Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն ընդլայնված պատժամիջոցներ է պատրաստում ռուս օլիգարխների դեմ


Ֆինանսների նախարարության կողմից մշակվող անձանց և ընկերությունների ցանկը ընդհանրություն ունի Եվրամիության նմանատիպ ցուցակի հետ

Ի պատասխան Ուկրաինա ռուսական ներխուժման՝ ԱՄՆ-ն ընդլայնված պատժամիջոցներ է պատրաստում ռուս օլիգարխների, նրանց ընկերությունների և նրանց հարազատների դեմ։

Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների։

Հրատարակության համաձայն՝ այս պահին Սպիտակ տունը և ֆինանսների նախարարությունը կազմում են այդ անձանց ցուցակը, որը հիմնականում կրկնում է ԵՄ իշխանությունների կողմից մշակված նմանատիպ ցուցակը։

Օրինակներից մեկը արդյունաբերող Ալիշեր Ուսմանովն է՝ USM Holdings կոնգլոմերատի հիմնադիրը և մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը:

Ակնկալվում է, որ ընդլայնված պատժամիջոցները կներառեն միջազգային ճանապարհորդությունների սահմանափակումներ, միլիարդավոր դոլարների օտարերկրյա ակտիվների սառեցում և սահմանափակող միջոցներ այս անձանց պատկանող ընկերությունների դեմ, հայտնել է Սպիտակ տան անանուն աղբյուրը:

Չորեքշաբթի օրը ԵՄ ղեկավարությունը հայտարարեց, որ ռուսական յոթ խոշոր բանկեր կանջատվեն SWIFT միասնական վճարային համակարգից, սակայն առայժմ նրանք կկարողանան այդ համակարգի միջոցով իրականացնել իրենց վճարումները՝ կապված էներգետիկայի ոլորտի հետ։

Պատժամիջոցների տակ ընկած ռուսական բանկերից են՝ VTB-ն, Bank Otkritie-ն, Novikombank-ը, Bank Russia-ն, Sovcombank-ը, Promsvyazbank-ը և VEB.RF պետական զարգացման կորպորացիան, որը նախկինում հայտնի էր որպես Վնեշէկոնոմբանկ:

Փետրվարի 28-ին Եվրամիությունն արդեն պատժամիջոցներ է սահմանել 26 ազդեցիկ ռուսաստանցիների նկատմամբ, այդ թվում՝ բարձրաստիճան պետական պաշտոնյաների, ռազմական հրամանատարության ներկայացուցիչների և էներգետիկ և ֆինանսական ոլորտներում խոշոր բիզնեսի հետ առնչվող անձանց։

Քննարկվում է նաև ռուսական բանկերի ամբողջական հեռացումը SWIFT համակարգից, սակայն դրա մասին որոշում դեռ չի կայացվել, քանի որ էներգետիկ ոլորտում շատ գործարքներ անցնում են համակարգով, որից կախված են եվրոպական շատ երկրներ։

XS
SM
MD
LG