Մատչելի հղումներ

Խրախուսում ենք ուղիղ բանակցություններ Բաքվի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ


ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդ
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախագահող, ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդի խոսքը Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ արտակարգ նիստին: Իր ելույթում դեսպան Թոմաս-Գրինֆիլդն ասել է.

«Միացյալ Նահանգները մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով: Մենք խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի փակմամբ, որը դադարեցրել է առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը և սրել հումանիտար իրավիճակը։ Սննդի, դեղորայքի, մանկական սննդի և էներգիայի հասանելիությունը երբեք չպետք է պատանդ լինի:

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, որպեսզի առևտրային, մարդասիրական և մասնավոր ավտոմեքենաները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

Մենք նաև նշում ենք մարդասիրական մատակարարումների լրացուցիչ երթուղիների փոխզիջման հնարավորությունը և գիտակցում, որ անցած դեկտեմբերից ի վեր ԿԽՄԿ-ն նպաստել է բժշկական օգնության կարիք ունեցող ավելի քան 700 անձանց տեղափոխմանը Լաչինի միջանցքի միջոցով: Չեզոք, անաչառ, հումանիտար և անկախ մարդասիրական հասանելիությունն ու օգնությունը, ներառյալ բժշկական պատճառներով տեղափոխումները, չպետք է խոչընդոտվեն:

Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ ընդգծել կողմերի անհրաժեշտությունը շարունակելու բանակցությունները՝ ուղղված հակամարտության կայուն, խաղաղ կարգավորմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Խաղաղության այս քննարկումները պահանջում են բոլոր կողմերից ցուցաբերել ճկունություն և փոխզիջումների գնալու կարողություն: Թույլ տվեք հստակ նշել. տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղում անձանց իրավունքների և անվտանգության պաշտպանությունը:

Միացյալ Նահանգները կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և անհապաղ դադարեցնել ցանկացած գործողություն, որը խաթարում է խաղաղ գործընթացը։ Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները: Միջազգային հանրությունը պետք է շարունակի դիվանագիտորեն ներգրավվել երկխոսության և կայուն, արժանապատիվ խաղաղության հաստատման համար:

Բանակցությունները կենսական նշանակություն ունեն տեւական խաղաղության համար: Մենք աջակցում ենք ցանկացած ձևաչափի, որը թույլ է տալիս Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Մենք խրախուսում ենք բոլոր կողմերին ուղղակի բանակցություններ վարել, այդ թվում՝ Բաքվի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև։

Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան խթանելուն: Մենք կշարունակենք երկկողմ և բազմակողմ համագործակցությունը բոլոր գործընկերների հետ՝ օգնելու կառուցել այս պայծառ ապագան»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը:

XS
SM
MD
LG