The Financial Times. Հայաստանը՝ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի՝ մետաքսի նոր ճանապարհի կենտրոնում

Երևան, ՀՀ

Հազարավոր օգտագործված ավտոմեքենաներ բերվել են Կովկաս՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի արգելքները շրջանցելու համար: Բրիտանական The Financial Times պարբերականը կրկին անդրադարձել է Հայաստանից դեպի պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստան ապրաքաշրջանառության ծավալմների մեծացման հարցին:

Պոլինա Իվանովայի հեղինակությամբ The Financial Times-ի հոդվածը պատմում է արևմտյան երկրներից ավտոմեքենաների Հայաստան ներկրման և դրանց Ռուսաստան վերաարտահանման մասին: Գյումրիից և Երևանից Իվանովան հաղորդում է, որ Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիի ծայրամասում գտնվող մաքսատան շենքից մեքենաների շարքերը շարժվում են տարբեր ուղղությամբ։ Ավտոմեքենաներից շատերը վնասված են:

Ըստ հեղինակի՝ ավտոմեքենաների միջև շրջում են ռուս երիտասարդներ: «Նրանց համար Կովկասի այս անկյունը դարձել է առանցքային կետ զարգացող առևտրային ճանապարհի վրա, որտեղից օգտագործված ավտոմեքենաներ են ներմուծվում Ռուսաստան»: Հեղինակը հիշեցնում է՝ Մոսկվայի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման հետ կապված պատժամիջոցները արգելափակել են արևմտյան ապրանքանիշի ավտոմեքենաների ներմուծումը երկիր:

«Հայաստանը ավտոմեքենա արտադրող երկիր չէ, սակայն ավտոմեքենաների արտահանումը փոքր երկրից Ռուսաստան աճել է անցյալ տարվա Ուկրաինա ներխուժումից հետո՝ 2022 թվականի հունվարին արձանագրված 800 հազար դոլարի չափով ավտոմեքենաների արտահանումից հասնելով մինչև այս տարվա նույն ամսին 180 միլիոն դոլարից մի փոքր ավելի»:

Your browser doesn’t support HTML5

Հայաստանն առանցքային հանգույց է դեպի պատժամիջոցների տակ Ռուսաստան ավտոմեքենաներ վերաարտահանելու համար. The Financial Times

«Ռուսաստանում բոլոր ավտոդիլերները փակվել են, BMW-ն, Audi-ն, ամեն ինչ»,- ասում է երիտասարդ մի վաճառող: Ինչպես Գյումրիի մաքսային տերմինալում աշխատող մյուս ռուսները, նա հրաժարվեց հայտնել իր անունը:

Ըստ հեղինակի՝ այստեղ ամենուրեք կարելի է հանդիպել բրոկերային ընկերությւոնների հայտարարություններ՝ «տրանսպորտային միջոցներ գնում ԱՄՆ-ի աճուրդներում», «փակ կոնտեյներով տեղափոխում Գյումրի», «վերարտահանում դեպի Ռուսաստան»:

Ըստ հոդվածի հեղինակի՝ «ավտոմեքենաներն ամենավառ օրինակն են, սակայն Հայաստանից Ռուսաստան այլ ապրանքների արտահանումը նույնպես աճել է, ինչը հանգեցրել է երկու երկրների միջև առևտրի գրեթե կրկնակի աճի 2022 թվականին»։

Ռուսաստանցի սպառողները դիմել են երրորդ երկրներին՝ այնտեղ փնտրելով այն ապրանքատեսակները, որոնք անհետացել են արևմտյան պատժամիջոցների և կորպորացիաների հեռանալու հետևանքով: Այդպիսի երկրներից են Հայաստանը, Թուրքիան և Ղազախստանը, որոնք տեղակայված են սպառողական ապրանքաշրջանառության առևտրային նոր ճանապարհի կենտրոնում, նշված է հոդվածում:

Հայաստանի դեպքում դա հանգեցրել է հսկայական բումի, որի համախառն ներքին արդյունքը 2022 թվականին աճել է ռեկորդային 13 տոկոսով, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Բայց դա նաև հիասթափեցրել է արևմտյան երկրներին: ԱՄՆ պաշտոնյաները մարտին Հայաստանը ներառել են այն պետությունների թվում, որոնք օգտագործվում են դեպի Ռուսաստան «արգելված ապրանքներ տեղափոխելու համար»: ԵՄ-ի վերջին պատժամիջոցների փաթեթը, որը ուղղված է երրորդ երկրների շրջանցումը կանխելուն, պատասխանատուների թվում ներառել է նաև Հայաստանում գործող կազմակերպություններին:

