Քայլելով Մոսկվայի փողոցներով՝ անհնար է պատկերացնել, որ այն պատերազմող երկրի մայրաքաղաք է։ Խանութներում հանդիպում ես ամերիկյան հաջորդ սերնդի հեռախոսներ, թեև 30%-ով ավելի թանկ, քան Արևմուտքում։
Տեսանելի որևէ պակաս չի նկատվում, և այս հարցում Ռուսաստանը պետք է շնորհակալ լինի իր ավանդական դաշնակիցներին, ովքեր օգնել են նրան խուսափել պատժամիջոցներից:
«Կան չորս երկրներ՝ Իրանը, Չինաստանը, Թուրքիան և Հնդկաստանը, որոնք օրինական, թե ոչ շարունակում են վաճառել ապրանքներ Ռուսաստանին»,- ասում է գործարար Դմիտրի Պոտապենկոն:
Սակայն պատժամիջոցները հարվածել են բոլոր ոլորտներին, օրինակ՝ Ռուսաստանի ավտոմոբիլային արդյունաբերությանը, որի վաճառքը ներքին շուկայում նվազել է 80%-ով։
Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտը նույնպես տուժել է՝ հեռացվելով գրեթե բոլոր միջազգային երթուղիներից: Ավելի կարևոր խնդիր է այն, որ ռուսական ավիաընկերությունները գրեթե չեն կարող նոր պահեստամասեր ձեռք բերել:
Ռուսաստանի կառավարությունը միջամտել է, այսպես կոչված, զուգահեռ ներմուծման ծրագրի միջոցով՝ դեֆիցիտը կանխելու համար: Այն թույլ է տալիս ռուսական ընկերություններին ավելի ազատ երրորդ երկրների միջոցով ապրանքներ գնել մատակարարներից:
«Սպառողներն այժմ ունեն ավելի վատ ապրանքներ, ավելի թանկ և ավելի քիչ մատակարարումներ, բայց դրանք առնվազն պահպանվել են»,- նշում է տնտեսական վերլուծաբան Նատալյա Զուբարևիչը:
Այս քաղաքականության արդյուքում առաջին անհրաժեշտության ապրանքները չեն պակասել, որը կայունության զգացողություն է առաջացնում՝ իրական, թե ոչ։
«Իրավիճակը չի փոխվել, միգուցե ավելի դժվար է ներկրվող ապրանքներ գտնել, բայց որևէ մեծ փոփոխություն չկա, ամեն ինչ ունենք»,- ասում է մոսվաբնակ Սվետլանան։
«Կարծում եմ՝ ոչինչ չի փոխվել, մենք արդեն այլ առիթներով պատժամիջոցների տակ ենք եղել, հանգիստ ենք անցնում այս շրջանը»,- նշում է մոսկվաբնակ Վլադիմիրը։
«Այս պահին պատժամիջոցները նկատելի չեն, համենայն դեպս, այստեղ՝ Մոսկվայում, բայց կարծում եմ, որ դրանք կսկսեն նկատվել այս ամառվանից»,- կարծում է մոսկվաբնակ Ռոմանը։
Լայնածավալ պատերազմի մեկնարկից անցել է մեկ տարի, սակայն մոսկվացիները, ովքեր զրուցել են մեզ հետ, կարծես թե շատ անհանգստացած չեն այս առիթով։
Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի Մոսկվայի բյուրոյի նյութի հիման վրա