Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փոխզիջման հասնելը քիչ հավանական է համարվում


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորեքշաբթի կայացած նիստն Ուկրաինայում դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի մասին էր։ Ելույթ էին ունենում պաշտոնյաներ, որոնց երկրները ներքաշված են զինված հակամարտության մեջ։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջինն էր, ով չորեքշաբթի հանդես եկավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Նա դատապարտեց Ռուսաստանի ներխուժումը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող՝ վետոների կարգը՝ կոչ անելով բարեփոխել որոշումների կայացման այդ համակարգը։

«Պատերազմը դադարեցնելն անհնար է, քանզի բոլոր փորձերը բախվում են ագրեսորի կամ ագրեսորին արադարացնողների վետոներին: Ագրեսիան կանխարգելող համակարգի անհրաժեշտություն կա՝ պետությունների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը խախտող գործողություններին արագ արձագանքելու միջոցով»,- հայտարարել է Զելենսկին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտպանել է իր երկրի ռազմական գործողությունները և քննադատությունն ուղղել Ուկրաինային աջակցողների կողմը։

«Հավաքական Արևմուտքը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, կամայականորեն ստանձնեց ողջ մարդկության ճակատագիրը որոշողի դերը և տառապելով բացառիկության բարդույթով՝ սկսեց ավելի ու ավելի անտեսել հիմնադիր հայրերի թողած ժառանգությունը»,- ասել է Լավրովը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը՝ այն որակելով ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում։

«Ոմանք պնդում են, թե Ուկրաինայի կողքին մնալը և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելը մեզ շեղում է այլ առաջնահերթություններից, ինչպիսիք են կլիմայական ճգնաժամին դիմակայելը, տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, առողջապահական համակարգերի ամրապնդումը: Սա կեղծ պնդում է։ Մենք կարող ենք և պետք է անենք երկուսն էլ։ Երկուսն էլ անում ենք»,- ասել է Բլինքենը:

Չինաստանի ներկայացուցիչը խոսել է Պեկինի միջնորդական ջանքերի մասին:

«[Մեր] հիմնական ուղերձն է՝ բանակցություններ անցկացնել խաղաղության հասնելու նպատակով»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Մա Չժաոսուն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ընդգծելով իր գլխավորած կազմակերպության հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը՝ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել:

«Այս պատերազմն արդեն անսահման տառապանք է պատճառում։ Դրա շարունակումը սպառնում է վերաճել վտանգավոր սրացման: Երկխոսությանը, դիվանագիտությանը և արդար խաղաղությանը երբեք այլընտրանք չկա»,- ասել է Գուտերեշը:

Գուտերեշը հավելել է, որ ՄԱԿ-ը կշարունակի ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ կազմակերպության կանոնադրության, միջազգային իրավունքի և Գլխավոր ասամբլեայի բանաձևերի համապատասխան:

XS
SM
MD
LG