Հայաստանի կառավարությունը կտրականապես հերքում է մեղադրանքը։ Պատժամիջոցների շրջանցման մասին հաղորդումները «ոչ այլ ինչ են, քան ասեկոսեներ», մարտին ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իրականությունը ճիշտ հակառակն է»:

«Հայաստանի ղեկավարությունը հստակորեն հրապարակայնորեն հայտարարել է բոլոր ռիսկային ապրանքների առևտուրը սահմանափակելու իր հանձնառության մասին», - հայտնել է ԱԳՆ-ը՝ հավելելով, որ սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ և կազմել է ապրանքների ցանկ, որոնք կարող են օգտագործվել ռուս զինվորականների կողմից: Վերջիններս այժմ գտնվում են խիստ վերահսկողության տակ»։

Ըստ հոդվածի՝ ռուսների համար արտասահմանյան ավտոմեքենաները թանկ հաճույք են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն արգելեց բոլոր տեսակի՝ օգտագործված կամ նոր ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան: ԵՄ-ը նաև արագորեն արգելեց 50,000 եվրո արժողությամբ ավտոմեքենաների արտահանումը և վերջերս ընդլայնեց այն՝ ներառելով մոտ երկու լիտր և ավելի մեծ շարժիչ ունեցող բոլոր ավելի մեծ ավտոմեքենաները:

«Արտասահմանյան շատ ավտոմոբիլային ընկերություններ վաճառել են իրենց արտադրական գործարանները և փակել ավտոսալոնները Ռուսաստանի ներսում: Ոմանք նույնպես դուրս են եկել շուկայից, թեև ուղղակի արտահանման վերահսկողության ենթակա չեն: Հարավկորեական Hyundai-ն դադարեցրել է գործունեությունը և նախատեսում է վաճառել իր ռուսական գործարանները:

Չինական մոդելները հասանելի են, բայց ոչ այդքան հայտնի: Ներքին մոդելները քիչ են, և դրանց արտադրությունը զգալիորեն տուժել է պատժամիջոցների պատճառով, որոնք ավտոարտադրողներին կտրում են բարձր տեխնոլոգիական արտադրության գործիքներից: Սեքոնդ-հենդ շուկայում գները բարձրացել են»:

Հեղինակի խոսքով՝ ավտոմեքենաները հիմնականում ԱՄՆ-ից ժամանում են Վրաստանի Փոթի սևծովյան նավահանգիստ: Շատերն այնուհետև բերվում են Հայաստան՝ մաքսազերծման համար, քանի որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի մաքսազերծված առևտրային նույն գոտի:

«Գյումրի քաղաքը առանցքային հանգույց է, որտեղից ավտոմեքենաները ճանապարհով շարժվում են դեպի հյուսիս՝ դեպի Ռուսաստան՝ կրկին անցնելով Վրաստանի տարածքով»:

«Այս սխեման՝ ԱՄՆ-Վրաստան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան, միակը չէ։ Դրանք շատ են»,- հոդվածը մեջբերում է Սանկտ Պետերբուրգից Գյումրի եկած առևտրական Պավելի խոսքերը, ով հրաժարվեց հայտնել իր իրական անունը: Նա տեղեկացրեց, որ առաջին անգամ է փորձում այս ճանապարհով ավտոմեքենա ներկրել և չբացառեց ապագայում այս բիզնես ոլորտի մեջ մտնելը:

«Շատ այլ առևտրականներ նույնպես գնում են ամերիկյան ավտոմեքենաներ: 2022 թվականի հունվարին՝ մինչև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկիզբը, Հայաստանը ԱՄՆ-ից ներմուծել է 2,8 մլն դոլարի ավտոմեքենա։ Սակայն մեկ տարի անց այդ թիվը հասավ 29,5 միլիոն դոլարի: Այդ ժամանակից ի վեր փոխարժեքը շարունակել է բարձրանալ: Այս տարվա ապրիլին Հայաստանը ներմուծել է 34 մլն դոլարի ամերիկյան ավտոմեքենա», տեղեկացնում է հոդվածը:

«Մեծ մասը գնվում է էժան գներով ԱՄՆ-ում երկրորդ ձեռքի ապահովագրության աճուրդներում, որտեղ մեքենաները համարվում են դուրս գրված ապահովագրողների կողմից, պատմում են գնորդները և բրոքերները: Այնուհետև ավտոմեքենաները վերանորոգվում են Վրաստանի կամ Հայաստանի վերանորոգման կետերում, որը ապահովում է շահույթի զգալի մասը: Վերանորոգված օգտագործված ավտոմեքենաները Ռուսաստանում կարող են վաճառվել իրենց արժեքից շատ ավելի թանկ՝ չնայած այն երկար ճանապարհին, որը նրանք պետք է անցնեն:

