Ուկրաինացիները թույլ հույսեր են կապում «Վագների» խռովության հետ

Ուկրաինացի պաշտոնյաների համոզմամբ, «Վագներ» խմբավորման ապստամբությունը վկայում է պուտինյան վարչակազմում առաջացող ճեղքերի մասին: Ուկրաինայի փողոցներում սպասելիքներն ավելի զուսպ են դարձել, թե խռովությունը կարող է հանգեցնել պատերազմի մոտալուտ ավարտին:

Հունիսի 23-ի ուշ երեկոյան բազմաթիվ ուկրաինացիներ ուշադրությամբ հետևում էին «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի և նրա վարձկանների, այսպես կոչված, «արդարության երթին» դեպի Մոսկվա:

«Վագների» վարձկաներն արագորեն շարժվում էին Մոսկվայի ուղղությամբ՝ կարևոր քաղաքների միջով, հայտարարելով, թե իրենց վերահսկողության ներքո են վերցել Դոնի Ռոստովում ու Վորոնեժում տեղակայված ռազմական օբյեկտները։

Իրադարձությունների նման՝ սրընթաց զարգացման պայմաններում ուկրաինացիները մեծ հույսեր ունեին, թե «Վագների» ապստամբությունը կարող է շրջադարձային լինել իրենց հայրենիքի դեմ Մոսկվայի սանձազերծած պատերազմի համար:

Սակայն հաջորդեց հիասթափությունը, երբ Պրիգոժինը հանկարծակի կասեցրեց առաջխաղացումը և հայտարարեց, որ մեկնում է Բելառուս՝ Պուտինի խնդրանքով Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցած գործարքի արդյունքում:

Your browser doesn’t support HTML5

Ուկրաինացի պաշտոնյաներն ասում են, որ վարձկանների խմբավորման ապստամբությունը բացահայտեց Վլադիմիր Պուտինի իշխանության թուլությունները

Չնայած հիասթափությանը, ուկրաինացի պաշտոնյաներն նշում են, որ «Վագների»
ապստամբությունը օգուտ բերեց Ուկրաինային և ի ցույց դրեց Պուտինի իշխանության թուլությունները:

«Աշխարհն ականտես եղավ, որ Ռուսաստանի ղեկավարները ոչինչ չեն վերահսկում։ Ոչինչ։ Քաոս է։ Հնարավոր չէ որևէ բան կանխատեսել»,- ասում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Վերլուծաբանները նոր ցնցումներ են սպասում Ռուսաստանում:

«Համոզված եմ, որ սա վերջը չէ։ Սա՝ ռուսական սպասվող թոհուբոհի առաջին գործողությունն է։ Պուտինի համար սպառնալիքը ծագեց այնտեղ, որտեղից նա չէր սպասում՝ «պատերազմի կողմնակիցների ճամբարից»,- ասում է քաղաքական վերլուծաբան Վոլոդիմիր Ֆեսենկոն:

Ուկրաինացիները թերահավատ են Պրիգոժինի բացատրության առնչությամբ, թե ինչու որոշեց շարժվել դեպի Մոսկվա, և թե ինչ են պայմանավորվել կուլիսների հետևում։ Մյուս կողմից, շատերն Ուկրաինայում գտնում են, որ ապստամբությունը ճի՛շտ ժամանակին էր՝ Ուկրաինայի հակահարձակման ընթացքում: