Հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ տևական ժամանակ է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ցանկությունն էր:
«Մեր բարեկամությունը երկար պատմություն ունի և դեռ երկար ճանապարհ կա անցնելու»,- ասել է Իսրայելի վարչապետը:
Սակայն այդ բարեկամությունը ամենևին չնպաստեց, որպեսզի նախորդ ինն ամիսներին, ինչ Իսրայելում Նեթանյահուն ձևավորեց նաև աջ ծայրահեղականներից կազմված կառավարություն, Բայդենը հանդիպի նրան։ Իսրայելը ԱՄՆ առանցքային դաշնակիցն է, և հրեական պետության ղեկավարներին սովորաբար հրավիրվում են Սպիտակ տուն՝ պաշտոնը ստանձնելուց հետո՝ մի քանի շաբաթվա ընթացքում:
Ըստ դիտորդների, Բայդենի հետ հանդիպման ձգձգման պատճառները մի քանիսն են՝ Նեթանյահուի կառավարության վերաբերմունքը պաղեստինցիների նկատմամբ, նրա ջանքերը՝ այսպես ասենք, զսպել երկրի դատական իշխանությունը, որոնք Բայդենը չորեքշաբթի կոչեց «ծանր խնդիրներ»։
«Ժողովրդավարական արժեքների պաշտպանութունը, ներառյալ՝ մեր համակարգերում զսպումներն ու հավասարակշռությունը, ինչպես նաև [իսրայելա-պաղեստինյան հակամարտության համար] երկու պետության գոյությունը ենթադրող բանակցված լուծման ճանապարհի պահպանումը, ընկած են մեր գործընկերության հիմքում»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Երկու ղեկավարները քննարկել են Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորությունը և դեռ Թրամփի վարչակազմի կողմից 2020 թվականին պատրաստված․սյպես կոչված, Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, որոնց նպատակն է հասնել հարաբերությունների նորմալացմանը Իսրայելի և արաբական որոշ հարևան-պետությունների միջև:
«Եթե ես և դուք 10 տարի առաջ խոսեինք Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, կարծում եմ, միմյանց կնայեինք զարմանքով»,- ասել է Բայդենը:
Սաուդցիների հետ համաձայնության կայացումը կարող է հանգեցնել մահմեդական այլ ազդեցիկ երկրների, օրինակ՝ Ինդոնեզիայի և Մալայզիայի կողմից Իսրայել պետության ճանաչմանը, ինչը Նեթանյահուի համար հսկայական հաղթանակ կլինի:
«Նման խաղաղությունը մեծ նշանակություն կունենա մեզ համար՝ արաբա-իսրայելական հակամարտությունն ավարտին հասցնելու, իսլամական աշխարհի և հրեական պետության միջև հաշտության հասնելու և Իսրայելի ու պաղեստինցիների միջև իրական խաղաղություն հաստատելու համար»:
Տակավին պարզ չէ՝ արդյո՞ք Նեթանյահուն կարող է քաղաքական առումով իրեն թույլ տալ գնալ նման համաձայնության, քանզի սաուդցիների պայմանն է, որ նորմալացումը հնարավոր է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը երկու պետություն ենթադրող լուծում գտնելու դեպքում: Մինչդեռ, Բենիամին Նեթանյահուի գլխավորած կոալիցիոն կառավարության բազմաթիվ անդամներ սատարում են հրեական բնակավայրերի ընդլայնումը և մերժում պաղեստինյան պետականությունը:
Երկու ղեկավարները նաև քննարկել են միջուկային տերություն դառնալու Իրանի փորձերը կանխելու հարցը։ Ըստ հաղորդագրության, Նեթանյահուն վերստին առաջարկել է հասնել Թեհանում իշխող վարչակազմի տապալմանը, ինչն ամերիկյան կողմը մերժել է։