածքով հաղորդակցություն ապահովելու դեպքում Արևմուտքի կողմից որեէ ներդրում չի լինի և միանշանակ չի ընդունվի միջազգային հանրության կողմից , ուստի Հայաստանի միջոցով այդ կապն ապահովելը դեռ կենսունակ տարբերակ է»

«Մյուս կողմից Իրանին այդ դաշտ բերելը նշանակում է տարածաշրջանի երեք դերակատարներին մի դաշտի մեջ հավաքել , այդ դեպքում , որն է լինելու Արևմուտքի դերը» Լոուրենս Բրոերսի կարծիքն է:

Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձան տարածաշրջանային զարգացումներին, մշտական խաղաղության հասնելու փորձերին , Ռուսաստանի ազդեցության նվազմանը: Շրջանակը լայն էր, սական ամենակարևորներից էր` մարդկային, հումանիտար խնդիրների հարցը՝ չէ որ դեռ երկու շաբաթ առաջ, ավելի քան հարյուր հազար մարդ հարկադրաբար թողել է իր տունը: