ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառելու Ուկրաինայի օկուպացված շրջաններում «կեղծ ընտրությունների» պատասխանատուների նկատմամբ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Մոսկվայի կողմից կանխորոշված արդյունքներով «ընտրությունների» անցկացումը՝ ՄԱԿ-ի սկզբունքների կոպիտ խախտում է։

ԱՄՆ-ն մտադիր չէ ճանաչել «շինծու ընտրությունների» արդյունքները, որոնք Ռուսաստանը նախատեսում է անցկացնել սեպտեմբերին՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներում՝ Ղրիմում, Սևաստոպոլում, Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի մարզերում։ Բացի այդ, պատժամիջոցներ ու վիզային սահմանափակումներ են կիրառվելու բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կաջակցեն ռուսական ուժերի կողմից բռնազավթած ուկրաինական տարածքներում «ընտրությունների» անցկացմանը։

Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Ռուսաստանի Դաշնությունը ֆիկտիվ ընտրություններ է կազմակերպում Ուկրաինայի օկուպացված տարածքներում։ Այդ, այսպես կոչված, «ընտրությունները» տեղի են ունենում մոտ մեկ տարի անց այն բանից հետո, երբ Կրեմլը կազմակերպեց կեղծ հանրաքվեներ՝ Ռուսաստանին միացնելու Ուկրաինայի Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի ու Լուգանսկի շրջանները, և ավելի քան ինը տարի անց՝ Ռուսաստանին Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլի բռնակցումից հետո։ Կրեմլը հուսով է, որ կանխորոշված, շինծու արդյունքներով [քվեարկությունները] կամրապնդեն Ռուսաստանի անօրինական պահանջները Ուկրաինայի այն հատվածների նկատմամբ, որոնք նա գրավել է»,- նշված է Բլինքենի հայտարարությունում։

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի, այն սոսկ քարոզչական հնարք է, և որ Մոսկվայի գործողությունները վկայում են «ՄԱԿ-ի սկզբունքների բացահայտ անտեսման մասին, ինչպիսիք են՝ պետական ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, որոնք ընկած են համաշխարհային անվտանգության և կայունության հիմքում»։

«Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի Ռուսաստանի Դաշնության հավակնությունները Ուկրաինայի որևէ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Հիշեցնում ենք բոլոր այն անձանց, ովքեր կարող են աջակցել Ուկրաինայում Ռուսաստանի կեղծ ընտրություններին, այդ թվում՝ հանդես գալով որպես, այսպես կոչված, «միջազգային դիտորդներ», որ նրանք կարող են ենթարկվել. պատժամիջոցների ու վիզային սահմանափակումների»,- հավելել է Էնթոնի Բլինքենը:

Ռուսաստանի նահագների մեծ մասում ընտրությունները կանցկացվեն միասնական քվեարկության օրը և կտևեն երեք օր՝ սեպտեմբերի 8-10-ը։ Կրեմլը «ընտրություններ» է նշանակել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում, որոնց մի մասը ռուսական ուժերը գրավել են։