Մատչելի հղումներ

Ի՞նչ ազդեցություն ունեն Արեւմուտքի պատժամիջոցներն ընդդեմ Կրեմլի


Տնտեսագետների հաշվարկներով համաշխարհային տնտեսությունը 2023 թվականին գնում է դեպի անկում:

Դրան նպաստող գործոններից մեկը Ուկրաինայի դեմ պատերազմն է: Մյուս գործոնը ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սկսված տնտեսական պատժամիջոցներն են: Սակայն հակառակ լայնածավալ պատժամիջոցներին, Արևմուտքը հաճախ է ենթարկվում քննադատության` ավելի խիստ պատժամիջոցներ չիրագործելու համար:

Ռուս տնտեսագետ Սերգեյ Ալեքսաշենկոյի խոսքերով, թեև Ռուսաստանի ՀՆԱ-ը նվազել և շարունակում է նվազել եւ տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում, այս երկրի տնտեսության իրական «փլուզումը» դեռ հեռու է:

‘’Անցյալ տարվա բյուջեն քիչ թե շատ հավասարակշռված էր։ Դեֆիցիտը կազմում էր ՀՆԱ-ի 2,5%-ից էլ պակաս։ Փոխարժեքը կայուն է, իսկ գնաճը՝ ցածր’’, ասում է նա ու ավելացնում, որ

Եվրոպան կարող է չգնել ռուսական նավթ, բայց ռուսական նավթն այդ դեպքութ գնում է դեպի Չինաստան ու Հնդկաստան: ‘’Համաշխարհային տնտեսությունը չի կարող լիովին դուրս մղել Ռուսաստանին’’, ասում է նա։

Նա հիշեցնում է, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկն այնպես է արել, որ ռուսական ռուբլին այլևս լիովին փոխարկելի չէ։ Կրճատվել է շահույթի հայրենադարձման պահանջը: Դիվիդենտների վճարման պահանջարկը կրճատվել է, օտարերկրացիներին արգելվել է իրենց արժեթղթերը վաճառել ռուսական շուկայում։

Կապված նավթի և գազի արդյունահանման և արտահանման հետ` առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները բարձր են եղել, երկրորդ կիսամյակում նվազել են պատժամիջոցների պատճառով։ Սակայն հարկերից ստացվող եկամուտները թեև թույլ էին առաջին եռամսյակում, բայց տարվա երկրորդ կիսամյակում աճել են, քանի որ մեծապես ավելացել է ռազմական ոլորտում աշխատող հարկատուների թիվը:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բեն Քեհիլն ասում է, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ մշակողները հույսեր են կապում ռուսական նավթի վրա սահմանված «գնային առաստաղի» ազդեցության, ինչպես նաև Ռուսաստանից ծովով նավթամթերք և անմշակ նավթի գնումներից հրաժարվելու հանգամանքի հետ:

‘’Սխեման այսպիսին է. Եթե նավթը վաճառեք մեկ բարելի դիմաց 60 դոլարից ցածր գնով, ապա չեք կարողանա ԵՄ-ից ստանալ անհրաժեշտ կառուցվածքային ծառայություններ: Նավթը, որը բեռնվում է Սև և Բալթիկ ծովերում, այլևս չի կարող վաճառվել Եվրոպայում։ Այսպիսով, պետք է այն ուղարկել ավելի հեռու երկրներ և ավելի շատ վճարել բեռնափոխադրումների և ապահովագրության համար: Սա ավելի է խորացնում արժեքի և գնի տարբերությունը։ Այս տարբերությունը կազմում է մոտ 30 դոլար մեկ բարելի դիմաց»,- ասում է Բեն Քեհիլը: Ու եթե, ասում են վերլուծաբանները, Չինաստանը և Հնդկաստանը նույնիսկ պաշտոնապես չմիանան գների սահմանաչափին, նրանք այս դեպքում կունենան Ռուսաստանից ավելի ցածր գներով նավթ գնելու համար ավելի մեծ լծակներ:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Մարիա Սնեգովայան անդրադառնում է Ռուսաստանում հասարակական կարծիքին, որտեղ մարդիկ արդեն դժգոհում են, որ կենցաղային տեխնիկայից մինչև սովորական ապրանքներ և կանացի հիգիենայի հիմնական միջոցներ, փոխարինվել են «շատ ցածր որակի ապրանքներով»:

‘’Լավ դեղամիջոցները կա՛մ անհետացել են, կա՛մ դրանց գները կտրուկ աճել են։ Մարդիկ դժգոհում են, որ «հիվանդանոցներում պատշաճ բուժում չեն ստանում», ասում է նա:

Այս պայմաններն են ստիպում, որ այսօր հասարակության արդեն մեծամասնությունը կողմ է, որ սկսվեն խաղաղ բանակցություններ:

Սերգեյ Ալեքսաշենկոն համոզված է, որ 2023 թվականը բարդ տարի է լինելու Ռուսաստանի տնտեսության համար, և որ Ռուսաստանի տնտեսությունը հնարավորինս կդադարեցնի բոլոր կապերը արդյունաբերական զարգացած երկրների տնտեսությունների հետ։

‘’Ռուսական ավիաընկերություններն այլևս հնարավորություն չունեն վարձակալել նոր ինքնաթիռներ: Ռուսաստանից դուրս են եկել հայտնի ավտոընկերությունները, նրանց գործարաններն էլ մնացել են առանց բաղադրիչների։ Մեքենաներ դեռ կարելի է արտադրել, բայց որոշները չեն ունենա ամրագոտիներ, մյուսներն էլ չեն ունենա էլեկտրական ղեկ’’, ասում է վերլուծաբանը եւ ավելացնում, որ եթե չեք կարող վաճառել դիզելային վառելիք և մազութ, չեք կարող արտադրել բենզին: ‘’Եվ սա կլինի այն հիմնական հետեւանքն ու արդյունքը, որը մենք կտեսնենք 2023 թվականին’’, ասում է նա:

Բեն Քեհիլը գտնում է, որ Ռուսաստանի նավթի և գազի արդյունաբերության երկարաժամկետ հեռանկարը շատ ավելի տխուր է: ‘’Ռուսաստանը կորցրել է հաջորդ սերնդի նախագծեր մշակելու ունակությունը։ Ռուսները մեծ մասամբ կորցրել են եվրոպական շուկան և մոտ ապագայում պարզապես չեն կարողանա խողովակաշարեր կառուցել դեպի Չինաստան և այլ երկրներ’’, ասում է նա:

Մարիա Սնեգովայան առաջարկում է պատժամիջոցների հետագա ընդլայնում ռուսական էլիտայի ընտանիքի անդամների, Արևմուտքում ապրող և սովորող երեխաների նկատմամբ։ ‘’Անհրաժեշտ է կալանք դնել նրանց ակտիվների և ունեցվածքի վրա’’, կարծում է նա:

Սերգեյ Ալեքսաշենկոն համոզված է, որ պատժամիջոցները պիտի իրենց ազդեցությունն ունենան ոչ միայն վերնախավի, այլ նաեւ բոլոր ռուսաստանցիների համար: ‘’Եթե ցանկանում ենք մեծացնել ճնշումը ռուսական հասարակության, հասարակական կարծիքի ու Կրեմլի վրա, ճնշեք բոլոր ռուսներին այնպես, ինչպես ճնշում եք օլիգարխներին’’,- պնդում է նա:

Արամ Վանեցյան

Ստան Պրիբիլով

XS
SM
MD
LG