Մատչելի հղումներ

Իսրայելն ու Սաուդյան Արաբիան փորձում են բարեկամանալ. Հույսը Բայդենի միջնորդությունն է


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը ժամանում է Իսրայել, որից հետո ուղիղ թռիչքով մեկնելու է Սաուդյան Արաբիա, մի քայլ, որն Իսրայելին թույլ է տալիս հավատալ, որ կարող է ճանապարհ հարթվել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև վերջնական դիվանագիտական հարաբերությունների համար:

Իսրայելը հույս ունի, որ տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը կհայտարարի Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին:

Իսրայելի կառավարության մամուլի գրասենյակն արդեն հրապարակել է հայտարարություն այն մասին, որ

Իսրայելն իր ձեռքն է մեկնում տարածաշրջանի բոլոր երկրներին և կոչ է անում նրանց կապեր հաստատել իր հետ:

Չնայած իսրայելցի վերլուծաբաններն ասում են, որ թեև այժմ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը հավանական չէ, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը այլ բարեփոխումների հետ մեկտեղ աստիճանաբար շարժվում է այդ ուղղությամբ:

Վերլուծաբաններն ասում են, թե թագաժառանագը գիտի, որ իր երկիրն այլևս չի կարողանալու հարստանալ միայն նավթի միջոցով: Նավթի վերջն արդեն գալիս է, ասում են նրանք: Եվ այդ պատճառով հարկավոր է արդիականանալ, ինչի համար հարկավոր է ամրապնդել կապերը տարածաշրջանում ամենահաջողակ երկրի հետ: Իսկ այդ երկիրն Իսրայելն է: Սաուդյան Արաբիայում հարգում են նաեւ Իսրայելի ռազմական կարողությունները, որը, ասում են նրանք, կարողացել է զսպես Իրանին:

Ակնկալվում է, որ նախագահ Բայդենը կհայտարարի տարածաշրջանային պաշտպանական խումբ կազմելու մասին, որի մեջ կմտնեն Իսրայելը և Սաուդյան Արաբիան:

Պաղեստինցիները չեն հրավիրվի միանալու: Եվ չնայած Բայդենը հանդիպելու է նաեւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին, պաղեստինցի առաջնորդները հիասթափված են, որ Բայդենի այցն ավելի շատ ուղղված է Իսրայելի հետ տարածաշրջանային դաշինքների խորացմանը, քան իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը:

Պաղեստինի վարչապետ Մուհամմեդ Շտայենն ասում է, որ

«Արաբական հարաբերությունների կարգավորումը, առանց օկուպացիան դադարեցնելու, ոչ այլ ինչ է, քան պատրանք, միրաժ և մեծ ու անվճար վարձատրություն Իսրայելի համար»:

Ինչ վերաբերում է Իրանի սպառնալիքին, Իսրայելը և Սաուդյան Արաբիան շատ ընդհանրություններ ունեն, և վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՆ-ի դիվանագիտական ճնշումը կարող է օգնել ընդլայնել նոր կապերը տարածաշրջանում:

XS
SM
MD
LG