Պետքարտուղար Բլինքենը զրուցել է Ալիևի ու Փաշինյանը հետ. կոչ Բաքվին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները 

Նկարում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկեն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություններ է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցների մասին Ադրբեջանի ու Հայաստանի առաջնոդների հետ:

Պետքարտուղարության տեղեկությամբ, «պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և դե-էսկալացնել իրավիճակը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ չկա ռազմական լուծում, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը՝ Բաքվի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի միջև առկա տարաձայնությունները լուծելու համար»:

Պետքարտուղարը նշել է, որ Ալիևը պատրաստակամություն է հայտնել ռազմական գործողությունները դադարեցնելու և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև հանդիպելու համար: Նա ընդգծել է դրա անհապաղ իրականացման անհրաժեշտությունը։

Նիկոլ Փաշինյանի հետ Բլինքենը զրուցել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին։ Պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը տիրող իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ վերադառնալ երկխոսության։

Նա վարչապետ Փաշինյանին ասել է, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։