«Ռուսաստանում վաճառված նոր ավտոմեքենաների թիվը նախորդ տարի նվազել է 60 տոկոսով, մինչդեռ ներքին արտադրությունը՝ արևմտյան ավտոարտադրողների հեռանալուց հետո, անկում է ապրել մինչև 1991 թվականի մակարդակը՝ հասնելով Խորհրդային Միության փլուզումից հետո եղած մակարդակին, Autostat-ի տվյալներն է մեջբերում Reuters գործակալությունը»:

Այժմ նույնպես ավելի շատ չինական նոր ավտոմեքենաներ են վաճառվում, ընդ որում՝ պետական Chery ապրանքանիշի շուկայական մասնաբաժինը այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա հետ համեմատ աճել է 165 տոկոսով: Ռուսաստանը դարձել է չինական ավտոմեքենաների խոշորագույն ներկրողը»:

Հոդվածում հեղինակն ընդգծոււմ է, որ ռուսաստանցիների մեծ մասը դիմել է օգտագործված ավտոմեքենաների գնմանը։ Անցյալ տարի օգտագործված ավտոմեքենաները կազմել են վաճառքի գրեթե երեք քառորդը: Բայց նույնիսկ այս շուկան է նվազում, ասում է ռուս երիտասարդ Ալեքսանդրը, ով Գյումրիի մաքսատանը ավտոմեքենա է մաքսազերծում իր անձնական օգտագործման համար: Գները թանկ են, իսկ օգտագործված լավ ավտոմեքենաները պակասում են։

Ալեքսանդրը պատմում է, որ նոր է վաճառել իր Ford Focus ավտոմեքենան Ռուսաստանում՝ դրա դիմաց ստանալով ավելի շատ գումար, քան վճարել է նոր ավտոմեքենան գնելիս 2009 թվականին, «չնայած այն հնացել է, վազքը մեծացել է, և լավ վիճակում չի եղել»: Նա նախընտրեց օգտագործել վաճառքից այդ միջոցները Կովկասում մեքենա գտնելու համար, պատմում է նա, քանի որ «ռուսներն արդեն կլանել են Գերմանիայից բոլոր կիսով չափ օգտագործված ավտոմեքենաները»:

«Թեև Արևմուտքը ցանկանում է արտահանման հսկողություն իրականացնել, սակայն, որոշ վերլուծաբանների կարծիքով, կա նաև զգուշավորություն տարածաշրջանի ավելի փոքր տնտեսությունների աճի տեմպերի կասեցման վերաբերյալ, որոնք ավելի ու ավելի են հակված Ռուսաստանի հետ իրենց պատմական կապերը թուլացնելուն և արևմուտքի հետ առնչվելուն»:

Վերջին աշխատանքային զեկույցում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը նշել է, որ թեև այս առևտուրը այնպիսի վայրերով, ինչպիսին Հայաստանն է, կազմում է Ռուսաստանի կողմից արևմուտքից ներմուծման ընդամենը մի փոքր մասը, «ներգրավված գումարները մեծ են միջանկյալ տնտեսությունների համար» և «զգալի ներդրում» ունեն նրանց տնտեսական աճում։

Օգտագործված ավտոմեքենաների ռուս հաճախորդներին կարելի է գտնել նաև Երևանի ծայրամասում գտնվող Էրեբունի շուկայում, գրում է հեղինակը:

«Էրեբունի շուկան գոյություն ունի տասնամյակներ շարունակ, բայց այժմ շատ ավելի շատ ռուսներ են գալիս, ասում է շուկայի աշխատակիցներից մեկը: Նույնը վերաբերում է ընդհանրապես ներկրման բոլոր ճանապարհներին, ասում է Գյումրեում ավտոմեքենա գնող Ալեքսանդրը:

«Այս բիզնեսը վաղուց գոյություն ունի։ Այն շատ տարածված էր 1990-ականներին, քանի որ պաշտոնական շուկան դեռ չէր զարգացել, ավտոսալոններն ու ապրանքանիշերը դեռ չէին մտել Ռուսաստան», - պատմում է նա՝ նկատի ունենալով Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո այն ժամանակաշրջանը, երբ առևտուրը հաճախ իրականացվում էր գաղտնի։

«Հիմա մենք վերադառնում ենք այդ օրերին», - եզրակացնում է Ալեքսանդրը՝ շեշտելով՝ «1990-ականները վերադառնում են»:

Հոդվածը պատրաստվել է The Financial Times պարբերականում Պոլինա Իվանովայի հեղինակությամբ նյութի հիման վրա