Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկեց Լաչինի միջանցքի շրջափակումն ու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Նյու Յորք, ԱՄՆ, 16 օգոստոսի, 2023 թ.
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Նյու Յորք, ԱՄՆ, 16 օգոստոսի, 2023 թ.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանի խնդրանքով արտակարգ նիստ գումարեց Լաչինի միջանցքի հարցով, ուր բացի Բաքվից և Երևանից ելույթ ունեցան նաև խորհրդի մշտական և ոչ մշտական անդամներ, ԵՄ ու Թուրքիայի ներկայացուցիչներ

ԱՄՆ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով և խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքի փակմամբ, որը դադարեցրել է առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը և սրել հումանիտար իրավիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին հրատապ նիստին հայտարարել է քննարկումը նախագահող, ՄԱԿ-ոմ ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

Նա կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, այդ թվում մարդասիրական և կոմերցիոն նպատակների համար: «Սննդի, դեղորայքի, մանկական սննդի և էներգիայի հասանելիությունը երբեք չպետք է պատանդ լինի: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, որպեսզի առևտրային, մարդասիրական և մասնավոր ավտոմեքենաները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»:

Նա կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը: «Խաղաղության այս քննարկումները պահանջում են բոլոր կողմերից ցուցաբերել ճկունություն և փոխզիջումների գնալու կարողություն: Թույլ տվեք հստակ նշել. տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղում անձանց իրավունքների և անվտանգության պաշտպանությունը»:

Ամերիկացի դիվանագետը շեշտում է՝ բանակցությունները կենսական նշանակություն ունեն տևական խաղաղության հաստատման համար: «Մենք խրախուսում ենք բոլոր կողմերին ուղիղ բանակցություններ վարել, այդ թվում՝ Բաքվի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև»:

Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել էր օգոստոսի 16-ին Հայաստանի խնդրանքով: Նիստին մասնակցում էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: «Նման աղետի կանխումը ՄԱԿ-ի և այս Խորհրդի հիմնական պարտականությունն է: Ես իսկապես կարծում եմ, որ այս նշանավոր կառույցը, չնայած աշխարհաքաղաքական տարաձայնություններին, կարող է հանդես գալ որպես ցեղասպանության կանխարգելման, այլ ոչ ցեղասպանության ոգեկոչման կառույց, երբ արդեն շատ ուշ կլինի»:

Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր վիճակը՝ Միրզոյանն ընդգծեց՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի, իսկ ինչ վերաբերում է այլ հնարավոր հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում:

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը կտրականապես հերքեց Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում բնակչության ծանր մարդասիրական կացության մասին հաղորդումները՝ դրանք որակելով «անհիմն և չապացուցված», որոնք, ըստ ադրբեջանցի դիվանագետի, տարածում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի: «Հայաստանի ջանքերը ներկայացնելու խնդիրը որպես հումանիտար հարց իրականում սադրիչ և անպատասխանատու քաղաքական արշավ է՝ իմ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խարխլելու համար»:

Նիստի սկզբում ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի կառույց հանդիսացող Հումանիտար հարցերի համակարգման վարչության (OCHA) ներկայացուցիչ Էդեմ Վոսորնուն, ով ընդգծեց, որ կառույցը չունի հնարավորություն անկախ հաստատել կամ հերքել Լաչինի միջանցքով տեղաշարժի վերաբերյալ ու Լեռնային Ղարաբաղում ծանր հումանիտար վիճակի մասին տեղեկությունը, սակայն տեղյակ է այն հաղորդումների մասին, որոնք հայտնում են այնտեղ ստեղծված ծանր հումանիտար կացության և հումանիտար բեռների տարանցման խոչընդոտների մասին: «Միջազգային մարդասիրական իրավունքը շատ հստակ է. կողմերը պետք է թույլ տան և դյուրացնեն մարդասիրական օգնության արագ և անարգել տրամադրումը կարիքավոր բոլոր քաղաքացիական անձանց: Նրանք պետք է ապահովեն, որ մարդասիրական օգնության անձնակազմն ունենա իրենց գործառույթների համար անհրաժեշտ տեղաշարժի ազատություն»:

