Մատչելի հղումներ

Նոր զարգացումներ ուկրաինական ճակատում. Ուկրաինայի ատոմակայանը թիրախավորված է


Ռուսաստանը հինգշաբթի հայտարարել է, որ կանխել է ուկրաինական հարձակումը Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժժիայի ատոմակայանի ուղղությամբ, որը գտնվում է Ուկրաինայի հարավում: Դրա մասին հայտնել ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ատոմակայանի հրթիռակոծման համար մեղադրել է ուկրաինական ուժերին՝ ասելով, որ նրանք օգտագործում են «արևմտյան զենքերը, որոնք կարող են հանգեցնել համաշխարհային աղետի»:

Պատրուշևի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ավելի վաղ ռուսական հարձակումները թիրախավորել են երկրի զգալի տարածքը՝ ծանր հրետակոծությունների միջոցով վնասելով երկրի ենթակառուցվածքները և էներգիայի մատակարարումները Եվրոպայի ամենախոշոր Զապորոժժիայի ատոմակայան:

Ուկրաինայի հարավում գտնվող ատոմակայանը հոսանքազրկվել է, հայտնում են պաշտոնյաները, բարձր լարման գծերի վնասման պատճառով, որի արդյուքում ատոմակայանը ապավինում է դիզելային գեներատորների վրա, հայտնել է ուկրաինական «Էներգոատոմ» ընկերությունը:

«Հակառակորդը փորձում է պահպանել ժամանակավոր գրավված տարածքները՝ կենտրոնացնելով իր ջանքերը որոշակի հատվածներում Պաշտպանության ուժերի գործողությունները զսպելու վրա»,- հինգշաբթի հայտարարել է Ուկրաինայի գլխավոր շտաբը։

Երկու կողմերն էլ հերքում են մյուսների պնդումները։ Այդուհանդերձ, ըստ տեղեկությունների, ծանր մարտեր են ընթանում Լուգանսկի և Դոնեցկի արևելյան շրջաններում, իսկ ռուսական հարվածները գրանցվել են Կրիվի Ռոհում՝ Ուկրաինայի կենտրոնում, և Սումիում ու Խարկովում՝ երկրի հյուսիս-արևելքում:

Հինգշաբթի օրը G-7 անդամ երկրները կհանդիպեն արևմտյան Գերմանիայի Մյունստեր քաղաքում՝ քննարկելու համար, թե ինչպես համակարգել և շարունակել աջակցությունունն Ուկրաինային: Հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ռուսական նոր հարձակումները էներգետիկ ենթակառուցվածքների վրա, ըստ տեղեկությունների, առաջացրել են էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ:

Հացահատիկի վերաբերյալ համաձայնագիր

Հորդանանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը նշել է, որ իր երկիրը ՄԱԿ-ին կոչ է արել օգնել իրականացնել սևծովյան հացահատիկի համաձայնագրի մի մասը, որը կթեթևացնի սննդամթերքի արտահանումը Ռուսաստանից:

Ուկրաինան, սակայն, հայտարարել է, որ որևէ նոր պարտավորություն չի ստանձնել համաձայնագրի շրջանակում: Կիևը հերքում է Մոսկվայի մեղադրանքները, որ օգտագործել է սևծովյան հացահատիկային «միջանցքը» ռազմական նպատակների համար և շեշտում, որ երբեք չի մտադրվում անել դա։

Ռուսաստանը, որը նախօրեին որոշել էր չեղարկել իր մասնակցությունը հացահատիկի վերաբերյալ պայմանագրում, հայտարարել է, որ վերականգնում է իր մասնակցությունը Սև ծովով ուկրաինական հացահատիկի առաքումը հեշտացնելու համաձայնագրին: «Ռուսաստանի Դաշնությունը գտնում է, որ այս պահին ստացված երաշխիքները բավարար են և վերսկսում է համաձայնագրի իրականացումը», - ասված է պաշտպանության նախարարության չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։

Ռուսաստանը դադարեցրեց իր մասնակցությունը շաբաթ օրը այն բանից հետո, երբ պնդում էր, որ Ուկրաինան դրոներ է օգտագործել ռուսական սևծովյան նավատորմի վրա հարձակվելու համար:

Միավորված ազգերի կազմակերպության և Թուրքիայի միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնություն ձեռք բերվեց՝ վերսկսելու ուկրաինական հացահատիկի առաքումները և թույլատրելու ռուսական պարարտանյութի առաքումները շուկա պարենային համաշխարհային ճգնաժամի պայմաններում:

Երեքշաբթի իր խոսնակի միջոցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «ջերմորեն» ողջունեց Ռուսաստանի հայտարարությունը հացահատիկի շուրջ սևծովյան նախաձեռնությունը վերսկսելու մասին:

Ռուսաստանի ժամանակավոր կասեցումը վերջին օրերին ընդհատեց բեռնափոխադրումները, մինչդեռ պայմանավորվածության մյուս կողմերն աշխատում էին ուկրաինական նավահանգիստներից որոշ բեռներ դուրս բերելու և համաձայնագրով նախատեսված Ստամբուլում որոշ ստուգումներ իրականացնելու համար:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին չորեքշաբթի օրը ողջունել է համաձայնագիրը՝ որպես «զգալի դիվանագիտական արդյունք մեր երկրի և ամբողջ աշխարհի համար» այն բանից հետո, երբ Ռուսաստանը կրկին միացավ համաձայնագրին:

Իրանի ու Հյուսիսային Կորեայի հետ ռազմական համագործակցություն

Երեքշաբթի Պենտագոնը իր «մտահոգությունն» է հայտնել, որ Ռուսաստանը կարող է փորձել ավելի շատ զենք ստանալ Իրանից և Հյուսիսային Կորեայից՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար:

Ռուսաստանը վերջերս թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքներ իրանական արտադրության դրոներով, և իրանցի անձնակազմը Ղրիմի թերակղզուց, ըստ ԱՄՆ-ի, օգնում է ռուս զինվորականներին այս անօդաչու սարքերի հարձակումները իրականացնելուն:

Իրանը բազմիցս հերքել է, որ Ռուսաստանին տրամադրում է անօդաչու թռչող սարքեր և ռազմական աջակցություն:

«Մենք մտավախություն ունենք, որ Ռուսաստանը կարող է նաև ձգտել Իրանից ձեռք բերել լրացուցիչ առաջադեմ զինամթերք, օրինակ՝ «երկիր-երկիր» հրթիռներ՝ Ուկրաինայում օգտագործելու համար», - ասել է Պենտագոնի մամլո քարտուղար Փեթ Ռայդերը:

CNN-ը հաղորդում է, որ Իրանը պատրաստվում է Ռուսաստանին ուղարկել մոտ 1000 լրացուցիչ զինատեսակներ, այդ թվում՝ «երկիր-երկիր» կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ և ավելի շատ ռազմական անօդաչու թռչող սարքեր։

Չորեքշաբթի օրը Սպիտակ տունը մեղադրեց Հյուսիսային Կորեային այլ երկրների միջոցով Ռուսաստանին հրետանային արկեր փոխանցելու մեջ, ինչը Հյուսիսային Կորեան հերքում է:

Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ը կարծում է, որ Հյուսիսային Կորեան փորձում է տպավորություն ստեղծել, որ այդ զինամթերքը փոխանցվում է Մերձավոր Արևելքի կամ Հյուսիսային Աֆրիկայի երկրներին:

Նա հրաժարվեց հստակ գնահատական տալ զինամթերքի քանակի մասին, որը փոխանցվում է Մոսկվային, բայց նշեց, որ այն «չի փոխի պատերազմի ընթացքը»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է իրեն ուղղված Ռուսաստանի խնդրանքը՝ պաշտոնական հետաքննություն սկսել այն առնչությամբ, որ Միացյալ Նահանգները և Ուկրաինան կենսաբանական զենքի ծրագրեր են իրականացնում Ուկրաինայում, ինչը Կիևն ու Վաշինգտոնը հերքում են:

Չինաստանը միակ երկիրն էր, որը քվեարկեց Ռուսաստանի օգտին: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դեմ են քվեարկել, իսկ խորհրդի մյուս 10 անդամները մնացել են ձեռնպահ։

Զինաթափման հարցերով ՄԱԿ-ի պաշտոնյաները վաղուց են հայտարարել, որ տեղյակ չեն Ուկրաինայում կենսաբանական զենքի որևէ ծրագրի մասին:

Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի Ձայն»-ի Պենտագոնի թղթակից Կարլա Բաբբի, «Ամերիկայի Ձայն»-ի ՄԱԿ-ի թղթակից Մարգարեթ Բեշերի, Associated Press, Agence France-Presse և Reuters գործակալությունների նյութերի ու ներգրավվածության հիման վրա:

XS
SM
MD
LG