Ուկրաինայի և Ռուսաստանի կողմից Ուկրաինայում նշանակված պատշտոնատար անձինք վերջին երկու օրերի ընթացքում հայտնում են Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանի մոտ շարունակվող հրետակոծությունների մասին: Ընդ որում, երկու կողմերը միմյանց են մեղադրում ռմբակոծությունների համար, երբ միջուկային վերահսկողության միջազգային գործակալությունները նախազգուշացնում են միջուկային աղետի հնարավորության մասին:
Ուկրաինայի հարավում գտնվող Զապորոժժիայի ատոմակայանի մասին միջուկային ոլորտի փորձագետները հայտնում են խորը մտավախություն: Նրանց խոսքերով, այս շրջանում շարունակվող մարտերը կարող են վնասել կայանի սպառված վառելիքի ավազանները կամ ռեակտորների զովացման համակարգը:
‘’Reuters’’-ը զրույց է ունեցել ռուս ռադիոքիմիկոս և միջուկային ոլորտի ավագ փորձագետ Բորիս Ժույկովի հետ: Վերջինս Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտից է։
Ժույկովը ասել է, որ եթե ռումբերը հարվածեն ատոմակայանի զովացման համակարգին, առաջ կգա Ճապոնիայի «Ֆուկուշիմայի ատոմակայանի աղետի մակարդակի նոր աղետ»: Նման սցենարի դեպքում պարտադիր կլինի մի քանի տասնյակ կիլոմետր շառավղով բնակչության տարհանումը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ), որը ձգտում է ստանալ ատոմակայան մուտք գործելու արտոնություն, կոչ է արել Զապորոժժիայի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծել։
Ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն է ասում, ‘’ՄԱԿ’’-ն ունի ՄԱԳԱՏԷ-ին լոգիստիկ և անվտանգության կարողություններով աջակցելու հնարավորություն’’:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Գուտերեշի հետ՝ քննարկելու ատոմակայանի անվտանգ գործունեության պայմանները: Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
«Գործակալության և նրա ղեկավարության հետ սերտ համագործակցությամբ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ՄԱԳԱՏԷ-ի մասնագետներն այց կատարեն միջուկային այս կայան և ճշմարիտ գնահատական տան ուկրաինական կողմի ապակառուցողական գործողություններին»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո Ռուսաստանը մարտ ամսին գրավեց Զապորոժժիայի ատոմակայանը: Այնտեղ ռուսական բանակի վերահսկողության ներքո մինչ այժմ աշխատում են ուկրաինացի ճարտարագետներն ու տեխնիկները: