Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում ամերիկա-իսրայելական հարաբերությունների առանցքային կետերի շուրջ՝ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ Իրանն ամենամեծ սպառնալիքն է երկու երկրների համար․ «Իրանը միջուկային կարողություններ է զարգացնում, որոնք վտանգ են ներկայացնում Մերձավոր Արևելքի և արտատարածաշրջանային կայունությանը»:
Հերցոգի այցը տեղի է ունենում Հորդանան գետի արևմտյան ափի հրեական բնակավայրերում շարունակվող շինարարության շուրջ հակամարտության պայմաններում: Նախագահ Հերցոգը կողմ է շինարարությանը՝ հայտարարելով, թե Իսրայելը խաղաղության որևէ ծրագիր չի քննարկի, քանի դեռ ահաբեկչական սպառնալիքի առջև է․ «Իրական խաղաղությունը չի կարող խարսխվել բռնության վրա»:
Այս ամսվա սկզբին «Հըզբոլլահի» առաջնորդ Սայեդ Հասան Նասրալլան հայտարարել էր, որ Իսրայելի վերահսկողության ներքո գտնվող լիբանանյան հողերը պետք է ազատագրվեն: «Սա լիբանանյան հող է: Իսրայելցիները կրկին գրավեցին այն։ Ոչ միայն վերաբնակեցրեցին, այլև ցանկապատեցին»։
Your browser doesn’t support HTML5
Հերցոգի ելույթից առաջ Կոնգրեսի որոշ անդամներ մտահոգություն հայտնեցին պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի կառավարության դիրքորոշման առնչությամբ: Հերցոգն արձագանքեց, թե հրեական պետությունը ժխտում է հակասեմականությունը, սակայն ընդունեց՝ այդ առումով խնդիրներ կան․ «Իսրայելցիների և ամերիկացիների նոր սերունդը ստանձնում է առաջնորդի դեր, մի սերունդ, որը ծանոթ չէ Իսրայելի ստեղծման տարիների դժվարություններին: Սերունդ, որն ավելի քիչ է կպած մեր ժողովուրդներին կապող արմատներին։ Սերունդ, որը, թերևս, ընդունում է ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունների [կարևորությունը]»:
Հերցոգը նաև անդրադարձավ Իսրայելի դատական համակարգը բարեփոխումների ենթարկելու վարչապետ Բենյամին Նեթանյահուի ծրագրին, որը շատերի կարծիքով ավտորիտարիզմ տանող ուղի է․ «Անգամ այս պահին շարունակվող բուռն բանավեճերը՝ Իսրայելի ժողովրդավարության ամրության ամենավառ ապացույցն են: Իսրայելի ժողովրդավարությունը միշտ հիմնված է եղել ազատ և արդար ընտրությունների, ժողովրդի ընտրությունը հարգելու, փոքրամասնությունների իրավունքներն ու մարդու և քաղաքացու ազատությունները պաշտպանելու, ուժեղ և անկախ դատական համակարգի վրա»:
«Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում Բարեփոխական հուդայականության կրոնական գործողությունների կենտրոնի ներկայացուցիչ Ռաբբի Ջոնա Պեսներն ասաց, թե Իսրայելի կառավարությունում զզպումների և հակակշիռների վերացումը անհանգստություն է առաջա բերել:
«Ինչ առաջարկել է [Իսրայելի] այս վարչապետը և նրա գլխավորած խնդրահարույց կոալիցիան, լուրջ խնդիր է: Ցանկանում են այնպես անել՝ սկսած դատավորների ընտրության ձևի փոփոխությունից, որպեսզի կարողանան ընտրել իրենց դատավորներին»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նեթանյահուին հրավիրել է այս աշնանը այցելել Միացյալ Նահանգներ։