Մատչելի հղումներ

 
Որքանով անսպասելի էր Կրեմլի համար պատժամիջոցների ծավալը. վերլուծաբանների կարծիք

Որքանով անսպասելի էր Կրեմլի համար պատժամիջոցների ծավալը. վերլուծաբանների կարծիք


Դեռևս պարզ չէ, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակնկալում էր պատժամիջոցների նման ծավալ, որոնք հաջորդեցին Ուկրաինա ներխուժումից հետո: Դրանց խստությունը կարող է ունենալ երկարաժամկետում տնտեսական ծանր հետևանքներ Ռուսաստանի համար

Ուկրաինա ներխուժելուց հետո սահմանված պատժամիջոցները ՌԴ-ի դեմ սկսում են ուժի մեջ մտնել: Որոշ փորձագետներ ասում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար դրանց խստությունը անսպասելի էր:

«Կարծում եմ՝ Պուտինը զարմացած է: Ռուսական ռուբլին անկում ապրեց: Երկուշաբթի օրը հայտարարված ռուսական հակամիջոցները հուշում են, որ ռուսական տնտեսությունը ճանապարհին է դեպի ոչ կոնվերտացին փոխարժեքի: Իմ տարեկիցները կամ նույնիսկ ավելի երիտասարդները գիտեն, թե դա ինչ է նշանակում: Դա նշանակում է Ռուսաստանում սև շուկա։ Դա նշանակում է դոլարի սև շուկա և դոլարով գնվող իրերի սև շուկա»,- ասում է Ատլանտյան խորհուրդ հաստատության վերլուծաբան Դանիել Ֆրիդը:

Տնտեսագետ Յուրի Գորոդնիչենկոն Բերկլիում Կալիֆոռնիայի համալսարանից համաձայն է, որ պատժամիջոցները կարող են Ռուսաստանին հետ մղել դեպի խորհրդային ժամանակաշրջանի տնտեսություն:

«Ռուսները պետք է վերհիշեն, թե ինչ էր տեղի ունենում 1990-ականների սկզբին, երբ գնաճը հսկայական էր, երբ տնտեսական աճի կտրուկ անկում կար։ Կուզենան արդյո՞ք կրկին վճարվել մեքենայի անվադողերով, խողովակներով կամ յուղով։ Այս սցենարները բոլորն էլ հնարավոր են»,- ասում է Կալիֆոռնիայի համալսարանի փորձագետ Յուրի Գորոդնիչենկոն։

Իսկ Արևմուտքը, փորձագետների կարծիքով, չի սպառել պատժամիջոցների իր տարբերակները։ Կա ևս մեկ ոլորտ, որի միջոցով նրանք կարող են խոշոր հարված հասցնել ՌԴ-ին: Խոսքը էներգետիկ հատվածի մասին է, որը սակայն կարող է վնասել ոչ միայն Ռուսաստանին:

«Խնդիրն այն է, որ քանի դեռ բավարար այլընտրանքային էներգիայի աղբյուրներ չեն մշակվել, դժվար կլինի դա անել: Եվ ես չեմ սիրում սա ասել, բայց եթե մենք դադարեցնենք ռուսական նավթն ու գազը գնելը, նրանք շատ արագ դրա համար այլ շուկաներ կգտնեն, հատկապես նավթը, որի գինը բարձրանում է, և չի բացառվում, որ Պուտինը կարող է անսպասելիորեն շահույթ ստանալ»,- նշում է Ֆրիդը:

Պատժամիջոցների հաջորդ փուլը կարող է ներառել նույնիսկ ավելի կոշտ սահմանափակումներ, որոնք կկիրառվեն ռուսական ընկերությունների նկատմամբ և ավելի խիստ սահմանափակումներ էներգակիրների արտահանման վրա, կարծում են փորձագետները:

Պարզ է, որ Ռուսաստանը կարող է ռազմակաքն դիրքեր գրավել Ուկրաինայում, սակայն այն պարտվում է ներխուժման շուրջ տեղեկատվական պատերազմում:

VoxUkraine ներկայացուցիչ Իլոնա Սոլոգուբի կարծիքով նրանք դա հասկանում են: Բազմաթիիվ բաց նամակներ են հրապարակվում պատերազմի դադարեցման կոչերով, ներառյալ Նոբելյան մրցանակակիրների, գիտնականների և այլոց ստորագրությամբ։

Ռուսաստանի շուրջ բողոքի ցույցերը ցույց են տալիս, որ շարքային քաղաքացիների մի մասը նույնպես դեմ է Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի որոշմանը։ Բայց ավելի խոսուն կարող է լինել այն, որ երկրի ամենահարուստ քաղաքացիներից մի քանիսը, ինչպիսիք են օլիգարխ Միխայիլ Ֆրիդմանը և արդյունաբերող Օլեգ Դերիպասկան, նույնպես ասել են, որ դեմ են Ռուսաստանի գործողություններին:

Հոդվածը պատրաստվել է Օքսանա Բեդրատենկոյի և Աննա Ռայսի նյութի հիմնա վրա

XS
SM
MD
LG