Նիստին ելույթ ունեցան Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ Գաբոնը, Բրազիլիան, Ճապոնիան, Գանան, Ալբանիան, Մալթան , Շվեյցարիան, Էկվադորը, Միացյալ արաբական էմիրություններն ու Մոզամբիկը, որոնք ևս մտահոգություն հայտնեցին Լաչինի միջանցքի փակման ու ազատ տեղաշարժի դադարեցման, դրա հետևանքով ստեղծված մարդասիրական իրավիճակի, կողմերի միջև լարվածության աճի կապակցությամբ՝ կոչ անելով զերծ մնալ ուժի կիրառումից, իսկ խնդիրները կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով ու միջազգային իրավունքի շրջանակներում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար 37 կանոնի համաձայն նիստին մասնակցեց նաև Թուրքիան, որն իր աջակցությունը հայտնեց Բաքվի դիրքորոշմանը: Այս կանոնը թույլ է տալիս Անվտանգության խորհուրդի քննարկմանը հրավիրել խորհրդի անդամ չհանդիսացող պետությանն առանց քվեարկելու իրավունքի, եթե քննարկվող հարցում շոշափվում են տվյալ երկրի շահերը: Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությունը նիստին ևս ապահովված էր այդ կանոնի համաձայն:

Անվտանգության խորհրդի մշտական անդամ Մեծ Բրիտանիան իր հերթին կարևորել է խաղաղ բանակցությունները կողմերի միջև: Լոնդոնի ներկայացուցիչը շեշտել է, որ Մեծ Բրիտանիան խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի գործածման շարունակական խափանումներով, որոնք սպառնում են կյանքեր փրկող դեղամիջոցների, բժշկական այլ միջոցների և առաջնային ապրանքների ու ծառայությունների մատակարարմանը, ինչը հանգեցնում է հումանիտար հետևանքների տեղի բնակչության համար: Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչն ընդգծել է՝ չափազանց կարևոր է հարգել Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի որոշումը:

Մեկ այլ մշտական անդամ Ռուսաստանը, մտահոգություն հայտնելով Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ, կարևորել է հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտարարությունները: «Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի 2020-2022 թվականների բոլոր հայտարարությունները հանդիսանում են Բաքվի և Երևանի հաշտեցման ճանապարհային քարտեզ, որը չունի այլընտրանք»:

Չինաստանը ևս ընդգծել է ՌԴ-ի աջակցությամբ եռակողմ հայտարարությունների կարևորությունը՝ նշելով, որ ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին, իսկ խնդիրները պետք է կարգավորվեն երկխոսությամբ միջազգային իրավունքի ու նորմերի համաձայն: Մենք խրախուսում ենք Հայաստանին և Ադրբեջանին շարունակել հանդիպել՝ համատեղ հայտարարությունների և նախորդ ժամանակաշրջանում գործադրված ջանքերի հիման վրա և համապատասխան կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի միջնորդությամբ, նշել է Չինաստանի ներկայացուցիչը:

Մեկ այլ մշտական անդամ Ֆրանսիան իր ելույթում ընդգծեց, որ Լաչինի միջանցքի փակումը հանգեցրել է մարդասիրական ճգնաժամի ու հակասում է միջազգային օրենքին: Փարիզը կոչ արեց Բաքվին անհապաղ ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև հնարավորություն տալ ՄԱԿ-ի կառույցներին և այլ մարդասիրական կազմակերպություններին Լաչինի միջանցքի վերաբացմամբ անխափան մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ հումանիտար առաքելության համար: «Միջազգային իրավունքի խախտմամբ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի և այլ մարդասիրական դերակատարների գործունեության վրա դրված սահմանափակումներն ու խոչընդոտներն ընդունելի չեն։ Հաշվի առնելով հումանիտար իրավիճակի լրջությունը, Ֆրանսիան կոչ է անում անվերապահորեն և անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժը երկու ուղղություններով և բնակչությանը շարունակական մատակարարել գազ և էլեկտրականություն»:

Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու հրավեր ստացած ՄԱԿ-ում ԵՄ առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար Սիլվիո Գոնզատան, ով իր ելույթում ընդգծեց, որ Բրյուսելը մեծ մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շրջափակման արդյունքում ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակին, որն, ըստ ԵՄ ներկայացուցչի, ազդում է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության վրա: «Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է անմիջապես վերականգնվի: Հիմնվելով 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության և 2023 թվականի փետրվարի ԱՄԴ-ի որոշման վրա` Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում ապահովելու անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով»:

ԵՄ ներկայացուչի խոսքով, Բրյուսելը ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը՝ մարդասիրական բեռներ մատակարարել նաև Աղդամի ճանապարհով, սակայն այս նախաձեռնությունը չպետք է դիտարկվի որպես այլընտրանք Լաչինի միջանցքի վերաբացմանը, շեշտել է ԵՄ-ի ներկայացուցիչը:

XS
SM
MD
LG