Մատչելի հղումներ

Ինչ են քննարկել Բլինքենն ու Չավուշօղլուն Անկարայում. մանրամասներ ԱՄՆ պետքարտուղարի Թուրքիա կատարած այցից


Թուրք-ամերիկյան բանակցություններն ընդգրկել են տարածաշրջանային ու գլոբալ զարգացումների հետ կապված հարցեր, ներառյալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա՝ քննարկելու Վաշինգտոնի կողմից Անկարային տրամադրվող հետագա օգնությունը՝ տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլած ավերիչ երկրաշարժից հետո: Հիշեցնենք, որ աղետից հետո ԱՄՆ-ը որոնողափրկարարական խումբ, սարքավորումներ և հավելյալ 85 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն ուղարկեց Թուրքիա, որը տարածվում է նաև Սիրիայի վրա։

Բանակցություններին կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացն ու մասնավորապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությունը: Դրա մասին երկու երկների արտաքին գերատեսչությունների ղեկավարները տեղեկացրել են համատեղ մամլո ասուլիսին:

«Մեր հանդիպումների ընթացքում քննարկել ենք նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։ Բացի երկկողմանի հարցերից, մենք խոսեցինք Հարավային Կովկասի մասին։ Վերջին շրջանում և՛ ես, և՛ իմ հարգարժան ընկեր Թոնին կապ ենք պահպանել ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմի հետ։ Մեր նպատակն է կայուն խաղաղություն և կայունություն ունենալ Հարավային Կովկասում, և մենք կշարունակենք ձգտել դրան»,- հայտարարեց Չավուշօղլուն։

Բլինքենն ու Չավուշօղլուն Անկարայում քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերը
please wait

No media source currently available

0:00 0:05:31 0:00

«Թուրքիան և Միացյալ Նահանգները նաև համագործակցում են համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև Բալկաններում և Կովկասում և աշխարհի այլ թեժ կետերում խաղաղության հաստատման հարցում: Մենք շատ բարձր ենք գնահատում այն դրական քայլերը, որոնք Թուրքիան ձեռնարկում է Հունաստանի, Հայաստանի, Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, որոնց քաղաքացիները, ի դեպ, երկրաշարժից հետո Թուրքիայի իրենց գործընկերների հետ կողք կողքի աշխատանքներ են տարել.,- հայտարարել է Բլինքենը:

Բացի այդ, այցի օրակարգում են եղել բազմաթիվ այլ տարածաշրջանային և գլոբալ հարցեր, ներառյալ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որին մինչ այժմ խոչընդոտում է Թուրքիան՝ հրաժարվելով վավերացնել վերջիններիս հայտերը, քանի որ, ըստ թուրքական կողմի, Ստոկհոլմը ապաստանում է տրամադրում մարդկանց, ում Անկարան համարում է ահաբեկչական խմբավորումների անդամներ։ Թուրքիան վերջերս հայտարարեց, որ միայն կհաստատի Ֆինլանդիայի դիմումը։

Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերի խնդիրը կապված է նաև ամերիկյան F-16 կործանիչներ ձեռք բերելու Թուրքիայի ցանկության հետ։ Կոնգրեսը դեմ է վաճառքին, քանի դեռ Անկարան կանաչ լույս չի տվել Շվեդիային և Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված հարցում։

Դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը շաբաթ օրը հայտարարել է, որ Ֆինլանդիայի անդամակցությունը թույլ տալը բավարար չի լինի:

«F-16-ների փոխանցում չի լինի, եթե Էրդողանը շարունակի մերժել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը… Նա չի կարող հաստատել (միայն) Ֆինլանդիայի հայտը և ստանալ F-16: Կարծում եմ, որ շատերը համաձայն են դրա հետ», - ասել է սենատորը հարցազրույցներից մեկում:

Բայդենի վարչակազմը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է Թուրքիային կործանիչներ վաճառելուն՝ միևնույն ժամանակ ձեռնպահ մնալով երկու հարցերը միմյան կապելուց, բայց գիտակցելով, որ երկու երկրների հայտերի վավերացումը դրական ազդեցություն կունենա Կոնգրեսի որոշման վրա։

Երկուշաբթի օրը Բլինքենը հանդիպում ունեցավ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններ է վարել իր թուրք գործընկեր արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Կողմերը հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով, որի ընթացքում ներկայացրել են կողմերի դիրքրոշումները F-16 հետ կապված գործարքի, Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ի անդամակցության, Սիրիայի հարցում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ:

Թուրքիայի արտգործնախարարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ վարչակազմին F16-ների հարցում աջակցության համար ու հույս հայտնել, որ նույն ը կանի ԱՄՆ Կոնգրեսը:

«Այս գործընթացը չպետք է հետաձգվի կամ արգելափակվի որոշակի շրջանակների կողմից: Եվ մենք ակնկալում ենք, որ Կոնգրեսը ստանձնի աջակցող դեր, այլ ոչ թե խանգարող»:

ԱՄՆ պետքարտուղարն իր խոսքում այս հարցի կապակցությամբ վերահաստատել է ԱՄՆ վարչակազմի աջակցությունը Անկարային որպես ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր: Թուրքիայի ռազմական սպառազինության արդիականացումը բխում է մեր ազգային և անվտանգության շահերից, ասել է Բլինքենը:

«Այս կոնկրետ հարցում, սակայն, ես չեմ կարող այս պահին որևէ կարծիք հայտնել, քանի դեռ մենք պաշտոնապես չենք տեղեկացրել ԱՄՆ Կոնգրեսին: Դա, սակայն, մի բան է, որի ուղղությամբ մենք աշխատում ենք, և մենք Կոնգրեսին շատ հստակ հայտնել ենք F-16-ի արդիականացման վերաբերյալ մեր աջակցման մասին»,- ասել է Բլինքենը:

Ֆինլանդայի ու Շվեդիայի անդամակցության մասին խոսելիս Չավուշօղլուն շեշտել է, որ Շվեդիայի հարցում առաջընթացը կապված է վերջինիս քայլերից, իսկ Ֆինլանդիայի հարցում Անկարան կարող է որդեգրել այլ մոտեցում ու գործելաոճ:

«Կախված նրանից, թե որքան արագ և որքանով արդյունավետ Շվեդիան ի վիճակի լինի առաջադիմել, և եթե նրանք կարողանան քայլեր ձեռնարկել, որոնք կհամոզեն մեր խորհրդարանին և մեր ժողովրդին, ապա մենք էլ քայլեր կձեռնարկենք այս ուղղությամբ»,- ասել է Չավուշօղլուն

Բլինքենն էլ իր հերթին վերահաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը երկու երկրների արագ անդամակցմանը ՆԱՏՕ աջակցելու մասին՝ ընդգծելով, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցը թուրք-ամերիկյան երկկողմանի խնդիր չէ, այլ վերաբերում է ողջ դաշինքին:

«Մենք վստահ ենք, որ ՆԱՏՕ-ն շուտով պաշտոնապես կողջունի նրանց անդամակցումը, և երբ դա տեղի ունենա, այն կբարձրացնի ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Թուրքիայի անվտանգությունը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ Բլինքենի պաշտոնական այցը Թուրքիա տեղի է ունենում նրա պաշտոնը ստանձնելուց երկու տարի անց։ Սա կտրուկ հակասում է նրա որոշ նախորդների, այդ թվում՝ Հիլարի Քլինթոնի և Ռեքս Թիլերսոնի գործունեւոթյանը, ովքեր այցելել են Թուրքիա իրենց պաշտոնավարման առաջին երեք ամիսների ընթացքում:

Հետաձգումը, ըստ վերլուծաբանների, վկայում է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների լարված բնույթի մասին, որոնք վատթարացել են հատկապես 2019 թվականից հետո, երբ Անկարան ձեռք բերեց ռուսական Ս400 հրթիռային համակարգեր։

Ըստ վերլուծաբանների՝ թեև ԱՄՆ-ը հավանություն է տալիս Թուրքիայի որոշ գործողություններին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, Վաշինգտոնին շարունակում են անհանգստացնել Մոսկվայի հետ Անկարայի սերտ հարաբերությունները:

Հոդվածը պատրաստվել է Reuters, Associated Press գործակալությունների նյութերի հիման վրա

XS
SM
MD
LG