Մատչելի հղումներ

Թուրքիայի երկրաշարժի գոտում իրավիճակը աղետալի է


Թուրքիայի ու Սիրիայի սահմանին ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցում է 30,000-ը: Հարյուր հազարավոր մարդիկ մնացել են անօթևան: Տարածաշրջանը շարունակում է գտնվել աճող հումանիտար ճգնաժամի ներքո

Երկրաշարժից ողջ մնացածների տառապանքը չի ավարտվել: Շատերի մոտ փլատակների տակ մնացել են շատ հարազատներ, իսկ փրկարարները շարունակում են պայքարը՝ փորձելով դուրս բերել ողջ մնացածներին: Ժամանակը սակայն աշխատում է ի վնաս նրանց:

«Մեր հարազատներից երկուսը փլատակների տակ են: Դեռ չենք կարողացել դուրս հանել նրանց։ Սպասում ենք, չգիտենք՝ նրանք ողջ են, թե մահացած, բայց հիմնականում դիակներ են դուրս բերում։ Պատահում են ողջ մնացածներ, սակայն ոչ շատ»,- ասում է երկրաշարժից փրկված Սելիմը։

Հրաշքներ դեռևս պատահում են: Երկրաշարժից վեց օր անց ԱՄՆ-ի որոնողափրկարարական խումբը հայտնաբերեց և դուրս բերեց փլատակների տակից ողջ մնացած մի տուժածի:

Սակայն աղետի գոտում փլուզվել է ավելի քան յոթ հազար շենք: Դրանցից շատերում այլև անհնարին է բնակվել: Ապաստանը կարևոր նշանակություն ունի այստեղ զրոյական ցածր ջերմաստիճանի պայմաններում:

Շատերի համար պարզապես ապաստան գտնելը դարձել է ամենօրյա պայքար։

«Դիմեցի, բայց ոչ ոք ինձ վրան չտվեց։ Խնամում եմ որբ երեխաներին։ Իմ տան ճակատը ամբողջովին փլուզվել է: Մենք վախենում էինք այնտեղ վերադառնալ։ Կան ցրտից պատսպարվելու որոշ տեղեր, ինչպիսիք են մզկիթները, դպրոցները և սգո տները: Մենք այնտեղ ենք մնում»,- նշում է երկրաշարժից փրկված Զեքին:

Շատ հեռավոր գյուղեր, որտեղ ջերմաստիճանը իջնում է մինչև մինուս 20, միայն հիմա են սկսել օգնություն տրամադրել շատ դեպքերում տեղական աջակցող խմբերի շնորհիվ:

Հարևան Սիրիան նույնպես նոր է սկսել օգնություն ստանալ։

Օգնության խմբերը զգուշացնում են, որ այն խիստ անհրաժեշտ է ապստամբների կողմից վերահսկվող Իդլիբ նահանգում, որն ավերվել է երկրաշարժերից:

«Օգնության տրամադրման և մարդասիրական օգնության հասանելիության ուշացումը մեծացրեց խոցելիությունը և ճգնաժամը, որն ազդում է այնտեղի մարդկանց վրա։ Այս կարևոր մատակարարումները մոտենում են ավարտին: Նաև ավարտին են մոտենում քաղաքացիական պաշտպանության լոգիստիկ մատակարարումները, այդ թվում՝ տեխնիկայի դիզվառելիքը և տարհանման մեքենաները»,- ասում է Սոհահիբ Թոուլիմաթը Թուրքիայի արտակարգ իրավիճակների գերատեսչությունից։

Թուրքիայում միջազգային օգնությունն աճում է, իսկ կառավարությունը քննադատության է ենթարկվում աղետին իր արձագանքման արագության համար:

Ապաստաններում գտնվողները խորհում են իրենց առջև ծառացած ցավալի մարտահրավերների մասին:

«Չորս ընտանիքով մնում ենք այս վրանում։ Մենք ջեռուցում չունենք, մենք ոչինչ չունենք: Դուք կարող եք տեսնել, որ սա այն ամենն է, ինչ մենք ունենք»,- երկրաշարժից տուժած մի կին:

Թուրքիայում և Սիրիայում աղետի վերապրածները բախվում են տները վերակառուցելու մարտահրավերների հետ այն ժամանակ, երբ շատերը սգում են հարազատների կորուստը:

Հոդվածը պատրաստվել է Դորիան Ջոնսի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG