Մատչելի հղումներ

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի դեմ


Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նկատմամբ, քանի որ վերջինս աջակցում է Ուկրաինայի դեմ Մոսկվայի շարունակվող ագրեսիային։

Այս մասին երեքշաբթի ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից հետո։

«Մենք կոշտ պատժամիջոցների ռեժիմով ճնշում կգործադրենք Կրեմլի վրա այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի: Մենք այդ պատժամիջոցները կտարածենք նրանց վրա, ովքեր ռազմական աջակցություն են ցուցաբերում ռուսական պատերազմին, ինչպիսիք են Բելառուսը կամ Իրանը», - ասել է ֆոն դեր Լեյենը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն կառաջարկի «նոր պատժամիջոցներ Բելառուսի դեմ՝ ռուսական պատերազմին նրա մասնակցության պատճառով»։

Բելառուսի դեմ պատժամիջոցների վերջին՝ 6-րդ փաթեթը Եվրամիությունը ներկայացրել է 2022 թվականի հունիսի սկզբին։ Այն ներառում էր Belinvestbank բանկի անջատումը SWIFT միջազգային վճարային համակարգից, սահմանափակումներ Բելառուսի 12 քաղաքացիների և 8 ձեռնարկությունների նկատմամբ, այդ թվում՝ Belaruskali-ն և Բելառուսի խոշորագույն լոգիստիկ օպերատորը, պետական Beltamozhservice ընկերությունը, և պատժամիջոցների կիրառում պետական սեփականության դեմ։

Սույն հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի տրամադրած տեղեկության հիման վրա:

XS
SM
MD
LG