Ռեջեփ Թայիփ Էրդողանը երրորդ անգամ է նախագահական երդում տալիս։ Վերլուծաբանները կանխատեսում են՝ նրա համար արտաքին քաղաքականությունն առաջնային է լինելու՝ ձգտելով վերածել Թուրքիան տերություն:
Վաշինգտոնի Բրուքինգս ինստիտուտի վերլուծաբան Ասլի Այդընթասբասն ասում է․ «Էրդողանը Թուրքիան դիտարկում է որպես աճող տերություն։ Իր քարոզարշավի հիմքում այդ դրույթն էր։ Նրա խոսքով, 21-րդ դարը Թուրքիայինն է լինելու»:
Մասնակցելով Էրդողանի երդմանակալությանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Թուրքիային՝ գալիք ամիս կայանալքի դաշինքի գագաթնաժողովին ընթացքում հետ կանգնել ալյանսին Շվեդիայի անդամակցության հարցում իր վետոյից:
Ստոկհոլմն արձագանքել է Անկարայի պահանջներին՝ ճնշել երկրում գործող «ահաբեկչական խմբավորումները», որոնց թիրախ են թուրքական կառավարությունն է:
«[Շվեդիայում] ահաբեկչության մասին նոր՝ կարևոր օրենսդրությունը ուժի մեջ է մտել ընդամենը մի քանի օր առաջ, ուստի Շվեդիան կատարել է իր պարտավորությունները»,- ընդգծել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում Անկարայի ընդդիմությունն այն ժամանակ էր, երբ Էրդողանը խորացնում էր հարաբերությունները Մոսկվայի հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիններից էր, ով շնորհավորեց Էրդողանին՝ վերընտրության առթիվ։
Արտաքին քաղաքականության ինստիտուտի ղեկավար Հուսեյն Բաղջին նշում է. «Նրանք լավ ընկերներ են։ Ճի՛շտ է։ Թուրք-ռուսական հարաբերությունները առաջիկա հինգ տարիներին կշարունակեն ավելի ուժեղանալ։ Ես կասեի՝ Պուտինը, միանշանակ, շատ ուրախ է, որ իր ընկերը կրկին նախագահ է ևս հինգ տարի ժամկետով»։
Պուտինն Էրդողանին զգալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նախընտրական շրջանում՝ հետաձգելով էներգակիրների մատակարարումների դիմաց միլիարդավոր դոլարների հասնող վճարները՝ ի աջակցություն թուրքական տնտեսությանը:
Այնուամենայնիվ, վերլուծաբանները ենթադրում են, որ Էրդողանը ձգտելու է խորացնել կապերը Վաշինգտոնի հետ:
«Հավանաբար, Էրդողանն ու նրա համախոհները կձգտեն ակտիվացնել երկու երկրների հարաբերությունները»,- ասում է Քադիր Հաս համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Սերհատ Գյուվենչը։
Թուրք-ամերիկյան հարաբերությունների բարելավումը կարող է թուլացնել ֆինանսական ճնշումները Թուրքիայի տնտեսության վրա։ Սակայն որոշ վերլուծաբաններ զգուշացնում են՝ Միացյալ Նահանգների ու Թուրքիայի առաջնորդների անձնական վատ հարաբերությունները խոչընդոտ են:
«Վաշինգտոնի համար Թուրքիան մարտահրավեր է և կշարունակի մարտահրավեր մնալ: Հարաբերություններն ամենևին էլ կատարյալ չեն: Նախագահներ Բայդենը և Էրդողանը գրեթե չեն խոսում, գրեթե չեն հանդիպում»,- ասում է Ասլի Այդընթասբասը։
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հետագա ընթացքը մեծապես կախված է լինելու ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում Անկարայի դիրքորոշումից և թե ինչ մոտեցում կորդեգրի Էրդողանը Արևմուտքի կոչերի նկատմամբ՝ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ: