Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը չի հասել իր նպատակին․ Էրդողան

Անվտանգության ուժերը Անկարայում՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ՝ տեղի ունեցած պայթյունի վայրում

Դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել կիրակի Թուրքիայի մայրաքաղաքում մահապարտի կողմից իրականացված ահաբեկչական գործողության համար։ Ուշադրություն է գրավում, որ Անկարայում հուժկու պայթյունը տեղի ունեցավ երկրի խորհրդարանի աշխատանքների վերսկսումից ժամեր առաջ:

Բջջային հեռախոսով հնարավոր է եղել նկարահանել այն պահը, երբ ահաբեկիչները ռումբ են պայթեցնում մայրաքաղաք Անկարայում՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարության մոտ գտնվող անցակետում:

Նախարարության ներկայացմամբ, տեղի ունեցածը ահաբեկչություն էր, որն, ի դեպ, տեղի է ունեցել երկրի խորհրդարանի աշխատանքների վերսկսումից մի քանի ժամ առաջ:

Your browser doesn’t support HTML5

Անկարայում հուժկու պայթյունը տեղի ունեցավ երկրի խորհրդարանի աշխատանքների վերսկսումից ժամեր առաջ

«Մահապարտ-ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն։ Մյուսին վնասազերծել են՝ կրակելով գլխին, քանի դեռ չէր հասցրել իրեն պայթեցնել»,- ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Նախարարը հավելել է՝ մտադիր է այցելել հարձակման հետևանքով վիրավորված երկու սպաների՝ տեղեկացնելով, որ նրանցից ոչ մեկի վիճակը ծանր չէ։

Պայթյունից ժամեր անց խորհրդարան է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իր ելույթում նա բարձր է գնահատել իրավապահների գործողությունները։

«Քաղաքացիների խաղաղությունն ու անվտանգությունը թիրախ դարձրած սրիկաները չկարողացան հասնել իրենց նպատակներին։ Նրանք երբեք չեն հասնի դրան»,- հայտարարել է Էրդողանը:

«Reuters»ի հետ զրույցում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն նշել է, որ հարձակվողները առևանգել են ավտոմեքենան մայրաքաղաքից մոտ 260 կմ հարավ-արևելք՝ սպանելով վարորդին։

Նման պայթյուն առաջին անգամ է տեղի ունենում Անկարայում 2016 թվականից ի վեր։

Սովորաբար, Թուրքիայում ահաբեկչական նման կարգի գործողությունների պատասխանատվությունը ստանձնում են «Իսլամական պետություն», «PKK» («Քուրդիստանի բանվորական կուսակցություն») կազմակերպությունները, կամ թուրքական իշխանությունները նրանց են մեղադրում երկրի հատկապես խոշոր քաղաքներում տեղի ունեցած հարձակումների համար: Նշված երկու կազմակերպությունները ԱՄՆ-ի կողմից ճանաչվել են ահաբեկչական: