Անցած հինգշաբթի մի քանի ժամ շարունակ Զապորոժիայի ատոմակայանը աշխատել է վթարային ռեժիմով՝ վեցերորդ անգամ ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր: Ռուսական հրետակոծության հետևանքով էլեկտրահաղորդման լարերի վնասումը կանգնեցրել էր ատոմակայանի էլեկտրաէներգիայի մատակարարումը, իսկ կայանի տարածքում սկսել են աշխատել գեներատորները։ Շուտով էլեկտրամատակարարումը վերականգնվեց, սակայն ընդհանուր մտահոգությունը կայանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը ստեղծվել էր ռուսական զորքերի կողմից այն գրավելու պատճառով, շարունակում է աճել։
Մինչ ռուսական լայնածավալ ներխուժման սկիզբը, Եվրոպայի ամենամեծ Զապորոժիեի ատոմակայանն էլեկտրաէներգիա էր մատակարարում Ուկրաինայի զգալի հատվածին, ինչպես նաև արտահանում հարևան երկրներ։ Անցած տարվա ընթացքում նրա բոլոր վեց ռեակտորներն անվտանգության նկատառումներից ելնելով հեռացվել են: Բայց դա չի նշանակում, որ լուրջ վթարի վտանգն անցել է։ Ըստ Մտահոգ գիտնականների միության միջուկային անվտանգության ծրագրի տնօրեն Էդվին Լայմանի՝ վատագույն սցենարի պարագայում էլեկտրաէներգիայի բոլոր աղբյուրները համեմատաբար երկար ժամանակով կդադարեն սնուցել ատոմակայանը:
«Զապորոժիեի ատոմակայանում վթարի դեպքում ցեզիումի զգալի քանակություն կարող է արտանետվել օգտագործված վառելիքի լողավազաններից, որը կհանգեցնի ատոմակայանի շրջակայքի ռադիոակտիվ աղտոտմանը տասնյակ կիլոմետր շառավիղով», - Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում ասել է Լայմանը:
Your browser doesn’t support HTML5
Զապորոժիեի ատոմակայանին անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի մշտական մատակարարում՝ օգտագործված միջուկային վառելիքը սառեցնելու համար, նույնիսկ եթե նրա ռեակտորները չեն աշխատում։ Երբ էլեկտրաէներգիան դադարում է դուրս գալ արտաքին էլեկտրացանցից, կայանի տարածքում սկսում են աշխատել դիզելային գեներատորները։ Գործողության այս եղանակը համարվում է արտակարգ իրավիճակ:
Ըստ Լայմանի՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը, ինչպես աշխարհի ատոմակայանների մեծ մասը, 2011 թվականին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո վերանայել և ուժեղացրել է անվտանգության միջոցառումները։ Հիշեցնենք, որ ուժեղ երկրաշարժի և ցունամիի պատճառով ճապոնական «Ֆուկուսիմա-1» կայանի տարածքում սկսվվել էր ջրհեղեղ, որը ընդգրկել էր նաև այն տարածքները, ուր տեղակայված են եղել պահեստային գեներատորները, մարտկոցները և անջատիչները, ինչը հանգեցրեց կայանի ամբողջական անջատմանը և վթարային հովացման բոլոր համակարգերի խափանմանը, ռեակտորներում միջուկային վառելիքի հալմանը և մթնոլորտ յոդի և ցեզիումի զգալի քանակի իզոտոպների արտանետմանը, որը կազմում է ռադիոակտիվ նյութերի ծավալի մոտավորապես 20%-ը, որոնք արտանետվել են Չեռնոբիլի վթարի ժամանակ:
«Զապորոժիե ԱԷԿ-ում, եթե նույնիսկ բոլոր գեներատորները դադարեն աշխատել, կա մեկ այլ մակարդակ, մեկ այլ պաշտպանության համակարգ», - ասել է Լայմանը «Ամերիկայի ձայն»-ին: «Բայց այն նաև դիզվառելիքի և լավ պատրաստված մարդկանց կարիք ունի, ովքեր կարող են ոչ ավտոմատ ռեժիմով շարունակել հովացման գործընթացը: Սա բարդ խնդիր է նույնիսկ նորմալ պայմաններում, իսկ այսօրվա իրավիճակում, երբ Զապորոժիայի ԱԷԿ-ը գրավված է ռուսական զորքերի կողմից, և աշխատակիցները հակասական հրահանգներ են ստանում հակառակորդ ճամբարներից և միակարծիք չեն, թե ում պետք է ենթարկվել, պարզ չէ, թե ինչպիսի արձագանքի սպասել իրական ճգնաժամի ժամանակ»:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին ատոմակայանում ստեղծված իրավիճակը նմանեցրել է «ռուլետկա» խաղին: Ռուլետկա խաղում, ինչ-որ պահի բախտը չի ժպտա: Մենք պարտավոր ենք ապահովել կայանի անվտանգությունը։ Հենց հիմա: Մենք պետք է գործենք»:
Ուկրաինան կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը կայանի տարածքից և այնտեղ ստեղծել ապառազմականացված գոտի։ Փոխարենը ՌԴ իշխանությունները պատրաստվում են Զապորոժիայի ԱԷԿ-ը միացնել ռուսական էլեկտրացանցին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դա անվանել է «ահաբեկչական պետության գործողություն»։
«Ռուսական հարվածի արդյունքում Զապորոժիեի ատոմակայանը կրկին անջատվել է էլեկտրամատակարարման համակարգից»,- միջադեպից անմիջապես հետո ասել է Ուկրաինայի նախագահը։ - Վիճակը կրիտիկական է։ Իսկ Ռուսաստանը միտումնավոր կրիտիկական իրավիճակ է ստեղծում մեր ատոմակայանում։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը չի կարող լինել միջուկային ոլորտում որևէ պայմանագրի լիիրավ կողմ։ Սա նշանակում է, որ որքան շուտ պատժամիջոցներ կիրառվեն ռուսական միջուկային հատվածի դեմ, այնքան ավելի ապահով կլինի մեր աշխարհը»։
Էդվին Լայմանն էլ իր հերթին նշում է, որ Զապորոժիեի ատոմակայանը չի ներկայացնում նույն վտանգը, ինչ Չեռնոբիլը 1986 թվականին, քանի որ նրա բոլոր ռեակտորները մի քանի ամիս է, ինչ չեն աշխատում, ինչպես նաև ավելի ժամանակակից անվտանգության համակարգ ունեն: Սակայն փորձագետը հիշեցնում է, որ դա Ուկրաինայի միակ ատոմակայանը չէ։
«Պետք է հիշել, Ուկրաինայում կան ինն այլ միջուկային ռեակտորներ, որոնք տեղակայված են երեք տարբեր հատվածներում, դրանք շարունակում են աշխատել՝ չնայած պատերազմին։ Դրանց աշխատանքը պարբերաբար դադարեցվում է կամ նվազեցվում է դրանց հզորությունը, բայց դրանք շարունակում են գործել։ Այսպիսով, ինձ ավելի շատ մտահոգում է այն ռեակտորների անվտանգությունը, որոնք գործում են: Եթե նրանց մոտ ճգնաժամ առաջանա էլեկտրաէներգիայի անջատման պատճառով, այն կսպառնա ավելի մեծ աղետով, քան Զապորոժիայի ԱԷԿ-ում»։
Ուկրաինայում գործում են երեք ատոմակայաններ, որոնց տարածքում կա ինը միջուկային ռեակտոր, որոնք են Ռիվնեն, Խմելնիցկին և Հարավուկրաինականը։
Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի լրագրող Վիկտորիա Կուպչինեցկայայի նյութի հիման վրա