ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ինչը կողմերի մոտ հույսեր է արթնացրել, որ երկկողմ հարաբերությունները կբռնեն ջերմացման ուղին։
Ըստ դիտորդների, մոտ անցյալում տեղ գտած հակասությունները դժվար թե լուրջ խոչընդոտ հանդիսանան թուրք-իսրայելական մերձեցմանը։ Մասնավորապես, նման կարծիքի է Թել Ավիվում գործող Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Գալյա Լինդենշտրաուսը:
«Երկու ղեկավարներն երկար ժամանակ իշխանության ղեկին են: Պրագմատիկ են և գիտեն, թե ինչպես համագործակցել, ինչպես կատարել շրջադարձ քաղաքականությունում։ Ընդհանուր առմամբ, դժվար թե գործ ունենանք սիրային հարաբերությունների հետ, և նրանք չեն լինի լավագույն ընկերներ կամ մտերիմ դաշնակիցներ»,- ասում է Լինդենշտրաուսը:
Թուրք պաշտոնյաները հանդիպումը բնութագրել են դրական, որի ժամանակ կողմերը կենտրոնացել են էներգետիկ հարցերի վրա․ այդ ոլորտում Անկարան Իսրայելին դիտարկում է որպես կարևոր գործընկեր։
Այս ամենի ֆոնին, սակայն, դիտորդները նշում են, որ փոխադարձ վստահությունը տակավին լուրջ խնդիր է կողմերի համար։
Լոնդոնի էներգետիկ ակումբի վերլուծաբան Մեհմեդ Օգութչուն նշում է․ «Իսրայելի և Թուրքիայի միջև փոխադարձ վստահություն չկա։ Այսինքն, եթե, օրինակ, գազամուղ կառուցեն, այն կարող է աշխատել առնվազն 50 տարի, բայց ինչ կլինի, եթե Էրդողանը կամ նրա հաջորդը մի օր որոշի փակել այն: Սա խնդիր է: Կարծում եմ, երկու երկրների միջև վստահությունն ամրապնդելու հնարավորություն կա, սակայն այն մոտ ապագայի հարց չէ»։
Երկկողմ մերձեցման պատճառներից է տարածաշրջանում Իրանի աճող ազդեցությունը:
Ադրբեջանը, որին աջակցում են և՛ Իսրայելը, և՛ Թուրքիան, այն վայրն է, ուր Թեհրանին վերաբերող կողմերի մտահոգությունները համընկնում են, քանզի Իրանը աջակցում է Ադրբեջանի հակառակորդ Հայաստանին:
Թուրք-իսրայելական համագործակցության կարևորությունը ընդգծվեց ևս մեկ անգամ, երբ Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության պատճառ հանդիսացող Լեռնային Ղարաբաղում օրերս վերսկսվեցին ռազմական գործողությունները:
«Իսրայելի համար Իրանը առանցքային սպառնալիք է։ Թուրքիայի համար Թեհրանը պարզապես անհանգստության պատճառ է: Սակայն բացառությունը Ադրբեջանն է․ նախորդ երկու տարիներին Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը զգալիորեն աճել է: Եվ այստեղ, միանշանակ, Իսրայելը Ադրբեջանի աջակիցն է, Թուրքիան՝ Ադրբեջանի դաշնակիցը»,- նշում է Գալյա Լինդենշտրաուսը։
Սակայն Էրդողանը աջակցում է պաղեստինցիներին, և Իսրայելի ու պաղեստինցիների միջև չդադարող հակամարտությունը խոչընդոտ է թուրք-իսրայելական հարաբերությունների նորմալացմանը։
Այդուհանդերձ, որոշ դիտորդների կարծիքով, Անկարան գիտակցում է, որ Իսրայելի հետ փոխգործակցությունը կարող է հնարավորություն ընձեռել պաղեստինցիներին ցուցաբերվող աջակցության գործում:
Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի ժամանակակից թուրքագիտության բաժնի փորձագետ Սելին Նասին նշում է․ «Քանի դեռ Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում խնդիրներ կային, Անկարան կորցրեց հնարավորությունը՝ ազդել պաղեստինցիների և իսրայելցիների միջև ընթացող գործընթացի վրա: Այժմ, երբ թուրք-իսրայելական հարաբերություններն ավելի ջերմ են, Թուրքիան հնարավորություն է ստանում ազդել գործընթացի վրա»:
Ըստ տեղեկությունների, Նեթանյահուն և Էրդողանը միմյանց հրավիրել են այցելել Թել Ավիվ ու Անկարա։ Էրդողանը, ով հավատացյալ մահմեդական է, ցանկություն է հայտնել այս տարի այցելել Երուսաղեմ և աղոթել Ալ-Աքսա մզկիթում՝ մահմեդականների համար կարևոր սրբավայրերից մեկում: