Մատչելի հղումներ

Եվրոպան խորհրդի նախագահ Միշելը «քայլ առ քայլ» մոտեցում է առաջարկում Լաչինի միջանցքի արգելափակումն վերացնելու ուղղությամբ


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի խոսնակն այսօր  հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության վերաբերյալ, ուր մասնավորապես ասված է.

«Նախագահ Միշելը շարունակել է ակտիվորեն ներգրավված լինել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման գործում: Նախորդ շաբաթների ընթացքում նրա ջանքերը, որոնք աջակցություն էին ստանում Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից, առաջնահերթ կարգով կենտրոնացած էին Ղարաբաղի հայերի հումանիտար իրավիճակի լուծման ուղղությամբ:

Տոյվո Կլաարը և նախագահ Միշելի թիմը հաճախակի կապի մեջ են եղել Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ ապաշրջափակման հարցում լուծում գտնելու համար։ Իրավիճակը տեղում սրընթաց վատթարանում է, հրամայական է դարձել քայլեր ձեռնարկել՝ հոգալու տեղի բնակչության կարիքները:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն առաջարկել է քայլ առ քայլ մոտեցում, որը հետևողականորեն կարտացոլի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործումն ու Աղդամի երթուղու բացումը։ Այս քայլերի հաջորդականությունը և բեռների տեսակը, որոնք մատակարարվելու են այս ճանապարհներից յուրաքանչյուրով, ինչպես նաև դրան հաջորդող ընթացակարգերը, եղել են վերջին քննարկումների առանցքում:

ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն նախկին համաձայնագրերի և Արդարադատության միջազգային դատարանի կարգադրության, ինչպես նաև նշում է, որ մատակարարումների համար Աղդամի ճանապարհի օգտագործումը կարող է դառնալ հիմնարար պահանջների հրատապ և ամենօրյա բավարարման կոնկրետ ու կայուն լուծման մաս: Այս տարրերի շուրջ քննարկումները սկսվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում ղեկավարների վերջին հանդիպումից հետո։

ԵՄ-ը նաև ընդգծել է, որ Բաքում պետք է հստակություն ապահովի Ղարաբաղի հայերի համար՝ Լաչինի միջանցքով դեպի Հայաստան և Հայաստանից վերադառնալու ընթացակարգերի առնչությամբ: Զուգահեռաբար՝ մտքերի փոխանակումները նաև կենտրոնացել են Ղարաբաղի հայերին համար էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումների շուտափույթ վերականգնման շուրջ:

Այս ամենից զատ՝ ԵՄ-ն շեշտել է հակամարտության ժառանգության հետ կապված հարցերի կարգավորման անհրաժեշտությունը՝ կյանքի կոչելու համար երկարաժամկետ կայուն լուծում: Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունն այս առումով էական կլինի։

Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, իսկ կոնկրետ միջոցների շուրջ քննարկումները պետք է սկսվեն հնարավորինս արագ։ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունը պետք է ուղղված լինի վստահության ամրապնդմանը։

Այդ նպատակով ԵՄ-ը տարբեր առաջարկներ է ներկայացրել այս գործընթացին միջազգային աջակցություն ցուցաբերելու առումով, ինչպես նաև տեղում ներգրավվելու՝ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելու նպատակով:

Վերոնշյալ բոլոր ջանքերը միայն մեկ նպատակ ունեն՝ ապահովել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների անշրջելի կարգավորումը՝ ի շահ տեղի ողջ բնակչության։ Այժմ եկել է համարձակ փոխզիջումային լուծումների ժամանակը՝ նաև այսօրվա լարվածության լույսի ներքո:

Գործադրված այս ջանքերում ԵՄ-ն ներգրավված է եղել այլ միջազգային դերակատարների հետ՝ կանոնավոր անձնական շփումների և կարծիքների փոխանակման միջոցով, թե ինչպես լավագույնս լուծել ներկա անկայուն իրավիճակը»:

XS
SM
MD
LG