ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի կայցելի Թուրքիա: Օրակարգում է սևծովյան միջանցքի ստեղծման հարցը, որը թույլ կտա ուկրաինական հացահատիկը ներմուծել համաշխարհային շուկա: Արևմտյան տերություններն այսօր ճնշում են գործադրում Անկարայի վրա՝ պահանջելով Ուկրաինայի շրջափակումը վերացնելու նպատակով բացել Սևծոովյան նեղուցները ՆԱՏՕ-ի նավերի համար
Ոչ վաղ անցյալում ուկրաինական ցորենը մատակարարվում էր համաշխարհային շուկա նավերի միջոցոով, որոնք անցնում էին Ստամբուլի Բոսֆորի նեղուցով: Այսօր այս ուղին փակվել է Ռուսաստանի կողմից` Ուկրաինան ծովային շրջափակման ենթարկելու համար, արդյունքում հացահատիկի գները հասնում են ռեկորդային մակարդակի՝ առաջացնելով նոր տնտեսական ցնցումներ:
Վերլուծաբան Յորուկ Իշիկը շեշտում է՝ Լիբանան ներմուծվող ցորենի 75 տոկոսը 2020 թվականին գալիս էր Ուկրաինայից: Այսպիսով, ըստ նրա, Լիբանանի նման երկիրը, որտեղ արդեն ֆինանսական ճգնաժամ է, առերեսվում է մեկ այլ մեծ ճգնաժամի:
Համաշխարհային պարենային ճգնաժամի սպառնալիքը դրդում է ՆԱՏՕ-ի որոշ երկրներին միջամտել իրավիճակին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և թուրք պաշտոնյաների միջև քննարկումները մասամբ կկենտրոնանան սևծովյան միջանցքի ստեղծման խնդի վրա, որը թույլ կտա ուկրաինական հացահատիկը հասցնել համաշխարհային շուկա:
Անկարան ասում է, որ նման գործարքը կարող է կանխել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև առճակատման վտանգը:
Your browser doesn’t support HTML5
Սակայն առկա է մտավախություն, որ Ռուսաստանը չի կատարի իր պարտավորությունները՝ հացահատիկի ճգնաժամը մեղմելու համար: Վերլուծաբանների կարծիքով, Մոսկվան կարող է դա օգտագործել որպես լծակ:
Եթե ուկրաինական հացահատիկի ճգնաժամը մնա փակուղում, վերլուծաբաններն ասում են, որ Անկարայիվրա ճնշումները կուժեղանան՝ ՆԱՏՕ-ի ռազմանավերի Սև ծով մուտքը Ստամբուլի Բոսֆորի նեղուցով ապահովելու համար: Բոսֆորն ու Դարդանելը, ըստ Մոնտրոյի միջազգային կոնվենցիայի, գտնվում է Թուրքիայի վերահսկողության ներքո:
«Տեխնիկապես և իրավական առումով նեղուցները փակ են երկու պատերազմող երկրների՝ Ուկրաինայի և Ռուսաստանի ռազմանավերի համար։ Մյուսներին Թուրքիան խնդրել է ռազմանավեր չուղարկել։ Սակայն, ինչ-որ պահին ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից Թուրքիային կներկայացվի ռազմանավեր ուղարկելու պահանջ։ Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Թուրքիայի մանևրելու հնարավորությունը նվազում է»,- ասում է Քադիր Հաս համալսարանի վերլուծաբան Սերհաթ Գյուվենչ։
Սակայն վերլուծաբաններն ասում են, որ Թուրքիան վճռական է տրամադրված՝ կանխելու նոր նավերի մուտքը Սև ծով:
«Թուրքիան չի ցանկանում անվտանգության հետ կապված իրավիճակի սրացում: ՆԱՏՕ-ի նման նոր ուժի ներգրավումն այստեղ՝ ռուսական կողմին հավասարակշռելու համար, ըստ Անկարայի, անխուսափելիորեն կստեղծի ավելի վտանգավոր իրավիճակ ինչպես Թուրքիայի, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության համար»,- Թուրքիայի միջազգային հարաբերությունների խորհրդի ներկայացուցիչ Մուստաֆա Այդըն:
Անկարան քաջատեղյակ է, որ Մոսկվան ցանկանում է Բոսֆորը փակ պահել ՆԱՏՕ-ի նավերի համար, որը Թուրքիային հզոր լծակ է տալիս Ռուսաստանի նկատմամբ:
Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի Ձայն Ստամբուլի թղթակից Դորիան Ջոնսի նյութի հիման վրա