Մատչելի հղումներ

Սպիտակ տուն. Մենք նշաններ չենք տեսնում, որ Մոսկվան պատրաստվում է միջուկային զենք կիրառել


Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Միացյալ Նահանգները որևէ նշան չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել, չորեքշաբթի օրը հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին։

Նա պարզաբանել է, որ կոնկրետ մեկնաբանություններ չունի այդ թեմայով New York Times-ի հրապարակման վերաբերյալ։

«Մեզ համար ի սկզբանե պարզ էր, որ միջուկային զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ Ռուսաստանի մեկնաբանությունները խորը մտահոգություն են առաջացնում, և մենք դրանց լրջորեն ենք վերաբերվում»,- ասել է Քիրբին:

«Մենք շարունակում ենք հնարավորինս վերահսկել դա, և նշաններ չենք տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է այն օգտագործել», - ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը իր միջուկային զսպման ուժերը տեղափոխում է «հատուկ մարտական հերթապահության ռեժիմի»:

Նախագահ Բայդենը զգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը չափազանց լուրջ սխալ կլինի։

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG