Մատչելի հղումներ

Զելենսկին Վաշինգտոնում է. հանդիպում օրենսդիրների հետ, բանակցություններ Բայդենի հետ և այց Պենտագոն 


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի

ԱՄՆ Կոնգրեսում օրենսդիրները հյուրընկալել են Ուկրաինայի նախագահին: 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարևորել է հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգերի տրամադրումը իր երկրին․ նախորդ շաբաթներին Ռուսաստանը լայնածավալ օդային հարձակումներ իրականացրեց Ուկրաինայի վրա, ինչի հետևանքով երկրի հինգ մարզերում՝ Ուկրաինայի արևմուտքում, կենտրոնական հատվածում և արևելքում էլեկտրաէներգիայի անջատումներ եղան։

Ըստ ուկրաինական կողմի, զոհվել են առնվազն երկուսը, վիրավորվել՝ տասնութը, այդ թվում՝ իննամյա աղջիկ։

«Անցած գիշեր ռուսաստանցի ահաբեկիչները ձեռնարկել են հերթական զանգվածային հարձակումը՝ մասնավորապես, ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ։ Հրթիռների մեծ մասը ոչնչացվել է, բայց ոչ բոլորը: [Մեզ հարկավոր է] ավելի շատ հակաօդային պաշտպանություն»,- գրել է Զելենսկին՝ պահանջելով լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Կրեմլի նկատմամբ և ավելի մեծ աջակցություն ցուցաբերել առաջնագծում մարտնչող ուկրաինացի զինվորներին:

Զելենսկու հայտարարություններն արվել են նրա՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում, և ամերիկյան կողմի հետ բանակացությունների օրակարգում է Կիևին՝ հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգերի տրամադրման հարցը։

Հինգշաբթի առավոտյան Զելենսկին ժամանել է Կապիտոլիում, ուր նրան դիմավորել են Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան անդամները։ Այնուհետև, Ուկրաինայի նախագահն այցելելու է Պենտագոն։ Հինգշաբթի երեկոյան Սպիտակ տանը Զելենսկուն սպասում է նախագահ Ջո Բայդենը։

Հիշեցնենք, Կոնգրեսում նստող որոշ արմատական հանրապետականներ սպառնում են արգելափակել Կիևին ցուցաբորվող բազմամիլիարդանոց օգնության նոր փաթեթը՝ դեմ հանդես գալով ԱՄՆ պետբյուջեի որևէ նախագծում Ուկրաինայի համար առանձնացնել ևս 24 միլիարդ դոլարի ռազմական և մարդասիրական օգնության փաթեթ, ինչն առաջարկում է Սպիտակ տունը:

«Ո՞րն է [ուկրաիանական պատերազմում] հաղթելու ծրագիրը: Կարծում եմ, ամերիկյան հանրությունը ցանկանում է իմանալ այս մասին»,- այս շաբաթ հայտարարել է Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Քևին ՄըքՔարթին:

Բայդենը խոստացել է աջակցել Կիևին՝ անկախ ամեն ինչից:

Ըստ ամերիկյան պաշտոնյաների, նախագահը և նրա կինը՝ Ջիլ Բայդենը, Սպիտակ տանը կդիմավորեն Զելենսկուն և նրա կնոջը՝ Ելենա Զելենսկայային, որից հետո երկու առաջնորդները բանակցություններ կվարեն Օվալաձև աշխատասենյակում։

Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ Բայդենը «անհամբեր սպասում է Ուկրաինայի գերագույն գլխավոր հրամանատարի հետ հանդիպմանը՝ անմիջապես նրանից տեղեկանալու, թե ինչ իրավիճակ է մարտադաշտում»:

Քիրբին նաև հիշատակել է Զելենսկու խնդրանքը՝ Կիևին տրամադրել հեռահար «ATACMS» հրթիռներ, որոնց վերաբերյալ դրական որոշումը «բացառված չէ», բայց դեռ չի կայացվել:

«Նախագահը Զելենսկու հետ կխոսի [Ուկրաինայի] կարիքների մասին և թե Միացյալ Նահանգներն ինչպես է շարունակելու բավարարել այդ կարիքները»,- ընդգծել է Քիրբին։

XS
SM
MD
LG