Մատչելի հղումներ

Ռուսաստանը կորցնում է Թուրքիայի նկատմամբ իր նախկին առավելությունները


‘’Մոսկվա’’ հածանավը, միակ ռուսական ռազմանավը չէր, որը Ռուսաստանը կորցրել է Ուկրաինա կատարած ներխուժումից ի վեր: Սեւծովյան այս նավը, մինչեւ խորտակվելը, անցել էր Թուրքիայի Բոսֆորի նեղուցով:

Կործանված յուրաքանչյուր նավի փոխարեն նոր նավ այստեղ տեղափոխելու համար պահանջվում է անցում Թուրքիայի կողմից վերահսկվող ջրերով: Սակայն Թուրքիան խստորեն սահմանափակում է ռուսական ռազմանավերի մուտքը Սև ծով՝ համաձայն Մոնթրոյի միջազգային կոնվենցիայի:

Ինչպես Վաշինգտոնում Մերձավոր Արևելքի հարցերով հաստատության վերլուծաբան Յորուք Իշիթն է ասում,

«Թուրքիան Ռուսաստանի ռազմածովային տրանզիտի համար փակել է և՛ Դարդանելի, և՛ Բոսֆորի անցումները ։ Միայն Սևծովյան նավատորմին պատկանող նավերը կարող են օգտագործել այս նեղուցները, եւ չկարողանալով նոր նավեր բերել այստեղ՝ նրանք պետք է օգտագործեն Սեւ ծովում իրենց հնացած նավերը», ասում է նա:

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները մեծապես են տուժում նաեւ թուրքական արտադրության անօդաչու սարքերի պատճառով: Սակայն Մոսկվան այս հարցում ձեռնպահ է մնում Անկարային քննադատելուց։ Ավելին, Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը Թուրքիայի հետ հարաբերություններն անվանում է ‘’գերազանց հարաբերություններ’’: Վերլուծաբաններն ասում են, թե այն փաստը, որ Թուրքիան հրաժարվում է զարկ տալ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, Մոսկվային ստիպում է ավելի մեծ զբուշավորություն ցուցաբերել Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում:

Ռուսաստանն անցյալում Սիրիայում ռազմական իր ներկայությունը կիրառում էր որպես Թուրքիայի վրա ազդեցության լծակ, ինչը սպառնում էր դեպի Թուրքիա Սիրիայից փախստականների նոր արտահոսքով:

Վերլուծաբաններն ասում են, որ Պուտինն այդ օրերին առավելություն ուներ Էրդողանի հետ հարաբերություններում, սակայն ուկրաինական պատերազմը ‘’փոխում է կշռաքարերը’’:

‘Atlantic Council’’ վերլուծական կենտրոնի փորձագետներից Ասլի Այթընթասբասի խոսքերով, Թուրքիան այժմ ավելի մեծ ասելիք ունի: ‘’Եվ ռուսները ցանկանում են Թուրքիային պահել կիսա-չեզոք կարգավիճակում’’, ասում է նա:

Ստամբուլի ափերով հաճախ անցնող ռուսական ռազմանավերի տեսարանն այժմ անցյալում է, քանի որ Թուրքիան արգելում է Ռուսաստանի մուտքը Սև ծով, ինչը ոչ միայն բարդացնում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ներխուժումը, այլև վերացնում է նախկինում Ռուսաստանի առավելությունը, եւ ռուս-թուրքական հարաբերություններում հաստատվում է հավասարակշռություն:

XS
SM
MD
LG