ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն նախկին համաձայնագրերի և Արդարադատության միջազգային դատարանի կարգադրության, իսկ Աղդամի ճանապարհի օգտագործումը կարող է դառնալ հիմնարար պահանջների հրատապ և ամենօրյա բավարարման կոնկրետ ու կայուն լուծման մաս` հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հավելելով, թե այս տարրերի շուրջ քննարկումները սկսվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում` ղեկավարների վերջին հանդիպումից հետո։
Եվրոպական խորհրդի նախագահն առաջարկում է քայլ առ քայլ մոտեցում ցուցաբերել այս հարցում, որն, իր համոզմամբ, կարող է նպաստել լարվածության թուլացմանը:
«Իրավիճակը տեղում սրընթաց վատթարանում է, հրամայական է դարձել քայլեր ձեռնարկել՝ հոգալու տեղի բնակչության կարիքները»,- ասված է Շառլ Միշելի խոսնակի տարածած հայտարարությունում:
Նաև նշված է, թե ԵՄ-ն` այլ միջազգային դերակատարների հետ այս ջանքերի շուրջ կանոնավոր անձնական շփումներ և կարծիքների փոխանակում է իրականացնում՝ պարզելու, թե ինչպես լավագույնս լուծել ներկա անկայուն իրավիճակը:
Your browser doesn’t support HTML5
Ինչպես հայտնի է դարձել «Ամերիկայի ձայնին», Վաշինգտոնը ևս խորապես մտահոգված է մարդասիրական կամ մասնավոր փոխադրումների համար Լաչինի միջանցքի փակ մնալու կապակցությամբ և իր մտահոգությունն այս առիթով հրապարակավ ու մասնավոր զրույցներում փոխանցել է Ադրբեջանի կառավարությանը: Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել Ադրբեջանի իշխանություններին՝ վերականգնել առևտրային, հումանիտար ու մասնավոր մեքենաների համար երկկողմանի ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Մեր ունեցած տեղեկության համաձայն, ԱՄՆ-ն աջակցում է Բաքվի ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսությանը և պատրաստ է օժանդակել որևէ գործընթաց, որը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու երկխոսության ընդլայնմանը: Վաշինգտոնը հորդորում է Բաքվին և Ստեփանակերտին ճանապարհների հարցում հանգել փոխզիջման` գտնելով, սակայն, որ Աղդամով ճանապարհը պետք է գործի ի հավելումն Լաչինի միջանցքին, ոչ թե` փոխարեն: Ամերիկյան կողմը մշտապես շեշտել է՝ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։
Իր հայտարարության մեջ ԵՄ-ը ևս կարևորել է «Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների» միջև երկխոսությունը և ընդգծել` «Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, իսկ կոնկրետ միջոցների շուրջ քննարկումները պետք է սկսվեն հնարավորինս արագ։ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունը պետք է ուղղված լինի վստահության ամրապնդմանը»:
Եվրոպական խորհդի նախագահը շեշտել է, որ այս բոլոր ջանքերի հիմնական նպատակն է «ապահովել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների անշրջելի կարգավորումը՝ ի շահ տեղի ողջ բնակչության»՝ հավելելով, թե «այժմ եկել է համարձակ փոխզիջումային լուծումների ժամանակը՝ նաև այսօրվա լարվածության լույսի ներքո»:
Ինչպես հայտնի է դարձել «Ամերիկայի ձայնին», Միացյալ Նահանգները ևս այն կարծիքին է, որ մոտ ապագայուն Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հասնել խաղաղության համաձայնագրին: Ամերիկյան կողմը գտնում է, որ շարունակում է մնալ խաղաղությանը հասնելու հնարավորությունը, չնայած վերջին շրջանում առաջընթացի բացակայությանը:
Մեր ունեցած տեղեկություններով, Միացյալ Նահագները իր պատրաստակամությունն է հայտնել Երևանին ու Բաքվին` շարունակել երկխոսությանն աջակցելու իր առաքելությունը, և վերստին պատրաստ է հյուրընկալել կողմերին Վաշինգտոնում։ Այս պահին չկա որևէ հստակություն ժամկետների առումով, սակայն Վաշինգտոնում գտնում են, որ առկա է եզակի հնարավորություն` առաջընթաց գրանցել այնտեղ, որտեղ նախկինում հնարավոր չի եղել հասնել համաձայնության:
Վաշինգտոնում դրական են վերաբերվում կողմերի միջև հաղորդակցության ուղիների վերաբացմանը, որը կարող է նպաստել առևտրատնտեսական կապերի սկզբնավորմանը, ընդհանուր խաղաղության հաստատմանը, ինչպես նաև` կողմերի միջև վստահության ձևավորմանը։ Այդուհանդերձ, գտնում են, որ ցանկացած պայմանավորվածություն պետք է համաձայնեցված լինի երկու կողմերի` Բաքվի և Երևանի միջև:
Մեր ունեցած տեղեկություններով, Վաշինգտոնն ու Բրյուսելը սերտորեն համագործակցում են և համատեղ ջանքեր գործադրում` Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման շուրջ՝ մշտապես քննարկելով խաղաղ գործընթացին վերաբերող հարցեր: