Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջինն էր, ով չորեքշաբթի հանդես եկավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Նա դատապարտեց Ռուսաստանի ներխուժումը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող՝ վետոների կարգը՝ կոչ անելով բարեփոխել որոշումների կայացման այդ համակարգը։
«Պատերազմը դադարեցնելն անհնար է, քանզի բոլոր փորձերը բախվում են ագրեսորի կամ ագրեսորին արադարացնողների վետոներին: Ագրեսիան կանխարգելող համակարգի անհրաժեշտություն կա՝ պետությունների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը խախտող գործողություններին արագ արձագանքելու միջոցով»,- հայտարարել է Զելենսկին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտպանել է իր երկրի ռազմական գործողությունները և քննադատությունն ուղղել Ուկրաինային աջակցողների կողմը։
«Հավաքական Արևմուտքը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, կամայականորեն ստանձնեց ողջ մարդկության ճակատագիրը որոշողի դերը և տառապելով բացառիկության բարդույթով՝ սկսեց ավելի ու ավելի անտեսել հիմնադիր հայրերի թողած ժառանգությունը»,- ասել է Լավրովը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը՝ այն որակելով ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում։
«Ոմանք պնդում են, թե Ուկրաինայի կողքին մնալը և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելը մեզ շեղում է այլ առաջնահերթություններից, ինչպիսիք են կլիմայական ճգնաժամին դիմակայելը, տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, առողջապահական համակարգերի ամրապնդումը: Սա կեղծ պնդում է։ Մենք կարող ենք և պետք է անենք երկուսն էլ։ Երկուսն էլ անում ենք»,- ասել է Բլինքենը:
Չինաստանի ներկայացուցիչը խոսել է Պեկինի միջնորդական ջանքերի մասին:
«[Մեր] հիմնական ուղերձն է՝ բանակցություններ անցկացնել խաղաղության հասնելու նպատակով»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Մա Չժաոսուն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ընդգծելով իր գլխավորած կազմակերպության հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը՝ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել:
«Այս պատերազմն արդեն անսահման տառապանք է պատճառում։ Դրա շարունակումը սպառնում է վերաճել վտանգավոր սրացման: Երկխոսությանը, դիվանագիտությանը և արդար խաղաղությանը երբեք այլընտրանք չկա»,- ասել է Գուտերեշը:
Գուտերեշը հավելել է, որ ՄԱԿ-ը կշարունակի ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ կազմակերպության կանոնադրության, միջազգային իրավունքի և Գլխավոր ասամբլեայի բանաձևերի համապատասխան: