Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչները հինգշաբթի օրը, սեպտեմբերի 1-ին դուրս են եկել Ուկրաինայի Զապորոժժիա քաղաքը՝ շարժվելով դեպի Ռուսաստանի կողմից օկուպացված ատոմակայան: Նրանք ատոմակաայանի տարածքում են ստուգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
ՄԱԿ-ի տեսուչները նշել են, որ ծրագրում են երկարատև առաքելություն սկսել տարածքում, քանի որ միջուկային աղետի վտանգը գնալով աճում է:
Գործարանը գտնվում է հարավային Էներհոդար քաղաքում՝ Զապորոժժիայից 120 կիլոմետր հեռավորության վրա: Այն մարտ ամսին գրավվել էր ռուսական ուժերի կողմից, սակայն այժմ շարունակում է շահագործվել ուկրաինական անձնակազմի միջոցով:
Ատոմակայանը գտնվում է կռվի առաջնագծում և վերջին շաբաթների ընթացքում ենթարկվել է բազում գնդակոծությունների: Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը շարունակում են միմյանց մեղադրել հաստատությունը գնդակոծելու մեջ:
Հինգշաբթի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական ուժերը փորձել են գրավել ատոմակայանը և «միջոցներ են ձեռնարկվել» հակառակորդ զորքերի ոչնչացման համար, ինչը ներառում է ռազմական ավիացիայի օգտագործումը։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը Ռուսաստանին մեղադրել է տեսուչների այցը «խափանելու» մտադրություն ունենալու մեջ՝ ասելով, որ Ռուսաստանը հինգշաբթի օրը կրկին հրթիռակոծել է գործարանը։
«Ռուսները գնդակոծել են Էներհոդար քաղաքը և Զապորոժժիայի ատոմակայանի տարածքը»,- գրել է Անդրեյ Երմակը Telegram-ում՝ Ռուսաստանին անվանելով «ահաբեկչական պետություն»։
ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության առաքելությունը նպատակ ունի գնահատել տարածաշրջանում շարունակվող ռազմական գործողությունների ռիսկերը:
Հոդվածը պատրաստվել է «Reuters» լրատվականի նյութի հիման վրա: