ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական գործողությունների արդյուքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս Գրինֆիլդը, ով կրկին կոչ է արել Բաքվին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
«Մենք արձանագրել ենք հայտարարություններ, որ ռազմական գործողությունները դադարեցվել են: Հաստատման պարագայում դա դրական զարգացում է, բայց այս պահին իրավիճակը տեղում շարունակում է մնալ ծանր»,- հայտարարել է դեսպան Թոմաս Գրինֆիլդը:
Your browser doesn’t support HTML5
Ամերիկացի դիվանագետը շեշտել է՝ Ադրբեջանն ունի միջազգային պարտավորություններ՝ հարգելու իր տարածքում գտնվող բոլոր անհատների մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Նա հայտնլ է Վաշինգտոնի հիասթափությունը, որ ռազմական գործողությունները սկսվեցին «վստահության ամրապնդման դրական գործողությունից» մեկ օր անց՝ նկատի ունենալով Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով մարդասիրական բեռները մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Դեսպանը հիշեցրել է, որ Բաքուն հրապարակայնորեն հայտարարել է, որ հավատարիմ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի մեղմացմանը՝ ընդգծելով՝ ճգնաժամի միակ լուծումը բռնության դադարեցումն է և տեւական խաղաղությունը:
«Քանի դեռ կողմերը աշխատում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարվածության նվազեցման ուղղությամբ, մենք վերահաստատում ենք միջազգային առաքելության կարևորությունը [Լեռնային Ղարաբաղում], որը վստահություն կներշնչի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որ իրենց իրավունքները և անվտանգությունը պաշտպանվում են»,- ասել է դեսպանը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակներում՝ խնդրի մշտական կարգավորման համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21- ին ադրբեջանական Եվլախ քաղաքում կայացավ պաշտոնական Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների միջև առաջին հանդիպումը: Ադրբեջանն այն որակել է դրական՝ նշելով, որ հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում և ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել քննարկումները:
Իր հերթին, Ստեփանակերտից տեղեկացրել են, որ հանդիպումն անցել է գործնական մթնոլորտում, քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:
German Marshall Fund հաստատության վերլուծաբան Դեյվիդ Սալվոյի կարծիքով՝ այս բանակցությունները կձգվեն երկար ժամանակ: Ղարաբաղի հայություն արդարացիորեն փնտրում է անվտանգության երաշխիքներ հայ ազգաբնակչության իրավունքների և ազատությունների ապահովման համար: Եթե Բաքուն անկեղծորեն հանձնառու է խաղաղությանը, ապա այն պետք է երաշխավորի խաղաղ ազգաբնակչության իրավունքները, նկատում է վերլուծաբանը: «[Ղարաբաղահայության համար] անհրաժեշտ է ապահովել տեղաշարժի ազատություն, ինչպես նաև թույլ տալ ազատ տեղափոխվել Հայաստան նրանց, ովքեր դա ցանկանում են: Իսկ նրանք, ովքեր կգերադասեն մնալ Ղարաբաղում ու խաղաղ ապրել այստեղ վերաբնակեցված ադրրբեջանցիների հետ, պետք է ունենան հստակ երաշխիքներ: Այսպիսով, կարծում եմ, որ այս հարցերն են, հավանաբար, գտնվում բանակցությունների առանցքում»:
Դեյվիդ Սալվոն վստահ չէ, թե արդյոք Բաքուն կարող է դա ապահովել ինքնուրույն՝ առանց միջազգային ներգրավվածության: «Դա հարցերի հարցն է: Եթե ես լինեի Ղարաբաղի պատվիրակության կազմում, հասկանալի է՝ չէի վստահի Բաքվին միակողմանիորեն պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները՝ հաշվի առնելով կողմերի միջև արյունալի պատմությունը: Վերջին 20 տարվա դիվանագիտական բանակցությունների մի մասը վերաբերում էր միջազգային խաղաղապահ ուժերի ներկայությանը»,- ասում է վերլուծաբանը:
Սալվոյի կարծիքով՝ հայերն այսօր չեն վստահում Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին՝ որպես Ղարաբաղում բնակվող հայության իրավունքների երաշխավոր, սակայն միջազգային հանրությունը իր հերթին չի ցուցաբերում քաղաքական կամք այս հարցին լրջորեն մոտենալու համար։
«Եվ դա շատ վատ է, քանի որ իսկապես շատ ավելի ձեռնտու կլիներ, եթե, օրինակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջ քաշեր մի բանաձև, որը կներառեր Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների երաշխավորման հարցը և միջոցներ կձեռնարկեր այս ուղղությամբ»,- ասել է նա:
Միացյալ Նահանգների խաղաղության ինստիտուտի վերլուծաբան Մերի Գլանցը, սակայն, գտնում է՝ միջազգային հանրությունը հետաքրքված է այստեղ խաղաղության և անվտանգության պահպանմամբ, և խոսքը ոչ միայն Ռուսաստանի կամ Թուրքիայի մասին է, այլև ԵՄ-ի և Միացյալ Նահանգների: «Ադրբեջանցիները, հասկանալի է, ցանկանում են իրենց փախստականներին վերադարձնել Լեռնային Ղարաբաղ, ուր տարիներ շարունակ ապրում են հայեր, որոնցից շատերը, հավանաբար, կցանկանան շարունակել ապրել այստեղ: Այսպիսով, նրանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց ապահովությունը, երկու կողմերի անվտանգությունը, ինչպես նաև խաղաղության պահպանումը հանդիսանում է առանցքային խնդիր»:
Իր հերթին, Eurasianet պարբերականի Կովկասի հարցերով վերլուծաբան Ջոհն Հորանը Eurasianet-ում հրապարակած իր հոդվածում պնդում է՝ Ռուսաստանի շահերն ավելի ու ավելի են համընկնում Ադրբեջանի, քան Հայաստանի շահերի հետ: Ռուսաստանը սահմանակից է Ադրբեջանին և հետաքրքրված է դեպի Պարսից ծոց ելք ունենալու մեջ հյուսիս-հարավ առևտրային միջանցքի միջոցով, որն, ըստ վերլուծաբանի, կարևոր է արևմտյան պատժամիջոցների պայմաններում: Բացի այդ, վերլուծաբանի պնդմամբ, ավելի նշանակալից կարող է լինել այն փաստը, որ երկուսն էլ իրենց բնույթով ռեպրեսիվ ավտորիտար պետություններ են: